Մենք արդեն ազգային սովորություն ենք դարձրել մեր սխալներից դասեր չքաղելը։ Եվ դարեր շարունակ դա հանգեցրել է նոր ողբերգությունների։
Առաջին Արցախյան պատերազմում 7 հազարից ավելի հայ մարտիկների և հարյուրավոր, հազարավոր խաղաղ բնակիչների կյանքի ու արյան գնով ձեռք բերած հաղթանակը փոշիացրինք Բիշքեկյան խայտառակ համաձայնագրով, որն այնուհետև պատճառ դարձավ հազարավոր երիտասարդ նոր կյանքերի, ջահել-ջիվան նոր արևների խավարման...
Այդ նույն սխալն այլևս չպիտի կրկնենք։ Մարտի դաշտում ձեռք բերած հաղթանակը կրկին չպիտի փոշիացնենք դիվանագիտական դաշտում՝ բանակցային սեղանի շուրջ։
Քանի որ որոշ լրատվամիջոցում արդեն երազում են նման բանակցություններին մասնակցելու մասին և արդեն այդ մասին խմբագրական են տպագրել, ուզում եմ քաղաքացու իմ խոսքը հայտնել այդ կապակցությամբ։
Արդեն պիտի մտածել և հստակ որոշել, թե ով է մասնակցելու բանակցություններին։ Այն բանակցություններին, որի համար պարտավոր ենք հայոց բանակին և շարքային քաղաքացիներին, որոնց զավակները երիցս, բազմիցս ուժեղ թշնամուն 4-5 օրում ջարդել են կյանքի ու արյան գնով։ Իսկ մինչ այդ պիտի նշել, թե հատկապես ովքեր չպիտի մասնակցեն և մի նոր «բիշքեկ» կապեն մեր ժողովրդի գլխին։
Ոչ մի «թավիշ» չպիտի ներկա լինի այդ գործընթացին, ո՛չ «բոլոր երեք կողմերի համար ընդունելի լուծում» քարոզողը, ո՛չ տիկին արտգործնախարարն իր խղճուկ պահվածքով և ողորմելի դիվանագիտական պաշարով։
Քանի որ պատերազմը փաստացի սկսվել է հենց Արցախի դեմ, պարտադիր պիտի մասնակցի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախի Պաշտպանության նախարարի հետ և պարտադիր պիտի մասնակցի ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ իր ընտրած անկոտրում, տղամարդ գեներալներից մի քանիսի հետ (ես չգիտեմ, թե յուրաքանչյուր պատվիրակությունից քանի հոգի պիտի մասնակցեն)։
Ի դեպ, հիշեք, թե չեչեն Յանդարբիևն ինչպես էր զրուցում և իրեն պահում Ելցինի հետ բանակցելու ժամանակ։ Այդ կադրերը համացանցում կան։ Մեզ նման ՏՂԱՄԱՐԴԻԿ են պետք՝ հակառակորդի, թշնամու և բարեկամների ու չեզոքների դիմակի տակ թաքնված գայլերի հետ բանակցելու համար։
Ոչ մի անհավասարակշիռ արարած, ոչ մի դատարկ ճղճղան, ոչ մի վերգո կամ նազար չպիտի տեղ ունենա մեր պատվիրակության կազմում...
Հ.Գ. - Գուցե ժամանակից առաջ եմ անցել այս գրառմամբ։ Բայց քանի որ, ինչպես վերևում գրել եմ, արդեն մի ոչ անհայտ լրատվամիջոց գրել է այդ մասին, ես այս գրառումը կատարեցի։ Նաև այն պատճառով, որ այդ մասին ժամանակ ունենանք մտածելու և որոշելու։ Այլապես մի նոր խայտառակ «բիշքեկ» են մեր գլխին կապելու...