f

Անկախ

Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության «Հատուկ հարցազրույց» (Special Interview) ծրագրին.

Հարց- Պարոն նախագահ, ցանկանում եմ սկսել հարցազրույցը Ձեր վերջին դիրքորոշումից, որտեղ նախազգուշացրել էիք, որ Կովկասը կարող է դառնալ մեկ այլ Սիրիա, եթե չդադարեցվեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Ինչո՞ւ եք այդպես խորապես մտահոգված:

- Կարծում եմ՝ պետք է ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմական պատկերը: Պատմության տեսանկյունից պետք է նայել, թե որտեղ է Լեռնային Ղարաբաղը գտնվում, ինչ է Լեռնային Ղարաբաղը: Սա պատմական Հայաստանի մի մաս է, որտեղ հայերը բնակություն են հաստատել հարյուրավոր, հազարավոր տարիներ: Միայն խորհրդային ժամանակահատվածում Ստալինն այս տարածքը հանձնեց Ադրբեջանին: Ստալինը «բաժանիր, որ տիրես» սկզբունքի մեծ վարպետ էր և խնդիրներ ստեղծեց խորհրդային բոլոր երկրների՝ Վրաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների միջև:

Հարց- Կներեք, պարոն նախագահ, այս պատմական ակնարկը կարևոր է, սակայն այսօր մենք ունենք հակամարտություն, որը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի:

- Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1991 թվականին հստակորեն արտահայտեց իր ցանկությունը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում, որտեղ բնակչության բացարձակ մեծամասնությունը դարեր շարունակ հայեր էին, դառնալու անկախ պետություն: Սակայն ժողովրդի կամքը հարգելու փոխարեն Ադրբեջանը որոշեց կռվել նրանց դեմ, ուղարկեց բանակ, և պատերազմ սկսվեց անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղի հայերի ու Ադրբեջանի միջև: Առաջին պատերազմն ավարտվեց 1994 թվականի հրադադարով: Դրանից հետո միջազգային հեղինակավոր կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ն, ստեղծեց երկխոսության հարթակ՝ Մինսկի խումբը, որը համանախագահում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը: Այս ընթացքում վարվել են բանակցություններ՝ երբեմն հաջող, երբեմն ոչ այնքան, սակայն այս բանակցությունների թիրախում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն էր:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց, որ իրենք այլևս չեն շարունակելու երկխոսության և խաղաղ կարգավորման որոնման այս ուղին և խնդիրը պետք է լուծեն ուժի միջոցով: Ադրբեջանի կողմից ԼՂՀ առաջնագիծ ուղարկվեցին զինվորականներ: Հրետակոծությունը շարունակվեց նաև քաղաքացիական բնակչությամբ բնակեցված վայրերի վրա:

Հարց- Պարոն նախագահ, Դուք այսօր պատրա՞ստ եք խնդրի խաղաղ կարգավորման:

Այսօր իրավիճակը փոխվել է այն պատճառով, որ ներգրավված է Թուրքիան, և ներգրավված է ուղղակիորեն՝ գեներալներով, սպաներով, խորհրդատուներով, Սիրիայից բերված վարձկաններով: Նրանք նաև օգտագործում են թուրքական արտադրության դրոններ, F-16 կործանիչներ: Միջազգայնորեն սա կարող է մեկնաբանվել որպես էթնիկ զտում: Ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ուներ խնդիրը խաղաղ կարգավորելու համար մեխանիզմ՝ բանակցությունները: Սակայն այն պահից, ինչ Թուրքիան ներգրավվեց...

Հարց- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստանի զինվորները կռվում են Լեռնային Ղարաբաղի հայերի հետ միասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

- Նրանք հայեր են և չեն կարող թույլ տալ, որ մեկ այլ ցեղասպանություն տեղի ունենա՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց: Նրանք կամավորներ են, ովքեր եկել են աջակցելու իրենց հայրենակիցներին: Նրանք չեն եկել որևէ երրորդ երկրից, ինչպես Ադրբեջանի պարագայում է: Թուրքիան այժմ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կռվում և էթնիկ զտման մեջ:
Եթե կամավորներն օգնում են իրենց եղբայրների ու քույրերին, ապա այստեղ որևէ սխալ բան չկա:

Հարց- Այսինքն, Դուք ընդունում եք, որ կան հայ կռվողներ, ովքեր ոչ Հայաստանից են և ոչ էլ տարածաշրջանից: Սա Ձեզ համար բնակա՞ն է:

- Սա բացարձակ բնական է, քանի որ մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ: Սա բնական է, քանի որ յուրաքանչյուր հայ հիշում է, որ 105 տարի առաջ նույն Թուրքիան, որն այժմ ներգրավված է Լեռնային Ղարաբաղում, 1.5 մլն հայերի կոտորեց: Նույն Թուրքիան, որը հայերի էթնիկ զտումներ իրականացրեց Օսմանյան կայսրությունում և ստեղծեց սփյուռքը: Այս բոլոր մարդիկ հիշում են սա: Մենք՝ որպես ազգ, և մեր բարեկամները ոչ մի դեպքում չենք թույլ չեն տա, որ Ցեղասպանությունը կրկնվի:

Հարց- Լեռնային Ղարաբաղի նախագահն ասում է, որ ԼՂ-ում ներկայիս պատերազմը նաև պատերազմ է Իրանի դեմ: Համաձա՞յն եք սրա հետ:

- Դա Լեռնային Ղարաբաղի նախագահի մեկնաբանությունն է աշխարհաքաղաքական փոփոխություններին, որոնք տեղի կունենան, եթե այս պատերազմը չդադարեցվի:

Հարց- Ռուսաստանն առաջարկել է հանդես գալ միջնորդությամբ: Դուք բա՞ց եք ռուսական միջնորդության համար:

- Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահներն են:: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Իհարկե, մենք բաց ենք միջնորդության համար, և որքան շուտ այն սկսվի, այնքան լավ:

Դա միջնորդություն է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և նաև Հայաստանի միջև, իսկ թուրքական ներկայությունն ու ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն:

Հարց- Ի՞նչ հիմքով կամ պայմանով եք ընդունելու այս միջնորդությունը, քանի որ անգամ Հայաստանի վարչապետն է ասում, որ դուք պատրաստ չեք վերսկսել խաղաղության շուրջ բանակցությունները հիմա, քանի որ համապատասխան պայմաններ չկան: Իսկ Դուք հիմա ասում եք, թե բաց եք:

- Այստեղ չկա հակասություն իմ ասածի և կառավարության խոսքի միջև: Դուք ընդհանուր հարց եք տալիս՝ արդյո՞ք Հայաստանն ընդունում է Ռուսաստանի միջնորդությունը, եթե այն սկսի աշխատել: Պատասխանը այս է՝ սկզբունքայնորեն այո: Սակայն միջնորդությունը գործընթաց է, այն սկսվում է հատուկ միջնորդներով, ռազմական, քաղաքական գործիչների, արտգործնախարարությունների միջև կապերով, սակայն այդ գործընթացը դեռևս չի սկսվել: Պատասխանն է՝ այո, մենք պատրաստ ենք միջնորդության, հատկապես Ռուսաստանի կողմից, եթե նման միջնորդություն կազմակերպվի:

Հարց- Ռուսաստանը խոսե՞լ է այդ մասին...

- Հայաստանի տարբեր պետական մարմիններ ամեն օր կապի մեջ են ռուսական կողմի հետ, Հայաստանի արտգործնախարարը խոսում է Ռուսաստանի գործընկերոջ հետ: Քննարկումներ են տեղի ունենում կառավարությունների, վարչապետի մակարդակով: Քննարկումներ միշտ կան, սակայն դեռևս չկա հստակ ձևաչափ, որպեսզի մենք ասենք, թե կողմերի միջև միջնորդություն է սկսվել:

Հարց- Դուք Ռուսաստանի հետ կապված եք Հավաքական անվտանգության համաձայնագրով: Կարո՞ղ եք խնդրել Ռուսաստանի ռազմական աջակցությունն այս պատերազմում:

- Մենք ՀԱՊԿ անդամ ենք: Այն, Հայաստանից բացի, այլ անդամներ էլ ունի: Սակայն մինչ այժմ Հայաստանը չի դիմել կառույցին, թեպետ ունի դրա իրավունքը: Հուսով ենք, որ միջազգային ճնշումը մեր հարևանի, կամ ավելի ճիշտ կլինի ասել հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի վրա, կդադարեցնի այս էթնիկ զտումը, որ տեղի է ունենում ԼՂ-ում, և պատերազմը, որ տեղի է ունենում ԼՂՀ դեմ, ու մենք կարիք չենք ունենա դիմել այլ կառույցների կամ միջազգային կազմակերպությունների: Հուսով ենք, որ առողջ բանականությունն ու մարդկային տրամաբանությունը կգերակայեն:

Սակայն Հայաստանն իրավունք ունի դիմել կառույցի, որի մասն է: Մենք նաև հարց ենք բարձրացրել ՆԱՏՕ-ի ղեկավարությանը, քանի որ Թուրքիան, լինելով այդ կառույցի անդամ, իրականացնում է գործողություններ, որոնք դեմ են կազմակերպության ողջ փիլիսոփայությանը: Նրանք ներգրավված են մի հակամարտության մեջ, որտեղ ուղիղ/անմիջական հետաքրքրություն չունեն, թեպետ ձևացնում են, իբր կան PKK զինյալներ կամ սպառնալիք կա միջազգային էներգետիկ աղբյուրների նկատմամբ:

Հարց- Նշեցիք, որ իրավունք ունեք դիմել Ռուսաստանին ձեզ ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Իհարկե, Ռուսաստանի հետ ունեք ընդհանուր պաշտպանական պայմանագիր, ինչպես նաև ռուսական ռազմական կայան կա Հայաստանում: Ռուսաստանը կամք ցուցաբերե՞լ է՝ միջամտելու այս հակամարտությանը՝ դրա մասը կազմելու առումով:

-Ձեր հնչեցրած հարցն ավելի շատ ուղղված է Ռուսաստանի նախագահին, այլ ոչ թե ինձ: Ես Ձեր հարցերին պատասխանում եմ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ: Մենք ՀԱՊԿ անդամ ենք, որի անդամ է նաև Ռուսաստանը: Մենք հատուկ պայմանագրեր ունենք Ռուսաստանի Դաշնության հետ: Ինչպես արդեն նշեցի, պաշտոնապես չենք դիմել ո՛չ Ռուսաստանին և ո՛չ էլ ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրներին՝ մեզ օգնելու համար: Քանի դեռ չես դիմել նրանց, չես կարող ասել՝ նրանք պատրաստ են աջակցել, թե ոչ: Սակայն մենք ունենք պայմանագրեր: Մենք չենք ցանկանում լարել իրավիճակը: Մի բան շատ կարևոր է՝ մենք չենք ցանկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև եղած այս հակամարտության շուրջ գերլարվածություն ստեղծել: Այդ իսկ պատճառով, ինչպես նաև Դուք նշեցիք Ձեր խոսքում, եթե առճակատումն ավելի մեծ լարվածության հասնի, ապա Կովկասը կդառնա մեկ այլ Սիրիա: Այդ դեպքում թող Աստված մեզ պահապան լինի, թե ինչ կկատարվի ամբողջ տարածաշրջանում: Մենք փորձում ենք զսպել այս իրավիճակը: Այս ամենն անելու գործում կա մեկ կարևոր մաս՝ Թուրքիան: Եթե Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերի և քաղաքացիների վրա չուղարկի իր ԱԹՍ-ները և F-16-ը՝ կրակելով նրանց վրա, ապա ներկա պատերազմը որոշ ժամանակ անց որոշակի հանգուցալուծում կունենա: Հուսով ենք, որ կողմերը՝ ներառյալ Ադրբեջանը, կլսեն, թե մենք ինչ ենք ասում: Հաշվի առնելով, թե ինչ է հիմա կատարվում, եկեք վերադառնանք բանակցային սեղան, քանի որ այլընտրանք չկա: Այս խնդիրը ռազմական լուծում չունի: Եթե մենք չլսենք այս ուղերձը, ապա հազարավոր մարդիկ կմահանան: Իսկ ինչպիսի՞ն կլինի արդյունքը: Մեծ ողբերգություն երկու երկրների՝ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար:

Հարց-Մյուս կողմն ասում է՝ թող Հայաստանը դուրս գա այդ շրջանից, որը ճանաչված չէ, կա Ադրբեջանի ինքնիշխանության միջազգային ճանաչում: Ինչպե՞ս են հայերը արձագանքում այս հարցին, ո՞րն է ավարտը:

-Ճանաչման համար առաջին հերթին ժամանակ է պետք: Ճանաչման լավագույն ճանապարհը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի հետ երկխոսության միջոցով ի վերջո պետք է գա եզրահանգման, ըստ որի՝ երկու կողմերը կհամաձայնեն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հետագա հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագայի վերաբերյալ: Դա է ամենալավ ճանաչումը:

Այդպիսով, այս խնդրի լուծման հիմնական ուղին մեկ կամ երկու երկրի կողմից ճանաչումը չէ, որը, հնարավոր է, կօգնի, սակայն վերջնական լուծումը պետք է լինի Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բանակցությունների միջոցով: Երբ մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, մենք չպետք է մոռանանք, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմել միայն խորհրդային տարիներին, այն նախկինում երբեք Ադրբեջանի կազմում չի եղել: Այն Ադրբեջանին տվել է Ստալինը: Երբ խոսում եք ամբողջականության մասին, և եթե նկատի ունենք այն, ինչ Ստալինը ստեղծել է, ապա դա խորհրդային կայսրությանն էր: Մարդկանց կամարտահայտմամբ և երկխոսության շնորհիվ Միացյալ Թագավորությունում Շոտլանդիան որոշեց հանրաքվեի միջոցով արտահայտել անկախանալու իր ցանկությունը: Մեծ Բրիտանիան չասաց ոչ. նրանք թույլ տվեցին շոտլանդացիներին հանրաքվե անցկացնել: Եթե հանրաքվեն դրական լիներ, ապա Շոտլանդիան այսօր անկախ պետություն կլիներ, սակայն այն բացասական էր: Ինչո՞ւ Միացյալ Թագավորությունում, նախկին Հարավսլավիայի պետություններում, նորմալ մարդկային հասարակության դրսևորում եղավ, իսկ Լեռնային Ղարաբաղը, որի 90 տոկոսը դարերով բնակեցված է հայերով, երբ անկախության հանրաքվե անցկացրեց, Ադրբեջանը պատերազմ սկսեց, Թուրքիային ներգրավեց, սկսեցին կրակել մարդկանց վրա, մեկ այլ էթնիկական զտում իրականացնել: Կարո՞ղ եք դա բացատրել ինձ:

Հարց-Պարոն նախագահ, ակնկալո՞ւմ եք, որ Իրանը կներգավվի՞ այս խնդրում:

-Հույս ունեմ, որ այս ընթացող պատերազմում չի ներգրավվի ուրիշ որևէ այլ երկիր: Հույս ունեմ, որ Թուրքիան դուրս կգա այս խնդրից, և ոչ ոք այլևս չի միջամտի: Այդ իսկ պատճառով մենք ուրիշներին չենք դիմում: Յուրաքանչյուր նոր ներգրավում տասն անգամ ավելի շատ լարում կառաջացնի, և հակամարտությունը հնարավոր չի լինի կանգնեցնել: Իրանին, Ռուսաստանին կամ մյուսներին ներգրավվելու փոխարեն կցանկանայի տեսնել այս հակամարտությունից Թուրքիայի դուրս գալը:

Հարց- Ո՞ւմ եք դիմել, որ Թուրքիային դուրս մղի: Ո՞վ կցանկանա դուրս մղել Թուրքիային:

-Հորդորում եմ անում միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Յուրաքանչյուրը հասկանում է, որ այս հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավումն անհամաչափ, անհիմն է, բոլոր միջազգային օրենքներին և համաձայնագրերին դեմ է: Թուրքիայի ներգրավումը հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Այդ ամենի համար նրանք ունեն արդարացումներ, ինչպես այսօր են արդարանում, թե իբր պաշտպանում են միջազգային էներգետիկ խողովակաշարերը, PKK զինյալների մասին են խոսում, ինչն ուղղակի անհեթեթություն է: 1915 թվականին նրանք ասում էին, որ հայերը քրիստոնյա են, աջակցում են ռուսներին և այլն, և այլն:
Դրանք բոլորն արդարացումներ են, իսկ նպատակը շատ պարզ է՝ էթնիկ զտումներ անել, հայերին դուրս հանել այն հողից՝ Լեռնային Ղարաբաղից, որտեղ նրանք ապրել են հազարավոր տարիներ: Սա անընդունելի է: Մենք դիմում ենք միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, քանի որ Թուրքիան դարձել է մեծ բացասական գործոն այս հակամարտության մեջ, ինչը թույլ չի տա վերադառնալ նորմալ բանակցային սեղան: Ես բանակցված լուծման կողմնակիցն եմ, որովհետև ուրիշ լուծումներ չկան: Կա միայն մեկ մարդկային ճանապարհ խնդիրների լուծման համար, որը երկխոսությունն է:

Հարց- Հնարավո՞ր է երկխոսությունը սկսել հիմա՝ հաշվի առնելով իրավիճակը: Հնարավոր կլինի՞ առանց փոփոխությունների, հրադադարի հաստատման սկսել երկխոսություն: Դա ընդունելի՞ է Ձեզ համար:

-Դուք ասում եք, թե արդյո՞ք հնարավոր է հիմա երկխոսություն սկսել, երբ F-16 -երը սպանում են կանանց և տղամարդկանց՝ հրթիռակոծելով գյուղեր և քաղաքներ: Ինչպե՞ս կարող ես բանակցություններ սկսել, երբ Թուրքիան, որն այս հակամարտության մասը չէ, կրակում է Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վրա: Բացատրեք ինձ՝ ինչպե՞ս է հնարավոր նման բան: Առաջին հերթին Թուրքիան պետք է դուրս բերվի այս հակամարտությունից, նրանք այս խնդրի մասը չպետք է լինեն: Այնուհետև, ադրբեջանական կողմը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պետք է որոշեն, թե երբ պետք է ռազմական գործողությունները դադարեցվեն, և գնան դեպի բանակցությունների սեղան: Բոլորին հորդորում եմ դա անել որքան հնարավոր է շուտ: Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը:

Հարց-Թուրքիան մինչև հիմա ժխտում է, որ ուղղակի աջակցություն է ցուցաբերում, ասում է, որ աջակցում է ադրբեջանցիներին և ժխտում է ուղղակի միջամտությունը այս խնդրում: Ի՞նչ եք մտածում այս մասին:

Նրանք ճիշտ չեն ասում: Թուրքիան նույնն է անում Սիրիայի, Լիբիայի, Իրաքի դեպքում: Հիշում եմ ամերիկացի մեծագույն նախագահներից մեկի խոսքը, որն ասում էր, որ կարող եք հիմարացնել բոլորին ինչ-որ ժամանակ, կարող եք ինչ-որ մարդկանց հիմարացնել երկար ժամանակ, բայց չեք կարող բոլոր մարդկանց մշտապես հիմարացնել: Թուրքիան հիմարացնում է միջազգային հանրությանը:

Հարց- Թուրքիան միջամտում է Սիրիայի խնդրին, և դա հայտարարվել է՝ որ Էրդողանը թիրախավորել է...

-Թուրքիան միջամտում է Լեռնային Ղարաբաղի հարցին և ձևացնում է, որ այդպես չի անում: Հարյուր հազարավոր փաստարկներ կան, թե ինչպես են թուրքական ԱԹՍ-ները ներգրավված, թե ինչպես է թուրքական ռազմական տեխնիկան հայտնվել Ադրբեջանում, և թե ինչպես է F-16-ը կրակում Լեռնային Ղարաբաղի վրա: Թուրքիան ասում է այլ բան, սակայն ես ասում եմ սա: Դուք ընտրեք այն, ինչ նախընտրում եք: Խաղաղ բնակիչներ են մահանում այն կրակոցներից, որոնք գալիս են Լեռնային Ղարաբաղի հակառակ կողմից՝ Ադրբեջանի կողմից, որտեղ Թուրքիան ամբողջությամբ ներգրավված է: Իմ հարցը շատ պարզ է՝ ինչո՞ւ է Թուրքիան որոշել ներգրավվել այս խնդրում: Չէ՞ր կարող Ադրբեջանը, որն շատ ավելի մեծ է, քան Լեռնային Ղարաբաղը, այս գործը գլուխ բերել: Ինչու՞ Թուրքիան որոշեց միջամտել այս արյունալի պատերազմին, որը մարդկանց է սպանում: Նրանք ասում են, որ միջազգային էներգետիկ խողովակաշարերի համար սպառնալիք կա, ինչն ուղղակի անհեթեթություն է: Եթե հայերը ցանկանային կրակել միջազգային էներգետիկ խողովակաշարերի վրա, նրանք դա կանեին 20 տարի առաջ, երբ սկսում էին կառուցել դրանք: Սակայն այդ խողովակաշարերն այնտեղ են 20 տարի շարունակ, և Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է վաստակել, որոնք օգտագործել է զենք գնելու և Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ օգտագործելու համար: Ասել, որ հայերն այսօր մտածում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին հարվածելու մասին, սխալ է և սուտ:

Շնորհակալություն մեզ միանալու համար:

հարցազրույց Արցախ

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին