f

Անկախ

Եթե մենք ադրբեջանական կողմին թույլ տանք էթնիկական զտումներ իրականացնել, ապա կկատարվի այն, ինչ եղավ Օսմանյան կայսրությունում 1915-ին. Արմեն Սարգսյան


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի արաբական խմբագրությանը.

Հարց- Պարոն նախագահ, Մենք կխոսենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին: Այս ամենը կարո՞ղ եք մեկնաբանել որպես լայնամասշտաբ պատերազմ:

- Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների ողջ երկայնքով սկսեց հրետակոծել և ռմբակոծել ոչ միայն սահմանը, այլև ավելի խորը՝ այդ թվում՝ դպրոցներ և այլն: Մեծ թվով քաղաքացիական անձինք վիրավորվեցին՝ տատիկներից մինչև փոքր երեխաներ, ոչնչացվել են տարբեր շինություններ, ամեն օր հսկայական վնասներ են հասցվում: Եվ այսքանից հետո ես թողնում եմ Ձեզ որոշելու՝ սա լայնամասշտաբ պատերա՞զմ է, թե՞ ոչ:

Հայկական կողմը չի սկսել այս ամենը, ընդ որում, հայկական կողմն այս պարագայում Հայաստանի Հանրապետությունը չէ, այլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Արցախը: Սա մի փոքր երկիր է 150 հազար բնակչությամբ, որն այստեղ է հազարավոր տարիներ: Իոսիֆ Ստալինի կողմից նրան պարտադրվել է լինել Խորհրդային Ադրբեջանի մաս: Խորհրդային Միության փլուզման ժամանակ ժողովուրդը որոշեց, որ իրենք են սեփական ճակատագիրը տնօրինողները, քանի որ Լեռնային Ղարաբաղում բնակչության ավելի քան 90 տոկոսը հայեր էին: Նրանք հանրաքվեի միջոցով վճռեցին ապրել անկախ պետությունում:

Մյուս կողմից՝ Ադրբեջանն է, որն ունի ֆինանսներ և ուժ, 10 մլն բնակչություն և Թուրքիայի նման բարեկամ: Նրանք փորձում են ստիպել հայերին լքել այն տարածքը, որտեղ հայերը պատմականորեն ապրել են դեռևս այն ժամանակներից ի վեր, երբ Ադրբեջանը որպես պետություն գոյություն չուներ: Իմ բառապաշարում սա կոչվում է էթնիկ զտում՝ ստիպել մարդկանց հեռանալ միայն այն պատճառով, որ նրանք այլ էթնիկ պատկանելություն ունեն, չեն համապատասխանում այս կամ այն որակավորմանը: Արդյո՞ք դա լայնամասշտաբ պատերազմ է, թե ոչ: Կարծում եմ՝ այո: Սա արյունահեղ պատերազմ է, փոքրաթիվ, բայց հպարտ ժողովրդի պատերազմ: Ժողովուրդ, որն ապացուցել է, որ կարող է կռվել և երբեք չի կարող պարտվել: Նրանք այն ժամանակ հաղթեցին Ադրբեջանի դեմ պատերազմում: Չգիտեմ, թե ինչու է Ադրբեջանը բանակցելու և միջազգային բանակցությունների սեղանի փոխարեն որոշել խնդիրը լուծել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի էթնիկ զտման միջոցով:

Հարց- Ինչպե՞ս եք դուք վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարմանը:

- ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին 26 տարիներին՝ 1994 թվականի հրադադարից հետո հսկայական և շատ կարևոր դերակատարում է ունեցել: Նախ և առաջ, այն մեծ հարգանք վայելող միջազգային կազմակերպություն է երեք համանախագահներով՝ Ռուսաստան, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ: Նրանք տքնաջան աշխատում են երկու կողմերի հետ՝ խնդիրը վերջնական դիվանագիտական կամ քաղաքական լուծման հանգեցնելու համար: Ուստի ես շատ բարձր եմ գնահատում նրանց աշխատանքը: Իհարկե, ցանկացած բանակցություն այս աշխարհում՝ քաղաքական, ռազմական, թե բիզնես բանակցություն, չես կարող մշտապես ծրագրել, որ հաջող անցնի, և կկարողանաս հասնել նպատակիդ: Բանակցություններում լինում են վերելքներ ու վայրէջքներ: Սակայն այս բանակցություններում պետք է լինել համբերատար: Երբեմն քեզ բավարարում է բանակցությունների մի կողմը, երբեմն էլ՝ ոչ, երբեմն մտածում ես, թե կորցնում ես և՝ հակառակը: Պետք է բանակցությունները վերջնական ավարտին հասցնել վերջնական փաստաթղթի միջոցով, ստորագրել այն, ու դրանից հետո էլ մեծ ջանքեր գործադրել, որ ստորագրածը կյանքի կոչվի:

Բացարձակ ոչ մարդկային և ոչ նորմալ ձև է՝ լքել բանակցությունների սեղանը և փորձել լուծել խնդիրը ռազմական ուժի միջոցով:

Հարց- Դուք շատ լավ խոսեցիք և բարձր գնահատեցիք ԵԱՀԿ-ն, սակայն դուք շարունակում եք մերժել Ռուսաստանի նախաձեռնությունը՝ վերջացնելու այս լարվածությունը:

- Չգիտեմ, թե ով է Ձեզ այդ միտքը տվել, այդ միտքը ճիշտ չէ: Ռուսաստանը դիմել է երկու կողմերին միջադեպերը դադարեցնելու և հրադադարի համար, ինչը նորմալ է: Սակայն չկա որևէ մեխանիզմ: Որևէ ռազմական գործողություն կամ պատերազմ դադարեցնելու համար պետք է ունենաս հստակ մեխանիզմներ: Սա բարդ գործընթաց է: Սա՝ մեկ: Այն դեռևս գործողության մեջ չէ:

Ոչ միայն Ռուսաստանը, այլև Միացյալ Նահանգները, ԵՄ-ն, Ֆրանսիան, շատ երկրներ են դիմել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, Հայաստան ասելով նկատի ունեմ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին՝ դադարեցնելու պատերազմը: Սակայն դադարեցնելու համար պետք է ճնշում գործադրել ագրեսորի վրա, այս դեպքում՝ այս ռազմական գործողությունները և պատերազմը սկսել է Ադրբեջանը, ոչ թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը․ նա որևէ ցանկություն չունի ևս մեկ պատերազմ սկսելու: Ճիշտ չէ դիմել երկու կողմերին, քանի որ Ադրբեջանն է սկսել պատերազմը, և ճնշումը պետք է գործադրել նրանց վրա՝ պատերազմը դադարեցնելու համար: Այն պահին, երբ նրանք դադարեցնեն, հայկական կողմը ևս դա կանի:

Հարց- Թուրքիան ասել է, որ կաջակցի Ադրբեջանին: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանը ևս կփորձի արտաքին ռազմական աջակցություն փնտրել:

-Կրկին ուզում եմ ընդգծել՝ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հայերի հետ է, Հայաստանի հետ չէ: Թուրքիան աջակցում է Ադրբեջանին: Անկեղծ ասած, շատ կցանկանայի, որ Թուրքիան Ադրբեջանին աջակցի կրթության, մշակույթի, գիտության, տեխնոլոգիաների, հարաբերություններ կառուցելու ոլորտներում: Կցանկանայի, որ Թուրքիան հիշի իր պատմությունը, փորձի ճանաչել այն, որ 105 տարի առաջ Օսմանյան կայսրության վերջին Հայոց ցեղասպանություն տեղի ունեցավ: Փորձի հարաբերություններ ձևավորել կամ դրանք բարելավել Հայաստանի հետ: Այդ ամենն անելու փոխարեն նրանք ուղղակի հրաժարվում են ընդունել, որ ցեղասպանություն է տեղի ունեցել: Քանի որ նրանք դա ժխտում են, մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք: Թուրքիան ոչ թե աջակցում է Ադրբեջանին, այլ դարձել է հակամարտության մաս, քանի որ նրանք ռազմական տեխնիկա, խորհրդականներ, ֆինանսներ, զենք են ուղարկել Ադրբեջան: Անշուշտ, ինչպես միշտ, Թուրքիան փորձում է ինչ-որ առումով հիմարեցնել միջազգային հանրությանը: Դա շատ է արել` Սիրիայի, Իրաքի, Լիբիայի դեպքում, և մշտապես պատմել է PKK մարտիկների պատմությունը: Մեր դեպքում ասում են, թե իրենք այնտեղ են, որպեսզի պաշտպանեն միջազգային էներգետիկ սահմանը: Սա ամբողջովին անհեթեթություն է: Այս միջազգային էներգետիկ խողովակաշարերը, որը Բաքվից Ջեյհան են հասնում, կառուցվել են 20 տարի առաջ: Եթե Լեռնային Ղարաբաղի հայերը կամ Հայաստանը ցանկանային դրանց ուղղությամբ կրակել, ապա դա կանեին 20 տարի առաջ, այլ ոչ թե հիմա: Եթե մենք 20 տարի առաջ այդ գազատարի շահագործումը դադարեցնեինք, ապա Ադրբեջանը հաջորդ 20 տարիներին միլիարդավոր դոլարներ չէր վաստակի և զինամթերք չէր գնի ու կրակի հայերի վրա՝ սպանելով նրանց: Սակայն մենք դա չարեցինք: Լեռնային Ղարաբաղի հայերը չկրակեցին այդ գազատարի վրա, քանի որ մենք հարգում ենք միջազգային օրենքները:

Սա հակամարտություն է Ադրբեջանի և հայերի միջև, որոնք մտածում են, որ ինքնորոշման իրավունք ունեն, ճիշտ այնպես, ինչպես ունեն մնացած բոլոր ազգերը, ինչպես նախկին Հարավսլավիայի պետությունները, Շոտլանդիան: Լեռնային Ղարաբաղի հայերն ասում են, որ օրենքի համաձայն հանրաքվե են անցկացրել: Այս ամենին Ադրբեջանի պատասխանը միջնադարյան պատասխան է՝ պատերազմ, փոխանակ լիներ այդ մարդկանց կամքը հարգելը:

Հարց- Ինչպիսի՞ ապագա եք տեսնում: Ինչպե՞ս է Հայաստանը կապված Լեռնային Ղարաբաղի հետ, պատասխանատվություն ունե՞ք նրանց նկատմամբ:

Իհարկե: Եթե Թուրքիան ասում է, որ որոշակի էթնիկ կապեր ունի Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղում ապրում են նույն հայերը. պատմականորեն Հայաստանն ավելի մեծ է եղել: Նրանք հայեր են, որոնք ապրում են այնտեղ հազարավոր տարիներ: Ոչ միայն Հայաստանում ապրող հայերը, այլ ամբողջ աշխարհի հայերը պատասխանատվություն ունեն, քանի որ եթե մենք ադրբեջանական կողմին թույլ տանք էթնիկական զտումներ իրականացնել, ապա կկատարվի այն, ինչ եղավ Օսմանյան կայսրությունում 1915-ին, երբ հայերն ուղղակի ոչնչացվեցին և քշվեցին իրենց պատմական հայրենիքից: Նրանց տները, եկեղեցիները, քաղաքները ոչնչացվել են, և չկա հայկական մշակույթ: Ոչ միայն 1,5 միլիոն մարդ է մահացել, այլ նաև հսկայական մշակութային ժառանգություն, մշակույթ է ոչնչացվել: Կարո՞ղ ենք արդյոք թույլ տալ, որ այդ պատմությունը նորից կրկնվի:

Հարց- Կընդունե՞ք արդյոք ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը հրադադարի մասին:

Այդ հարցը 26 տարվա պատմություն ունի: Մշտապես քննարկվել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության հարցը: Սակայն երկու կողմերը 26 տարվա ընթացքում քիչ թե շատ հասցրել են ապրել հրադադարի պայմաններում, որը մի քանի առիթներով խախտվել է: Երկու կողմերն ընդունակ են նստել և բանակցել: Եթե դա չլիներ, կասեի, որ բանակցել հնարավոր չէ, Ռուսաստանին կամ այլ ուժերին կասեինք՝ եկեք կանգնենք նրանց միջև: Այս պահին կա միջազգայնորեն ճանաչված կազմակերպություն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Կա նաև ՄԱԿ-ը: Եթե այս կազմակերպությունները հանդես գան առաջարկներով, ապա առաջին հերթին պետք է դիմեն ադրբեջանական կողմին, որը վերսկսել է այս ռազմական գործողությունները: Հայերը նույնիսկ չեն էլ մտածել նման գործողություներ սկսելու մասին: Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում սեպտեմբերի 27-ին ոչ ոք չէր մտածում Ադրբեջանի հետ պատերազմելու մասին: Այդպիսով, եթե ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան, ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, հայերը կլինեն առաջինը, որ կհամաձայնեն դրա հետ:

-Շնորհակալություն, պարոն նախագահ։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ավելին
Ավելին