ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի վերաբերյալ այսօր կարծիքների բացառիկ միասնություն է ցուցաբերում: Գրում է Gazeta.ru-ն:
«Պետք է ընդծել, որ միջազգային հանրությունը ժամանակակից պայմաններում շատ հազվադեպ է համախմբման հնարավորություն և ուժ գտնում: Այս անգամ և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, և պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հասարակական գործիչների հայտարարությունները՝ բոլորը գրված են, լավ իմաստով, կրկնօրինակի նման: Դա ուրախացնում է», - ասել է նա:
Զախարովան նշել է, որ «այս արդեն բավական երկար ձգվող խնդիրը լուծելու համար» միջազգային հանրությունը կողմերին անհապաղ հրադադարի, քաղաքական և դիվանագիտական ջանքերի ու բանակցությունների սեղանի շուրջ երկխոսության կոչով է դիմել։ «Քաղաքական-դիվանագիտական, խաղաղ լուծումից բացի այլ տարբերակ չկա, դա հաստատված է տարիների ընթացքում կուտակված համապատասխան փաստաթղթային բազայում», - ընդգծել է նա: