Մեզ մոտ քննարկվում են տարբեր սցենարներ, որոնք վերաբերում են գործողությունների համարժեքությանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Հետեւաբար, ըստ անհրաժեշտության կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը, որոնք կներկայացվեն հանրությանը: Բոլոր քայլերը վերաբերում են Հայաստանի, Արցախի շահերից բխող գործողություններին: Այո, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման դեպքում մեր քաղաքական համարժեք արձագանքին»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է դիմել ՀԱՊԿ-ին՝ հաշվի առնելով, որ հարձակում կա նաեւ Հայաստանի տարածքի վրա, Մակունցն արձագանքեց. «ՀԱՊԿ-ին դիմելու հարցը ԱԺ տիրույթից դուրս է, այն ինչ մեր լիազորությունների շրջանակում է, շփումները մեր միջազգային գործընկերների հետ, բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են թե պատգամավորների, թե պատվիրակությունների, թե բարեկամական խմբերի հետ: Այն ուղերձները, որ մշակել ենք, բոլոր կապուղիներով՝ պաշտոնական կամ անձնական, հասցնում ենք մեր գործընկենրենրին հնարավորինս բաց եւ ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու համար»:
Նրա խոսքով, մեր խնդիրն է ամբողջ աշխարհին իրազեկել տեղի ունեցածի մասին, որպեսզի աշխարհը չստանա միակողմանի տեղեկատվություն տարածաշրջանում զարգացումների հետ կապված. «Հիշեցնել նաեւ հուլիսին տեղի ունեցած Տավուշի մարտերի մասին, որտեղ ակնհյատ է սդառնում, թե ինչ նպատակ ունի Ադրբեջանը:
Այստեղ կարեւոր է արձանագրել, որ սա զուտ տարածքային վեճ չէ Ադրբեջանի համար, այստեղ ոչ միայն Իլհամ Ալիեւի՝ իշխանությունը պահելու աղիողորմ ջիգերն են, այստեղ նաեւ խնդիր է դրված էթնիկ ատելության հիմքով ոչնչացնել հայկական ծագում ունեցող անձանց»: