Այսօր՝ փետրվարի 17-ին, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ լրագրող, գրող Վահան Իշխանյանն ասաց, որ երբ ՍԴ դատավորներին հեռացնելու հարցը դրվեց հանրաքվեի, ամենաանհանգստացած համայնքը փաստաբաններնն էին:
«Անհանգստացած էին, որովհետեւ եթե «այո»-ն հաղթեց, Հայաստանում վերանում է իրավական պետությունը, իսկ եթե իրավական պետությունը վերանում է, դատարանը՝ որպես անկախ մարմին, գոյություն չի ունենում: Փաստաբանի գործը վերածվում է զրոյի: Փաստաբանն իր գործունեությունը չի կարողանալու իրականացնել, քանի որ դատարանն ամբողջությամբ կախված է լինելու վերին իշխանությունից»,-ասաց Իշխանյանը՝ նշելով, թե նույն իրավիճակը վերաբերում է նաեւ խոսքի ազատությանը եւ լրատվամիջոցներին:
«Եթե դատարանները բիրտ ձևով պետք է կախվեն իշխանություններից, իսկ այս հանրաքվեն միայն դրա համար է, ուրեմն շատ չարագուշակ օրեր են սպասվում Հայաստանին: Այն ինչ այստեղ քննարկվում է, դրանք ընդամենը ծաղիկներն են նրա, թե ինչ է լինելու Հայաստանում»,-նշեց նա:
Իշխանյանը մեջբերեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր եղած ժամանակ ասված խոսքը. «Այսօր հաճախ է խոսվում լրագրողական էթիկայի մասին, այդ էթիկան մեզ չի վերաբերում, մեզ վրա չի տարածվում, մենք ազատ մարդիկ ենք, եւ ինքներս ենք որոշում էթիկայի սահմանները»,-ասել է Փաշինյանը:
Իշխանյանն ընդգծեց՝ յուրաքանչյուր բնագավառ, մասնագիտություն առաջնորդվում է էթիկայի կանոններով: «Լրագրությունը՝ որպես մասնագիտություն, առանց էթիկայի ուղղակի գոյություն չունի: Եթե էթիկան հանում ես լրատվությունից, լրագրությունը փլվում է, որովհետեւ լրատվության առաքելությունը ճմարտությունն ասելն է, իսկ ճշմարտությունը էթիկական խնդիր է:
Թերթի աշխատանքն արդյունավետ է, եթե համակարգվածության մեջ է երկրի մյուս լրատվամիջոցների հետ: Եթե որեւէ թեթրի էթիկային չի հետեւում եւ անընդհատ սուտ քարոզչություն է անում, մյուս թերթերն ինչքան էլ պրոֆեսիոնալ աշխատեն, դա արդյունք չի տալիս: Էթիկայի կանոնների մեջ է մտնում նաեւ ատելության քարոզը, աղբյուրը չբացահայտելը: Այդ իմաստով լրագրողները եւ իրար հսկում են, եւ իրար պաշտպանում են»,-նշեց հրապարակախոսը:
Նա կոչ արեց ստեղծել լրագրողական մի կազմակերպություն, որը կվերահսկի լրագրողների եւ լրատվամիջոցների աշխատանքը, կարձանագրի խախտումները, էթիկայի խախտումներ թույլ տվող լրագրողներին կհեռացնի իր շարքերից:
Իշխանյանը կարծիք հայտնեց նաեւ, որ թեպետ Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի անկախության ընթացքում այս կամ այն չափով իշխանություններից կախված է եղել, բայց այժմյան ձեւն ահավոր է:
«Այսինքն անմեղության կանխավարկածի խախտում, որը տեսաք Հրայր Թովմասյանին վերաբերող ռեպորտաժում, բացահայտ սուտ հաղորդումներ են լինում»,-ասաց նա: