Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին /Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Հարգելի ընկերներ,
Եթե ով հիշում է, ս.թ. մարտի 17-ին «Փակ Շուկայի» տարածքում պատահական հանդիպեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և երկխոսության ընթացքում խնդրեցի հանդիպում ՁԻԱՀ-ի կենտրոնի մի խումբ մասնագետների հետ: Հանդիպման վերջում պարոն Փաշինյանը խոստացավ, որ 6 ամիս հետո կհանդիպի և կլսի մեզ:
Օրերս անցավ 6 ամիս, ինչ ես ստացա այդ խոստումը, ուստի որոշեցի հիշեցնեմ պարոն Փաշինյանին դրա մասին:
Իսկ թե ինչու ցանկացա կիսվեմ և հրապարակեմ դա նաև այս հարթակում, ընթացքում կբացատրեմ: Կաշխատեմ շատ չձանձրացնեմ:
Իմ կարծիքով այս գրառումս նաև օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր մոտակա ժամանակներում (այսինքն չգիտեմ, թե ինչքան մոտակա, թե հեռակա) կուզենան քաղաքակիրթ և վստահելի ձևով դիմեն ՀՀ կառավարություն իրենց հուզող հարցով և որոնց կհետաքրքրի այդ պրոցեսի հետ կապված ներկայիս իրավիճակը:
Այսպիսով:
Երբ սկսեցի զբաղվել դրանով, պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ գործ չի:
Սկզբից ես փորձեցի նամակս ուղարկեմ www.e-gov.am կամ www.e-request.am կայքերի միջոցով, որտեղ հանդիպեցի մի կարգավորման, որից տեղեկացա, որ, որպեսզի պետական մարմինը նամակին տա ընթացք, անհրաժեշտ է, որ նա հավաստված լինի դիմողի էլեկտրոնային ստորագրությամբ, հակառակ դեպքում նամակը չի հավաստում, որ ուղարկվել է հենց ձեր կողմից, և պետական մարմինը իրավասու է դրան ընթացք չտալ կամ պահանջել լրացուցիչ հավաստում։ Դե դա հասկանալի է՝ որպեսզի բացառվեն անանուն կամ կեղծ նամակ-դիմումները:
Ինչպես հայտնի է, էլեկտրոնային ստորագրություն ստանալը մի գործընթաց է, որը պահանջում է մի շարք գործողություններ՝ այցելություն համապատասխան գրասենյակ, վճարումներ, սպասարման վարձեր, նույնականացման քարտի առկայություն, նույնականացման քարտ կարդացող սարք և այլն: Համարելով, որ մեկ նամակ ուղարկելու համար նպատակահարմար չէ անցնել այդ բոլոր փուլերը, որոշեցի նամակը հանձնել թղթային ձևով: Սակայն, այցելելով ՀՀ կառավարության դիմումների ընդունարան, հանդպեցի փակ դռան, որի վրա փակցված էր հայտարարություն, համաձայն որի, մեջբերում եմ՝ "համաճարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջանձնային շփումները նվազագույնի հասցնելու նպատակով ժամանակավոր դադարեցվում է քաղաքացիների ընդունելությունը և թղթային դիմումների ընդունումը: ՀՀ կառավարությանը և վարչապետին դիմումներ կարող եք հղել բացառապես էլեկտրոնային եղանակով www.e-request.am կայքի միջոցով":
Այ սա ինձ համար արդեն բացարձակ հասկանալի չէր: Ի՞նչ է, հնարավոր չի՞ կազմակերպել գրագետ, կազմակերպված հանձնման-ընդունման պրոցեդուրա, ինչպես դա արվում է հանրապետության հազարավոր բանկերում, խանութներում, տրանպորտում, ռեստորաններում, սրճարաններում.........՝ դրանց գործառույթներին համապատասխան: Թե՞, մի գուցե, կա մտավախություն, որ վիրուսը հնարավոր է փոխանցել թղթի միջոցով…… Եթե դա այդպես է, կփորձեմ չմեկնաբանել:
Ինչևիցե...
Հայտնվելով տարակուսելի իրավիճակի մեջ, մի կողմից չլինելով վստահ, որ չստորագրված նամակս կստանա ընթացք, իսկ մյուս կողմից չունենալով հնարավորություն հանձնելու թղթային տարբերակը, ստիպված որոշեցի e-gov.am-ով ուղարկեմ չստորագրված նամակ, իսկ այստեղ հրապարակեմ նամակս բաց ձևով, որպեսզի փորձեմ ձայնս դարձնել առավել հասանելի և ի ցույց դնել, որ ես անանուն կամ կեղծ դիմող չեմ:
Ի դեպ, ասեմ, որ նամակի մուտքագրման մասին ծանուցումը էլ․փոստով շատ արագ ստացա։ Սպասենք, տեսնենք ինչ ընթացք կստանա։
Ի լրումն, ստորև կցում եմ մարտ ամսվա ֆեյսբուքյան էջիս գրառմանս և վարչապետի հետ հանդիպման տեսանյութի հղումները:
( www.facebook.com/arshak.asmaryan/posts/3004186862979591 )
(http://www.youtube.com/watch?v=Q58R_JRUSeQ...):