2016 թվականի ապրիլին Երևանում Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի նախարարներն ու Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը ստորագրեցին քառակողմ էներգետիկ միջանցքի մասին պայմանագիրը:
Անցնող տարիների ընթացքում հաճախ է խոսվել չորս երկրների էլեկտրացանցերը միացնելու նախագծի իրագործման ու Հայաստանի համար դրա տնտեսական նշանակության մասին:
Թեմային 2019 թվականի փետրվարին Իրան կատարած ուղևորության ընթացքում կարևորությամբ անդրադարձավ նաև ՀՀ վարչապետը:
Հիմա պարզվում է, որ Իրանը գտել է իր էլեկտրացանցը Ռուսաստանի էլեկտրացանցին միացնելու ավելի կարճ ուղի, որն ինչպես կարելի է ենթադրել անցնում է Ադրբեջանի տարածքով:
Այս մասին իրանական ԻԼՆԱ լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Իրանի առևտրի պալատի էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Համիդռեզա Սալեհին:
Սալեհին նշել է, որ Իրանի ու Ռուսաստանի էլեկտրացանցերը հնարավոր է միացնել Հայաստանի ու Վրաստանի կամ Ադրբեջանի ցանցերի միջոցով ու քանի որ Ադրբեջանը գտնվում է ավելի մոտիկ դիրքում Իրանի կառավարությունը նպատակադրել է ցանցերը սինխրոնացնել ադրբեջանական ցանցի օգնությամբ: Հիշյալ պաշտոնատարը նաև տեղեկացրել է այդ կապակցությամբ նախնական բանակցությունների մասին: