f

Անկախ

Անկախությունը գերագույն արժեք է


30 տարի առաջ անկախությունը երազանք էր, այժմ՝ իրողություն
Հայաստանի անկախության մասին շատ սերունդներ են երազել։ Երբ 1980-ականների վերջին երկրում սկսվեց ազգային շարժում, քչերն էին պատկերացնում, թե ինչպիսին կլինի վերջնարդյունքը։
1988-ից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ եւ համակարգող, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության առաջին նախագահ (1989 թ.), ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ (1990-1991) Վազգեն Մանուկյանի համար այն ժամանակ էլ շատ մեծ էր հավանականությունը, որ այդ գործընթացը կբերի անկախության։ «Կային անկախության համար պայքարող մարդիկ, որոնք նստած էին բանտերում։ Անկախությունն անհույս էր թվում Խորհրդային Միության անսասան ժամանակաշրջանում, բայց Գորբաչովի կառավարման տարիներին, երբ սկսվեցին փոփոխությունները, արդեն կարելի էր ենթադրել, որ այս կամ այն ձեւով դա կբերի անկախության»,-«ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանուկյանը։
Ինչպիսին է անկախության ընկալումն այսօր եւ երեսուն տարի առաջ, արդյոք սա ա՛յն Հայաստանն է, որի համար պայքարում էր մեր ավագ սերունդը։ Մանուկյանի խոսքով, այն ժամանակ անկախությունը երազանք էր, իսկ այժմ՝ իրողություն. «Մեր բնակչության մի զգալի հատված ծնվել եւ ապրում է կամ գոնե կյանքի գիտակից մասն ապրում է անկախ պետության մեջ։ Նրանց համար անկախությունն ինքնըստինքյան գոյություն ունեցող իրողություն է։ Դա նման է այն բանին, երբ չենք զգում, որ օդ ենք շնչում»։
Անկախության արժեքը գնահատելու համար պետք է հիշել, որ աշխարհում կա 5 հազար էթնոս, որոնց մի զգալի մասը, եթե ոչ բոլորը ցանկանում են անկախ պետություն ունենալ, մինչդեռ ընդամենը 200 պետություն կա, որոնցից մեկը Հայաստանն է։ Դա նշանակում է, որ շատ ժողովուրդների երազանքը, այն է՝ անկախությունը, 200-ն են կարողացել կյանքի կոչել։ «Նույնիսկ նրանք, որոնք բարգավաճ պետությունների մեջ են, կլինի՝ Կատալոնիան, Քվեբեկը, թե Շոտլանդիան, միեւնույն է, ձգտում են անկախության։ Այսինքն՝ անկախությունը համարվում է գերագույն արժեք, բայց անկախությունից պետք է կարողանալ օգտվել։ Մեքենա շատերն ունեն, սակայն մեկը դրանով հետաքրքիր շրջագայությունների է մեկնում, մեկ ուրիշը՝ հարվածում է պատին»,-նկատեց զրուցակիցս։
Անկախություն ձեռք բերելով, բնականաբար, գործընթացը չավարտվեց, աշխարհում ամեն ինչն է գործընթաց։ Հայաստանի անկախության եւ Հայաստանին Արցախի միացման համար պայքարի ակունքներում կանգնած քաղաքական գործչի կարծիքով, մենք բավարար աստիճանի օգտագործել ենք, թեեւ կարելի էր շատ ավելի լավ օգտագործել այդ անկախությունը։ «Ոչ մի բան կորած չէ, ամեն ինչ դեռ առջեւում է»,-վստահեցրեց Մանուկյանը։

Եթե անկախություն, ապա հենց հիմա
Անկախության ձեռքբերմամբ այդ գործընթացը չի ավարտվում, սկսվում է ավելի բարդ փուլը՝ պահելու, պահպանելու առումով։ «Պետությունը հեծանվորդ է երկանիվ, հենց կանգ առավ, շուռ կգա։ Պետք է անընդհատ առաջ գնալ։ Հայաստանն անընդհատ առաջ գնալու խնդիր ունի, եւ մեր պարտքն է պահպանել ու պաշտպանել հայկական պետականությունը»,-ասում է Գերագույն խորհրդի պատգամավոր, առաջին գումարման ԱԺ պատգամավոր Ազատ Արշակյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում։
Վերապրելով շուրջ երեք տասնամյակ առաջ տեղի ունեցած պատմական անցքերը, քաղաքական գործիչը խոստովանում է, որ մտավախություններ է ունեցել՝ ժամանակից շուտ անկախության բարձրաձայնելու դեպքում հակառակորդը դրա դեմ անպայման խոչընդոտներ եւ պատնեշներ կստեղծի. «Դրա համար, երբ մայիսին քննարկվում էր հանրաքվեի ժամկետի հարցը, ես ասում էի, որ հենց ասացինք անկախություն, պետք է անմիջապես հանրաքվե անցկացնենք։ Հենց հիմա՛։ Իսկ մինչ այդ պետք է գաղտնի պահել, անակնկալ պետք է լինի, հակառակ դեպքում անգամ Լենինը, Տրոցկին, Աթաթուրքն ու Ստալինը հարություն կառնեն, կգան, որ մեզ խանգարեն։ Այդ իսկ պատճառով մինչեւ սեպտեմբերի 21-ը երկար էր թվում, եւ տագնապով սպասում էի հանրաքվեի անցկացմանը»։ Արշակյանի համար հանրաքվեի արդյունքներն անակնկալ էին, նա չէր սպասում, որ այդքան մեծ թվով մարդ «այո» կասի անկախությանը։
1966 թ. Հայկազ Խաչատրյանի, Շահեն Հարությունյանի եւ Ստեփան Զատիկյանի կողմից ստեղծվել էր «Ազգային միացյալ կուսակցությունը», որին անդամակցում էր Ազատ Արշակյանը։ Թեեւ 1960-ական թվականներին խրուշչովյան հալոցքի շրջանում խորհրդային իշխանությունը խրախուսում էր հայերի կողմից Արցախը, Նախիջեւանը վերադարձնելու շուրջ խմորումները, սակայն դա հետագայում գործիք էր դառնում ԽՍՀՄ-ի կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ «Հայկական մահակը՝ հայկական հարցը, բարձրացվում էր, բայց դրանով չէին հարվածում։ Մեր նպատակն էր հասնել անկախության։ Այն ժամանակ դա չտեսնված համարձակություն էր, անխոհեմություն։ Անհավանական էր թվում անկախության նվաճումը, շատերը պատրաստ էին բավարարվել»,-ասաց նա։
Զրուցակցիս գնահատմամբ, սպասելիքները գերակատարվել են, որովհետեւ անկախություն ստանալով 29 հազար քառակուսի կմ տարածքի վրա, այսօր այն կազմում է արդեն 42 հազար քառակուսի կմ։ «Դա չափազանց կարեւոր է, որովհետեւ 1668 թվականի դյուսելդորֆյան կոնվենցիայով աշխարհում արգելվեց սահմանները խախտելը։ Այն 30-ամյա պատերազմի արդյունքն էր։ Հետո դա կրկնվեց 1815 թ. Ժնեւում Նապոլեոնի պարտությունից հետո։ ՄԱԿ-ը նույնպես ամրագրեց, որ սահմաններն անձեռնմխելի են։ Հայաստանը միակ երկիրն է, որ խախտեց այդ պահին միջազգայնորեն ճանաչված սահմանները, բայց չպատժվեց»,-մեկնաբանեց նա՝ շնորհավորելով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ընթերցողներին անկախության տոնի կապակցությամբ։

Նպատակը Արցախի հետ վերամիավորված Հայաստան ունենալն էր
«Երեսուն տարի առաջ էր, արցախյան շարժման երրորդ տարին։ Մեծ փոփոխություններ էին տեղի ունենում Հայաստանում՝ աշխարհի վերադասավորման հետ կապված։ Անկախության հռչակումը օգոստոսի 23-ին բավականին լուրջ քննարկումների արդյունքում տեղի ունեցավ։ Այն 2.5 տարվա փորձի ամփոփումն էր, որտեղ ամրագրվեցին մեր պատկերացումներով բոլոր հիմնական սկզբունքները,-«ՀՀ»-ի հետ զրույցում վերհիշում է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության հիմնադիր, ԳԽ պատգամավոր, Ազգային ժողովի 2-րդ, 3-րդ գումարումների պատգամավոր Հրանտ Խաչատրյանը, ապա շարունակում.- «Սկզբնական շրջանում «անկախություն» բառը զգուշավորությամբ էին արտասանում, առավել եւս հրապարակայնորեն, բայց երկու տարվա ընթացքում հայ ժողովուրդը կարողացավ «մարսել» անկախության գաղափարները նաեւ դրա տարածողների՝ ԱՄԿ-ի, ԱԻՄ-ի եւ մյուսների ջանքերով»։
Ժամանակի ընթացքում, մինչեւ հանրաքվեի նշանակումը որոշ բաներ տեղի ունեցան, եւ արդեն անկախության հանրաքվեի նախօրեին իրենց կուսակցության եւ այն կուսակցությունների ու անհատների, որոնք մեծ ջանքեր էին ներդրել, որպեսզի անկախության հռչակագիրը լինի ամփոփ եւ լիարժեք փաստաթուղթ, տրամադրությունը նույնը չէին։ Խնդիրն այն էր, որ անկախության հանրաքվեի նախօրեին առաջ էր քաշվել այն գաղափարը, թե անկախությունը խանգարում է Արցախի հարցի լուծմանը, իսկ Արցախի հարցը՝ անկախության հռչակմանը։ Խաչատրյանի խոսքով, իրենք չկարողացան համոզել այն ժամանակվա խորհրդարանական մեծամասնությանը, որ դա նահանջի քայլ էր, իսկ տեսլականն էր Հայաստանի վերամիավորումը ազգային-պետական տարածքների վրա։ «Փորձեցին հանրաքվեի փաստաթղթի մեջ մի փոքրիկ մասնակցություն ապահովել Արցախի կողմից։ Վերջին պահին, երբ քվեարկության էր դրվում հանրաքվեի մասին որոշումը, ես ընդհատեցի եւ մեր կուսակցության ներկայացուցիչ Արմեն Սիմոնյանի փոխարեն առաջարկեցի անկախության հանրաքվեի հանձնաժողովում ընդգրկել արցախաբնակ եւ Հայաստանի ԳԽ պատգամավոր Գրիշա Բաղյանին, ինչն էլ ընդունվեց»,-ասաց նա։
Չնայած տարաձայնություններին, իրենք մասնակցել են անկախության հանրաքվեին, նաեւ դիտորդներ էին հրավիրել։ «Գերմանական կազմակերպությունը բավականին օգնել է մեզ Արցախի եւ անկախության հարցում հայկական քարոզչությունն արտաքին աշխարհում ընկալելի դարձնելու առումով»,-նշեց զրուցակիցս՝ հավելելով, որ իրենց խումբը, հիմնականում ինժեներներից կազմված, գտնում էր, որ թեեւ մեր ռեսուրսները շատ փոքր են աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա էական ազդեցություն ունենալու համար, սակայն այդ գործընթացների մեջ, ինչպես ցանկացած մեխանիզմում, կան լյուֆտեր, որոնք մեր օգտին հավաքելու դեպքում կարելի է կառուցել աշխարհի ամենալավ օազիսը, այն է՝ Հայաստանը վերամիավորված Արցախի հետ։
Անցած 30 տարիները մեզ համար դարձան շարունակական պայքարի տարիներ, միայն շատ ամուր մարդիկ կարող էին այդ լարվածությանը դիմանալ, սակայն Խաչատրյանը համոզված է, որ հայ ազգը, երբ ցանկանա, կարող է շատ արագ հաղթահարել բոլոր դժվարությունները, իսկ առաջին քայլը պիտի լինի արտաքին ազդեցությունների չափավորումը։
Անկախության հանրաքվեով արձանագրվեց քաղաքական իրողությունը
«Անկախության ճանապարհին տարբեր փուլեր ենք անցել։ Երբ քննարկում էինք Անկախության հռչակագիրը, բանավեճ է եղել, թե ինչ անուն տալ։ Կար 3 տեսակետ․ մեկն այն էր, որ պետք է ընդունենք ինքնիշխանության մասին հռչակագիր, արմատականները պնդում էին, որ միանգամից անկախություն պետք է հռչակվի, բայց որպես վերջնական ընտրվեց միջին տարբերակը, այն է՝ «անկախության գործընթացի սկիզբը»,-«ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում, պատմական իրադարձություններին անդրադառնալով, նշեց առաջին գումարման ԳԽ պատգամավոր, ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղար, 1998-2004 թթ. ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, 1997-2012 թթ. ԵՊԼՀ ռեկտոր, բ. գ. դ., պրոֆեսոր Սուրեն Զոլյանը՝ մեջբերելով Անկախության հռչակագրի այն մասը, որտեղ գրված է. «Հռչակվում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»։
Զոլյանի կարծիքով, «գործընթացի սկիզբ» ձեւակերպումը ճիշտ էր եւ արդարացված։ Այն վախենալու հետեւանք չէր, քանի որ լավ էին հասկանում, որ մեկ օրում հնարավոր չէ հասնել նպատակին։ Այլ հարց է, թե որքանով հնարավոր եղավ պահպանել այդ ամենը։ Անդրադառնալով անկախության հանրաքվեին, զրուցակիցս նկատեց, որ որոշումը կայացվել էր մինչեւ Խորհրդային Միության փլուզումը, պարզապես, իրադարձություններն այնքան արագ զարգացան, որ հանրաքվեն անցկացվեց, երբ Խորհրդային Միությունն այլեւս գոյություն չուներ։ «Օգոստոսյան խռովությունից հետո իրավիճակը շատ արագ փոխվել էր։ Այն ժամանակ կատակում էին, որ եթե հանկարծ մեկը որոշի «Ոչ» ասել անկախության հանրաքվեին, ապա ինչպես էին այդ մարդու համար վերականգնելու Խորհրդային Միությունը»,-ասաց Զոլյանը՝ նշելով, որ անկախության հանրաքվեն այդ իմաստով խորհրդանշական գործողություն էր, քաղաքական գործընթացների արդյունքում տեղի ունեցած փաստի արձանագրում, իսկ քաղաքական որոշումը կայացվել էր դեռ մայիսին։
Թեեւ այդ շրջանում աշխարհում տեղի ունեցող գործընթացների մասին տեղեկատվությունը սահմանափակ էր, բայց Զոլյանի դիտարկմամբ, քաղաքական-պետական գործիչների կողմից բարձրացվում էին ոչ թե տեղային, այլ Հայաստանի զարգացման մասով համակարգային խնդիրներ։ «Անկախությունը վերացական բան չէ, այն չի կարող լինել միայն անձնագրի առկայությամբ։ Անկախությունը նախեւառաջ արտաքին եւ ներքին ինքնուրույն ու անկախ քաղաքականություն իրականացնելու հնարավորություն եւ ունակություն է»,-շեշտեց քաղաքական գործիչը։
Այդ տարիներին սկսված գործընթացը չավարտվեց 1991 թ. սեպտեմբերի 21-ով, այլ պետք է շարունակվի իրողություն դարձնելու համար այն տեսլականը, որը ձեւավորվել էր անկախության գործընթացի մեկնարկով։ Անկախության հռչակագիրը պատասխանն է այն հարցին, թե ինչ ենք ուզում ունենալ, ինչպիսի պետություն եւ հասարակություն, ինչ ձեւով պետք է օգտագործենք բնական հարստությունը, ինչ ընկալումներ ունենք Արցախի, Հայ դատի հիմնահարցերի լուծման մասին։ Զրուցակիցս հիշում է, որ այդ օրերին բանավեճերից մեկն էլ այն էր, թե որն է Հայաստանը եւ ինչպես անվանել նոր պետական միավորը՝ Հայաստանի Հանրապետություն, թե Արեւելյան Հայաստանի Հանրապետություն։ «Դա սկզբունքային հարց էր»,-ասաց նա։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

՛՛Հայաստանի հանրապետություն՛՛

Վազգեն Մանուկյան անկախության հանրաքվե Արծրուն Պեպանյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Կգործակենք նոր, բազմալեզու լրատվական հարթակ, որտեղ կներկայացնենք իրականությունը Արցախյան պատերազմի, տարածաշրջանային անցուդարձի, Ադրբեջանի ներքին իրավիճակի մասին
Պատերազմը չէր լինի, եթե օդը փակ լիներ։ Չէինք նահանջի դարձելի ու անդառնալի այսքան կորուստներով, եթե օդը փակ լիներ
Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը. Արցախի ՄԻՊ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք. մահացել է ռեկորդային թվով՝ 50 մարդ
Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը Արցախ այցի հրավերներ են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին
Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:
Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ ՀՀ անվտանգության ապահովման համար սահմանելու ՌԴ աջակցության տեսակները
Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախավորել են շուկան, բնակելի տներ. լուսանկարներ
Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց
Հարկավոր և անմիջական գործողությունները, երբ ենթարկվել եք ֆոսֆորային հարձակման։
Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով.ՊԲ
«Ժողովուրդ». Որ դեպքում կորոնավիրուսով հիվանդները բուժում կստանան բժշկական կենտրոններում. Թորոսյանի նոր որոշումը
«Ժողովուրդ». Օդն ամբողջությամբ կփակենք. շուտով կլսեք մեր բանակի հաղթանակի մասին. Ռազմիկ Պետրոսյան
ԲՀԿ-ն «կռվում» է մի քանի ճակատով
Այսօր մենք ունենք նահանջ, բայց ոչ պարտություն.Սենոր Հասրաթյան
Մեծ Տղերքին առաջին հերթին Իրանի սահմանն է հետաքրքրում
Պարզվում է, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը,որը պատերազմն սկսվելուց հետո, ազատվեց պաշտոնից, «գործուղվել» է Արցախ
Կարծես կենդանու տեղ դրած լինեին. 85-ամյա հայ կինը՝ Ադրբեջանում իր նկատմամբ վերաբերմունքի մասին
Ժնևում Բաքվի և Երևանի ներկայացուցիչները պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները
Ժնեւում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը. այն տևել է մոտ 6 ժամ
Բերձորի հիվանդանոցը ռազմական նպատակներով օգտագործելու մասին Ադրբեջանի պնդումները կեղծ են. Արցախի ՄԻՊ
Պերուում 5,7 մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ  է տեղի  ունեցել
Շվեդիան կարող է դառնալ COVID-19- ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ ունեցող առաջին երկիրը
Իտալիայում կրկին COVID-19 դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 500-ը
Ավելին
Ավելին