Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Երևանում ներկա է գտնվել Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 միջնակարգ դպրոցի բացմանը։ Դպրոցը սեյսմակայուն է, վերանորոգվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։
Արարողության ժամանակ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է դպրոցի ղեկավարությանը և աշակերտներին վերակառուցման առթիվ։ Արարողության ընթացքում լիարժեք պահպանվել են կորոնավիրուսային համաճարակի պայմաններում անհրաժեշտ կանխարգելիչ կանոնները։
«Այս դպրոցների կառուցումը հսկայական քայլ է դպրոցական շենքերի սեյսմիկ անվտանգության բարելավման ուղղությամբ», - ասել է ԱԶԲ-ի ծրագրերի ավագ պատասխանատու Գոհար Մուսայելյանը: «Դրա միջոցով կապահովվի անվտանգ և ավելի լավ ուսումնական միջավայր երեխաների համար աշխարհի առավել սեյսմավտանգ տարածաշրջաններից մեկում: Ծրագիրը նաև կօգնի դպրոցներին մշակել աղետներին պատրաստվածության և արձագանքման պլաններ և թարմացնել դպրոցների կառուցման կանոնները, որպեսզի դրանք համապատասխանեցվեն սեյսմիկ անվտանգության միջազգային ստանդարտներին: Սա երկարաժամկետ կտրվածքով կհզորացնի երկրի պատրաստվածությունը սեյսմիկ աղետներին»:
1988թ․-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժից ի վեր, Հայաստանի ազգային իշխանությունները բազմաթիվ քայլեր են ձեռնարկել արտակարգ իրավիճակների կառավարման և արձագանքման համակարգերի զարգացման, ինչպես նաև շենքերի նախագծման և շինարարության բարելավման ուղղություններով:
Դպրոցը կառուցվել է սեյսմիկ անվտանգության միջազգային ստանդարտների համաձայն, դասասենյակները լուսավոր են և հարմարավետ։ Կառուցվել են թեքահարթակներ և վերելակներ` հաշմանդամություն ունեցող երեխաների և անձնակազմի մուտքը հեշտացնելու համար: Դպրոցը հագեցված է նաև ավելի լավ հարմարություններով, ներառյալ նոր մարզադահլիճը, միջոցառումների սրահը, հարուստ գրադարանը և տաք ջրի համար արևային էներգիայի համակարգը: Դպրոցի շենքը և տարածքը կարող են նաև օգտագործվել որպես համայնքային ապաստարան և հավաքման կետ երկրաշարժերից հետո արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար:
Այս դպրոցը 46 դպրոցներից մեկն է, որոնք կվերակառուցվեն կամ կվերազինվեն ԱԶԲ-ի՝ Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի ներքո՝ օժանդակելով Հայաստանի կառավարությանը: Ծրագիրն ուղղված է սեյսմակայուն դպրոցների կառուցմանը և Հայաստանի՝ բնական աղետներին արձագանքելու կարողությունների հզորեցմանը։
Գնատահվում է, որ ավարտից հետո հաջորդ երկու տասնամյակների ընթացքում ծրագրից կշահեն շուրջ 58,700 աշակերտներ, ուսուցիչներ և անձնակազմի այլ անդամներ, ինչպես նաև ավելի քան 87,000 բնակիչներ, ովքեր ապրում են նպատակային դպրոցների հարևանությամբ և ում համար երկրաշարժերի ժամանակ հասանելի կլինեն բարելավված ժամանակավոր կացարանները:
ԱԶԲ-ի օժանդակությունը ներառում է 88,5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ Ասիական զարգացման արտոնյալ հիմնադրամից և տեխնիկական աջակցության երկու դրամաշնորհ՝ 800․000 և 680․000 ԱՄն դոլարի չափով: Կառավարությունը մասնակցում է ծրագրին՝ տրամադրելով 18,5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն:
ԱԶԲ-ն հանձնառու է Ասիայում ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բարգավաճ, ներառական, տոկուն և կայուն վիճակի հաստատմանը՝ շարունակելով ջանքեր գործադրել ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ։ ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, այն պատկանում է 68 անդամների, որոնցից 49-ը տարածաշրջանից են: