f

Անկախ

Թանգարանները՝ խաղաղության ամանորյա մունետիկներ...


2019-ի ողջ ընթացքում «Դեպի թանգարան» խորագրով շարքը հրաշալի առիթ էր այցելելու երևանյան թանգարաններ՝ ներկայացնելով դրանք գործունեության տարբեր դիտանկյուններից: Խորագիրը դեռ կշարունակվի, բայց 2020-նն ուղղակի չէինք կարող չսկսել թանգարանների ղեկավարների ամանորյա խոհերով ու մաղթանքներով:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյան

-Նոր տարին այնքանով է կարևոր, որ այդ կետից մարդու համար սկսվում է նոր հաշվարկ, նաև իմաստնանում ես, կարևորում յուրաքանչյուր օրվա խորհուրդը քո կյանքում: Իմ տարիքում, եթե անկեղծ լինեմ, առանձնապես չես ուզում, որ ժամանակն առաջ անցնի, բայց ամանորյա համատարած ուրախությամբ ուղղակի չես կարող չվարակվել:

Մեր թանգարանը 2019-ին շատ լավ աշխատեց: Ինքս, որպես լուսանկարիչ, հրաշալի ուղևորություն ունեցա դեպի Թուրքիա: Վաղեմի երազանքս էր լինել Գոնիա քաղաքում, որտեղ հայերը զարմանալի մզկիթներ ու դամբարաններ են կառուցել, նաև այցելեցինք Կիլիկիա իմ ընկեր Հրայրի հետ, նկարեցինք նոր բերդեր: Երջանկություն է շփվել նախնիներիդ ժառանգությանը, շոշափելիորեն զգալ հայ լինելդ:

Մեզ բոլորիս մաղթում եմ խաղաղ երկինք, որ սահմաններում կորուստներ չունենանք, բոլոր զինվորները հետ վերադառնան հայրական օջախներ, պակասի աղքատ մարդկանց թիվն, ու երկիրն ավելի բարգավաճի, մաքրվի ներսում կուտակված ամբողջ կեղտից:

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչար

-Քոչարի խոսքերը՝ որպես ամանորյա շնորհավորանք, այսօր այնքան արդիական են, որ ես հենց այդպես կշնորհավորեմ մեզ բոլորիս. «Չարը կորչեր ու բարին բուն դներ ոչ միայն մեր, այլև ամբողջ մարդկության սրտում, կորչեր պատերազմը, աշխարհից վերանային թշնամությունն ու ատելությունը, և լիներ համատարած խաղաղություն: Հայերիս համար միակ ցանկալին և երանելին խաղաղությունն է. մենք սակավաթիվ ու փոքր ազգ ենք, և մեր տաղանդն է, որ իրավունք է տալիս բազմամիլիոն ազգերի շարքում կանգնել և ապրել այս արևի տակ: Թող շատանան տաղանդավոր ու ձեռներեց հայերը, և հայ անունը լինի դրոշակ մեր դարի առաջադիմության, արվեստի ու գիտության բոլոր ասպարեզներում: Թող մեր հեռու ու մոտիկ բոլոր բարեկամները չմոռանան տաղանդավոր հայ ժողովրդին, թող բացվեն մտքի և տաղանդի ծաղիկները»:

Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյան

-Ամանորն ինձ համար ունի դատածը, վաստակածը, չարչարվածը, ստեղծածը ի մի բերելու, ամփոփելու և նոր ակնկալիքներով լցնելու խորհուրդ: Չեմ թաքցնի՝ 2019-ի ավարտին անհամբեր էինք սպասում, որովհետև տարվա ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով շատ փորձությունների առաջ կանգնեցինք, բայց թանգարանի աշխատակազմի գերակշիռ մեծամասնության հաստատակամության ու փորձությունների պահին միահամուռ շուրջս հավաքվելու շնորհիվ կարողացանք ոչ միայն հաղթանակած դուրս գալ այդ ամենից, այլև տարեվերջին գրանցել աներևակայելի արդյունքներ թանգարանային գործունեության բոլոր բնագավառներում, ներառյալ մեր մասնաճյուղերը, ինչը շատ բան է նշանակում, և անգամ թույլ է տալիս 2020-ը հայտարարել մեր թանգարանի տարի: Այս ամենին հասնելը ծայրաստիճան դժվար էր, բայց պատվով ենք հաղթահարել ամեն բան և 2020 մտնում ենք մեծ ավյունով ու սպասելիքներով: Հուսով եմ՝ մեր ձեռքբերումները կբազմապատկվեն ու կզարգանան:

Մաղթանքս կձևակերպեմ չափածո.

Պայծառ գալիք, բարիք նոր,

Շնորհավոր Ամանոր:

Փառքով օծված սերմ ու հունդ,

Մեծ ավետիս՝ Սուրբ Ծնունդ:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյան

-Մաղթում եմ, որ 2020-ը սիրո և ուրախության տարի լինի, բոլոր ընտանիքներում տիրի ներդաշնակ համակեցություն, որն էլ տների պատերից դուրս գա դեպի հասարակություն:

Այս տոնն ինձ համար առանձնահատուկ խորհուրդ չունի: Այն ավելի գրավում է երիտասարդներին, և հատկապես փոքրիկներին, որոնք դեռ սպասում են Ձմեռ պապիկին: Անգամ մեր թանգարանը, որ բնավ նախատեսված չէ նախադպրոցական տարիքի երեխաների համար, 2019-ի վերջում ունեցավ հրավիրյալ փոքրիկ այցելուներ մանկապարտեզից՝ ընձեռելով զգալ Ամանորի բերկրանքը:

2019-ը շատ հետաքրքիր տարի էր: Երկրում տեղի ունեցող անընդհատական փոփոխությունները չէին կարող չանդրադառնալ նաև թանգարանի աշխատանքի վրա: Չեմ կարող չնշել Արայիկ Հարությունյանի հրաշալի աբոնեմենտային ծրագրի մասին, ինչի շնորհիվ մեր թանգարանի բյուջեն կրկնակի աճ ունեցավ: Կարծում եմ՝ կգա ժամանակը, երբ այլևս այսքան չենք դժգոհի հայ հասարակությունից, թե թանգարաններ չեն այցելում:

Ես իմ մտածողությամբ համընթաց եմ գնում այս երկրին և սպասելիքներ ունեմ, որ երիտասարդ կառավարությունը, ինչպես սկսել է իր ազնիվ ճանապարհը, այդպես էլ կշարունակի, և արդյունքները սպասելիքներից ավելի կլինեն:

Գիտության և տեխնիկայի թանգարանի տնօրեն Ժիրայր Սևոյան

-Ամանորի խորհուրդն ինձ համար զուտ տարին լավ սկսելու մեջ է, որ ամեն բան նույնքան գեղեցիկ շարունակություն ունենա: 2019-ին մեր թանգարանում բավական առաջընթաց կար. ավելացավ այցելուների թիվը, հստակվեցին թանգարանի գործունեության շրջանակները: Զգում եմ, որ թանգարանն այժմ ծառայում է իր նպատակին: Կցանկանայի, որ մեր աշխատանքներն ավելի ընդլայնվեին, նոր թափով շարժվեինք առաջ: Շատ ուզում եմ, որ սահմանափակվենք ոչ միայն անկախ կամ խորհրդային Հայաստանի տարիներին ունեցած գիտական ձեռքբերումներով, այլև ներկայացնենք ողջ աշխարհի սփյուռքահայության գիտական նվաճումները, և այդ առումով դառնանք տեղեկատվական կենտրոն: Հուսով եմ՝ մեր երիտասարդների այս նկատելի ակտիվությունն իր պտուղները կտա ու հատկապես՝ գիտական ոլորտում:

Մաղթում եմ, որ 2020-ը լինի առողջ և հաջողակ տարի, երկրում բարելավվեն կյանքի պայմանները, բոլորի գործերը հաջող ընթացք ստանան: Բազում երջանիկ պահեր եմ մաղթում ողջ հայ ազգին:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյան

-Ամանորը տարվա բոլոր ձեռքբերումների, աշխատանքային հաջողությունների և անհաջողությունների ամփոփումն է: 2019 թվականն ամփոփեցինք հետաքրքիր ամանորյա միջոցառմամբ թանգարանի դպրոցահասակ այցելուների համար:

Նախորդ տարի բավական ակտիվ աշխատեցինք: Բայց մեզ համար շարունակում են արդիական մնալ ոչ միայն թանգարանի ֆոնդերը հասարակությանը մատուցելու, եղածի վրա աշխատանք անելու, հետաքրքիր հոդվածներով ու դասախոսություններով դրանք ներկայացնելու, այլև շատ այցելուներ թանգարան բերելու, հասարակության ավելի լայն շերտեր թանգարանի գործունեության մեջ ներգրավելու շատ կարևոր խնդիրներ: Այդ ամենի լուծման ուղղությամբ 2020-ին շարունակելու ենք քրտնաջան աշխատել, մանավանդ, որ լրանում է Իսահակյանի 145-ամյակը:

Ես մեր թանգարանը շատ եմ սիրում, բայց ամենից առաջ սիրում եմ Իսահակյան գրողին՝ որպես նրա ստեղծագործությունն ուսումնասիրած և ուսումնասիրող անձնավորություն: Թանգարանում և գրողի ստեղծագործություններում ամեն անգամ նորովի եմ բացահայտում Իսահակյանի հանճարեղության ֆենոմենը, ուստի թանգարանը դեռ կարևոր առաքելություն ունի՝ Իսահակյան գրողին հասարակությանը ներկայացնելու, ծանոթացնելու առումով, ինչն այնքան էլ հեշտ չէ մեր օրերում:

Մեր երկրին խաղաղություն եմ մաղթում, ինչը հենց Իսահակյանի երազանքն էր: Թող մեր ժողովուրդը նորմալ կյանքով ապրի, հաճույք ստանա իր կատարած աշխատանքից, ունենա շատ ստեղծագործական հետաքրքրություններ, որ Հայաստանը դառնա աշխարհի ուժեղ երկրներից մեկը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյան

-Ամանորի խորհուրդը նախորդ տարի սկսած լավը շարունակելու, նոր գաղափարներով ու նվաճումներով հարստացնելու մեջ է: Թանգարանում 2019-նն ամփոփեցինք կատարված աշխատանքների մանրամասն հաշվետվությամբ, և դրական ու հաճելի մթնոլորտում քննարկեցինք մյուս տարվա գործունեության շրջանակները:

2019-ին, որպես թանգարանի երիտասարդ տնօրեն, շատ բան սովորեցի: 2020-ին նախատեսում ենք ամբողջովին փոխել թանգարանի գաղափարախոսությունը, որ մարդիկ այն ընկալեն ոչ միայն որպես զուտ էրեբունի թանգարան, այլև չմոռանան Շենգավիթի ու Կարմիր բլուրի մասնաճյուղերի մասին: 2019-ին ունեցել ենք 32700 այցելու, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Բավական ակտիվացրել ենք միջազգային կապերն ամենատարբեր թանգարանների ու մեր արտասահմանցի գործընկերների հետ: 2020-ին կունենանք պարգևավճարների հատուկ ֆոնդ, և կբարձրանա թանգարանի տասնյակից ավելի աշխատողների աշխատավարձը: Այս ամենին զուգահեռ 2020-ին թանգարանը մեծապես կզինվի տեխնիկական ժամանակակից միջոցներով, ինչն առավել արդյունավետ կդարձնի մեր աշխատանքը:

Հասկանալի է՝ այս ամենը որքան ժամանակ է պահանջում ինձնից, ուստի շատ կցանկանայի 2020-ին իրականացնել իմ մենագրության տպագրությունը և, ամենակարևորը, ավելի շատ ժամանակ տրամադրեի ընտանիքիս:

Ցանկությունս է՝ բոլորս առողջ լինենք, որ կարողանանք իրականացնել այն ամենը, ինչ ծրագրավորել ենք: Քրտնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի էրեբունին իր մասնաճյուղերով դարձնել գիտական և կրթական ժամանցի կարևորագույն կենտրոն տարածաշրջանում:

Վերջում կմաղթեմ այն, ինչ մաղթում էին ուրարտական արքաները: Նրանք իրենք աստվածներից, գլխավորապես Խալդի աստծուց, ուզում էին ողջություն, առողջություն, կյանք, մարտունակություն և երջանկություն:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյան

-Ամեն տարին մենք սկսում ենք նոր հույսերով, որովհետև կյանքն իմաստավորվում է մարդու կառուցողական գործունեությամբ: Այս օրերին լույս կտեսնի Մարտիրոս Սարյանի նամակների երրորդ հատորը, և ուզում եմ փոքրիկ մեջբերում անել նկարչի մի նամակից, որում նա, որպես Նոր տարվա բարեմաղթանք, գրում էր՝ մեզ պետք է հարատև խաղաղություն, հանգիստ կյանք, գերմարդկային աշխատասիրություն: Անցել է 100 տարի, և վարպետի այդ խոսքերը դեռ արդիական են: Չպիտի սպասենք՝ կողքիններն ինչ կանեն, ամեն մեկս մեր աշխատասիրությունն ու նվիրումը պիտի բերենք ապագայի կերտման գործում: Այս ամենն անհրաժեշտ է մեր երկիրը զարգացնելու և աշխարհին արժանապատիվ ներկայանալու համար:

2019-ին Սարյանի նկարների պահպանությանն ու վերականգնմանն ուղղված շատ կարևոր քայլեր իրականացրեցինք, ինչն անհրաժեշտ է նկարչի հարուստ ժառանգությունը հաջորդ սերունդներին փոխանցելու առումով: Արժեքավոր էր հատկապես Սարյանի գլուխգործոց «Կոստանդնուպոլսի շները» կտավի վերականգնումը: Նաև նախապատրաստել ենք մի քանի գիրք, որ կներկայացնենք հանրությանը արդեն 2020-ին: Մյուս տարի լրանում է Սարյանի 140-ամյակը, որ թեև չի համարվում հոբելյանական, բայց որոշել ենք նշել: ՅՈՒՆԵՍԿՕ-յով հաստատված հոբելյանների շարքում է մեր շատ սիրելի Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանը: Թումանյան, Սպենդիարյան, Սարյան հրաշալի եռյակը ստեղծել է «Ալմաստ» ազգային օպերան, ուստի ցանկանում ենք Սպենդիարյան-Սարյան հոբելյանները նշել սարյանական «Ալմաստ» օպերայի ձևավորումների առանձին ցուցահանդեսով: Նախատեսում ենք նաև նշել Սարյանի որդու՝ հրաշալի կոմպոզիտոր ու մանկավարժ Ղազարոս Սարյանի հարյուրամյակը:

Անելիքները շատ են, պարզապես պետք է առողջություն, ուժ ու եռանդ՝ այդ ամենը կյանքի կոչելու համար: Բոլորիս մաղթում եմ խաղաղություն, ստեղծագործական բոլոր ծրագրերի իրականացում և բարեբեր տարի՝ լի գեղեցիկ իրադարձություններով ու ոգևորության առիթներով:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյան

-Մինչ հաջորդ տարի մուտք գործելը թանգարանն ամփոփում է իր տարեկան գործունեությունը՝ քննարկելով հաջողություններն ու առանձնացնելով այն ամենը, ինչի վրա, որ պիտի ուշադրություն դարձնի գալիք տարում: Իսկ 2020-ի մեր ծրագրերն արդեն իսկ մշակված են, որ կիրականացնենք ամիս առ ամիս:

Ինչպես ամեն մի նոր օր առիթ է նորովի իմաստավորելու մեր մոտեցումները, այնպես էլ ամեն եկող տարի օգնում է առավել իմաստնանալ և ևս մեկ քայլով մոտենալ Աստծուն: Ամեն օր պիտի կարողանանք մեր առավելագույնը դրսևորել մասնագիտական և անձնական ոլորտներում, որ մեզ տրվածը մի փոքր ավելիով վերադարձնենք աշխարհին, սահմանենք նոր ուղենիշեր, գրանցենք նոր հաջողություններ, հանրությանը մատուցենք նոր ծառայություններ:

Ամանորը խորհրդավոր իրադարձություն է, որին շատ անհամբեր ենք սպասում: Ամեն մարդ կարծես մանկանում է, հիշում անցած տարիներն ու արդեն երեխաների կամ թոռների հետ վայելում տոնի լույսն ու ջերմությունը: Իրականում այստեղ գործում է Սուրբ Ծննդյան խորհուրդը, ինչը խորհրդային տարիներին փորձեցին մոռացության մատնել: Ամսաթվերի փոփոխությունը պետք էր ժողովրդի ուշադրությունը Ս. Ծննդից շեղելու համար, բայց Հիսուս Քրիստոսի Ծննդյան մեծագույն խորհուրդը ենթագիտակցաբար մնաց մարդկանց մեջ: Հանրության մեջ տիրող ուրախությունն այդ ամենի հետևանքն է: Մաղթանքս է, որ մարդիկ բաց չթողնեն այն երկնային բերկրանքը, որ ավետվեց մեզ Հիսուս Քրիսոտոսի Ծննդյամբ և կիսեն այդ ուրախությունը մեկը մյուսի հետ:

Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի գիտաշխատող Արմինե Զոհրաբյան

-Որպես թանգարանի աշխատակից՝ շատ եմ ցանկանում, որ այս կառույցները դառնան շատ ավելի կենդանի վայրեր, որտեղ մտնելով՝ մարդիկ հայտնվեն ժամանակի մեքենայի մեջ և տեղափոխվեն այլ ժամանակներ, զգան ժամանակների կապը և այն, որ մենք առանց գիտակցելու ամուր թելերով կապված ենք նախորդ ժամանակներին և անգամ՝ ապագային: Ուզում եմ, որ հասարակությունն ընկալի թանգարանի՝ անցյալի ու ապագայի միջև կամուրջ լինելու կարևոր իրողությունը:

Ամանորը, որ տարվա ամփոփումն է, հաջորդ տարի մեծ հույսերով մուտք գործելու լավատեսական խորհուրդն ունի: Ես հիմա այն տարիքում եմ, որ նախորդ տարին զուտ ամրապնդում է ժամանակի ընթացքում փորձի հետ միասին ձեռք բերած պատկերացումներդ: Այս տարի կրկին համոզվեցի՝ մարդկային չարությունը միայն ու միայն կործանում է նրանց, և, ցավոք սրտի՝ հաճախ նաև իրենց շրջապատում գտնվողներին: Դրա համար ցանկանում եմ, որ հրաժարվենք մեր ներսի չարությունից: Թող 2020-ը նախորդից վերցնի միայն լավը` բազմապատկելով սերը, բարությունը, ազնվությունը, խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը, միմյանց օգնելու ցանկությունը, ծրագրերն իրականացնելու ազնիվ ուղիները, արդարությունը, առատությունը: Թող այս տարում հաղթի միակ ճշմարտությունը, այլ ոչ թե յուրաքանչյուրն առաջ մղի սեփականը` բաժանելով մարդկանց, թշնամացնելով երկրները:

Արփի Խաչատրյան

Դեպի թանգարան խորագիր ամանոր

Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
«Փաստ». Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
Ավելին
Ավելին