Երկրի ներսում մենք թշնամիներ չունենք, և այսուհետ մեր պայքարը չի լինելու ինչ-որ բանի դեմ, մենք պայքարելու ենք հանուն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը:
Գևորգյանը խոսելով իրենց նորաստեղծ կազմակերպության մասին նշեց, որ նպատակ ունեն համախմբելու ազգային արժեքների և ինքնության համար պայքարող գործիչներին, անհատներին և կազմակերպություններին՝ հանուն միասնական ազգային պետության կայացման:
«Նրանք, ովքեր չեն ծառայում Հայաստանին և շարունակում են դրսից պատվեր կատարել, իրավունք չունեն մնալ իշխանության, նրանք պետք է հեռանան»,-ասաց Գևորգյանը:
Նրա խոսքով՝ հայկական ազգային արժեքների եւ պետականության համար պայքարն անհնար է առանց «գլխի» դեմ քաղաքական պայքարի: «Արդեն երկու տարի է՝ փորձում ենք բացել հասարակության աչքերը եւ ցույց տալ արտաքին ուժերի գործողությունները՝ ուղղված մեր պետության դեմ: Այսօր մենք շատ ժամանակ չունենք, եւ վաղը ամեն ինչ կարող ենք կորցնել: 90-ականների սկզբին մեզ անվանում էին ահաբեկիչներ, 90-ականների կեսերին՝ արդեն հերոսներ: Այսօր մեր մասին մոռացել են: Կոչ եմ անում համաքաղաքացիներին պատասխանատվություն ստանձնել երկրի ճակատագրի եւ սերունդների ապագայի համար: Իմ բոլոր մարտական ընկերները կիսում են այդ հայացքները, մեր շարքերը համալրվում են ամեն վայրկյան»,-ասաց Գեւորգյանը:
Նա վստահեցրեց, որ պայքար է տարվում ոչ թե ինչ-որ բանի դեմ, այլ հանուն ազգային արժեքների, ժողովրդի ու պետության:
«Հասարակության մեջ պառակտում թույլ տալ չի կարելի: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ, մենք թշնամիներ չունենք, մենք պայքարում ենք արտաքին հակառակորդի դեմ, որը սպառնում է ներսից պառակտել հասարակությունը»,-եզրափակեց Գեւորգյանը: