f

Անկախ

Բելառուսյան քրոնիկոն․ ընդդիմությունն ունի նոր առաջնորդ, իսկ Լուկաշենկոն ցանկանում է փոփոխել սահմանադրությունը


Բելառուսում Լուկաշենկոյի հեռացման և նոր նախագահական ընտրությունների նշանակման պահանջով չորրորդ շաբաթն է, ցույցեր են ընթանում։ 26 տարի երկիրը ղեկավարած Լուկաշենկոն դեռևս համառում է և հեռանալու մտադրություն չունի։ Փոխարենը նա արձագանքել է ընդդիմադիր մի թևի պահանջին և հայտնել սահմանադրական փոփոխությունների մտադրության մասին։ Իսկ ընդդիմությունն այս պահին ունի երկու առաջնորդ․ ընտրություններում Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխոնովսկայան, որն ապաստանել է Լիտվայում և այնտեղից է առաջնորդում համաժողովրդական շարժումը, և Մարիա Կոլեսնիկովան, որը եղել է  նախագահության նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի  շտաբի համակարգողը, ապա դարձել է Տիխոնովսկայայի համակիրը։

Կոլեսնիկովան օրեր առաջ իր մի խումբ գործընկերների հետ հայտարարել է «Միասին» կուսակցության ստեղծման մասին։ Կուսակցության առաջնահերթություններից մեկը սահմանադրական փոփոխություններն են։ «Երկիրը գտնվում է քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամում։ Եվ մենք միասին գիտենք, թե ինչպես հաղթահարել այդ ճգնաժամը։ Հարյուրավոր և հազարավոր  բելառուսներ՝ տաղանդավոր մասնագետներ, պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել և միասին կառուցել նոր Բելառուս»,- հայտարարել է Կոլեսինկովան։

Արդյո՞ք կուսակցության ստեղծումը կնպաստի քաղաքական պայքարին

Քաղաքագետների կարծիքով՝ Բաբարիկոյի թիմը սխալ ժամանակ է ընտրել կուսակցություն հիմնելու համար։ Նախ, քիչ հավանական է, որ իշխանությունները կգրանցեն նորաստեղծ կուսակցությունը։ Երկրորդը, այսպիսով համազգային պայքարը քաղաքականացվում է և մասնատվում։ Կուսակցություն ստեղծելու գաղափարը հենց հանրությունը միանշանակ չի ընդունել, քանի որ Համակարգող խորհուրդը, որի մաս են կազմում Կոլեսնիկովան և նրա արդեն կուսակից ընկերները, ստեղծվել էր իշխանության փոխանցումն ապահովելու համար։

Եվրոպական տրանսֆորմացիայի կենտրոնի տնօրեն Անդրեյ Եգորովը մեկնաբանելով  կուսակցություն ստեղծելու  նպատակահարմարությունը, հայտարարել է․ «Մենք տեսնում ենք համախմբված ժողովրդական շարժում, որը հիմնված է նվազագույն պահանջների վրա․ նոր ընտրություններ, քաղբանտարկյալների ազատում և փոփոխություններ քաղաքական համակարգում։ Ցանկացած կուսակցական ծրագիր և հստակություն այն մասին, թե ինչ փոփոխություններ են պետք, ինչպիսին պետք է լինի աշխարհաքաղաքական կողմնորոշումը, կտրոհի հանրային կոնսենսուսը»։

Տիխոնովսկայի շտաբը ևս հայտարարել է, որ ճիշտ է, դրական է դիտարկում կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը, սակայն չի համարում, որ այս պահին սահմանադրական փոփոխություններն են առաջնահերթություն։ «Պետք չէ փոխել  քաղաքական օրակարգը սահմանադրական փոփոխությունների քննարկմանն անցնելով։ Կոչ եմ անում լսել այն, ինչ ասում է ժողովուրդը։ Նախ՝ հանրային պահանջը, հետո միայն բարեփոխումները, որոնք հնարավոր են միայն արդար ընտրություններից հետո»,- հայտարարել է Տիխոնովսկայան։

Իսկ Լուկաշենկոյի՝ երկխոսելու և սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պատրաստակամությունը քաղաքագետները համարում են մանիպուլյացիա։ Նրանք համարում են, որ Լուկաշենկոն չի կարող որևէ փոփոխություն նախաձեռնել, որը կթուլացնի իր իշխանությունը։

Ունի՞ արդյոք ընդդիմությունը հաղթելու շանսեր

Տարբեր քաղաքագետների կարծիքով՝ եթե պայքարը շարունակվի միասնական ու գրագետ, ինչպես եղել է նախորդ շաբաթներին, ապա այո, ընդդիմությունը հաղթելու շանս կունենա։ Սակայն քաղաքագետները կարևորում են, որ ընդդիմության պայքարը համակարգող խորհուրդը շարունակի մնալ միասնական և ժամանակից շուտ թևերի ու խմբավորումների չբաժանվի։

Դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ

Եթե ընտրություններից առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի ստվերն էր տեսնում իր մրցակիցների հետևում, ապա այժմ նա արևմտյան երկրներին է մեղադրում Բելառուսի ներքին գործերին միջամտելու փորձի մեջ, իսկ Ռուսաստանին համարում Բելառուսի ավագ եղբայրը։ Լուկաշենկոն և Պուտինն արդեն իսկ պայմանավորվածություն ունեն աջակցության մասին․ ստեղծվել է ռուս իրավապահների հատուկ խումբ, որը կմիջամտի դեպքերի զարգացմանը խիստ ծայրահեղ պարագայում։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է․ «Ալեքսանդրի Գրիգորևիչն  ինձ խնդրել է  հատուկ պահուստային խումբ ստեղծել իրավապահ համակարգի աշխատակիցներից։ Ինչը և ես արել եմ։ Սակայն մենք նաև պայմանավորվել ենք, որ այն չի օգտագործվի, քանի դեռ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել»։

ԱՄՆ պետդեպը, սակայն, հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները կվատանան, եթե Մոսկվան ուժ կիրառի Բելառուսում։ «Եթե նրանք կարծում են, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները բարդ են եղել վերջին չորս տարիներին, ապա դրանք կարող են ավելի վատանալ»,- հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը։

Ուշագրավ է, որ Ռուսաստանի հանդեպ իր դիրքորոշումն է ներկայացրել նաև ընդդիմության նոր առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան։ «Բելառուսների մեծամասնությունը գիտակցում է Ռուսաստանի կարևորությունը որպես տնտեսական ու քաղաքական գործընկերոջ, ինչպես նաև ընդհանուր մշակութային կապերը, ուստի ընդդիմությունը դա կասկածի տակ չի դնում»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Բելառուսին պետք են շփումներ նաև այլ երկրների հետ։

«Բելառուսը գտնվում է Եվրոպայի կենտրոնում՝ Ռուսաստանի, ԵՄ-ի և Ուկրաինայի միջև։ Եվ մեզ համար շատ կարևոր է, որ բոլոր գործընկերների հետ ունենանք փոխշահավետ և պրագմատիկ հարաբերություններ»,- հայտարարել է նա՝ վստահեցնելով, որ անգամ չի քննարկվում Ռուսաստանի հետ ընդհանուր միություններից դուրս գալու հարցը։

Եվ մինչ ընդդիմությունը պնդում է, որ Լուկաշենկոն է, որ ձախողել է Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ հիշեցնելով նախկինում առաջացած խնդիրները հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում, Լուկաշենկոն  ընդդմիությանը մեղադրում է կեղծավորության մեջ։ Նա պնդում է, որ ընդդիմության սկզբնական ծրագրում նախատեսված է եղել, որ Բելառուսը պետք է դուրս գա ՌԴ-ի հետ ընդհանուր միություններից, սակայն հետո այդ դրույթը խմբագրվել է։

Նախապատմությունը

Իսկ ամեն ինչ սկսվեց  նախագահական ընտրություններից։ Այս անգամ նախագահի ոչ ստանդարտ երեք թեկնածուներ էին ի հայտ եկել․ բլոգեր Սերգեյ Տիխոնովսկիյը, որն, ի վերջո, որպես թեկնածու գրանցվելու փոխարեն հայտնվեց բանտում։ Ամուսնու պայքարը շարունակեց նրա կինը՝ դառնալով Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը։

Մյուս թեկնածուն դիվանագետ և նախկին բանկիր Վիկտոր Բաբարիկոն էր, որը ևս հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։ Իսկ մյուս պոտենցիալ թեկնածուն՝ ՏՏ ոլորտի գործարար  Վալերիյ Ցեպկալոն երկրից հեռացավ՝ ԿԸՀ-ի կողմից որպես թեկնածու գրանցման մերժում ստանալով։

Արդյունքում՝ օգոստոսի 9-ին տեղի ունեցան նախագահական  ընտրությունները, որտեղ Լուկաշենկոն, ըստ պաշտոնական տվյալների, ստացավ քվեների 80 տոկոսից ավելին, իսկ նրա մրցակիցը՝ Տիխոնովսկայան՝ 10 տոկոսը։ Ընտրությունների արդյունքները, սակայն, ընդունելի չէին թե հանրության մի մասի, թե ընդդիմության համար։ Արդյունքում մարդիկ փողոց դուրս եկան և Բելառուսի համար աննախադեպ  ցույցեր սկսվեցին։ Ձևավորվեց Համակարգող խորհուրդը, որը ապահովում է միասնական պայքարը և կոչված է ապահովելու իշխանության փոխանցումը։

Այս ընթացքում հազարավոր մարդիկ են ձերբակալվել, ՄԱԿ-ի տվյալներով 450 մարդ խոշտանգումների է ենթարկվել, 3 մարդ մահացել է, կան նաև անհետ կորածներ։

 

 

 

 

Բելառուս Բողոքի ցույցեր խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Դատական նիստերը կիրականացվեն հեռավար. ԲԴԽ որոշումը
Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը
ՊԲ-ն ոչնչացրել է ադրբեջանական հետախուզա-հարվածային «IAI Harop» ԱԹՍ
Պատմաբան. ահաբեկիչների ծառայություններից օգտվելը կարող է ապակայունացնել իրավիճակը նաեւ պատվիրատուների մոտ
Հունական Սերեի քաղաքային խորհուրդը հաջակցություն հայերի կբարձրացնեի ՀՀ դրոշը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը նոր հրամանատար ունեն
Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան
Վաղինակ Սարգսյանը ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից
Իդլիբում Ռուսաստանի գործողությունները ցույց տվեցին, որ Մոսկվան աջակցում է Հայաստանին. Արմեն Մարուքյան
«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ-ի որոշումը
Կոսովո, Ղրիմ՝ կարգավիճակի գերադասման միտումներ. Շահան Գանտահարյան
Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան
Հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառում է հրթիռահրետանային միջոցներ. Դավիթ Թորոսյան
ԵՀ-ում գնահատել են  մի քանի երկրներում ֆրանսիական ապրանքների բոյկոտի մասին տվյալները
Զինված ուժերի զորավարժարաններում շարունակվում են Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված կամավորականների մարզումները. ՀՀ ՊՆ
Ավստրիան դադարեցրել է թուրքական Bayraktar անօդաչուների համար մասերի մատակարարումը․ Der Standard
Ռուսաստանում  մեկ օրում  կորոնավիրուսի ռեկորդային  թվով  դեպքեր  են գրանցվել
Թուրքիան կարող է հրդեհել ողջ Կովկասը. The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը
Բայդենն՝  ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքի մասին
Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ
Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով. ԱՀ կառավարությունը ընդունել է Ռազմական դրության ժամանակ վարձատրության որոշում
Թշնամու ԱԹՍ-երի հարվածներից վնասվել են Հայաստանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք, և Սյունիքի՝ Արծվանիկ, Դավիթ Բեկ խաղաղ բնակավայրերը
Գագիկ Ծառուկյանի կոչով և գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ. Վահե Էնֆիաջյան
Լոռիում կազմավորված ջոկատները վարժանքներին մասնակցում են ամենայն պատասխանատվությամբ. Անդրեյ Ղուկասյան
Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ աջակցությունը հայ ժողովրդին. Արմեն Սարգսյան
Ավելին
Ավելին