Մենք սահման բացելու գործառույթ չենք իրականացնում կամ որոշում, թե Ռուսաստանն ում ներս թողնի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա իրականացնող Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացողներին ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նա նշեց, որ տվյալ խնդրով իրենք որեւէ իրավասություն չունեն զբաղվելու եւ կան համապատասխան մարմիններ, որոնց զբաղվում են. «Մենք բանակցություններ չենք վարում, զբաղվում ենք Հայաստան-Սփյուռք կապերով, այս քաղաքացիները չեն կարող հետ վերադառնալ օբյեկտիվ պատճառներով` համավարակով պայմանավորված։ Պետք է դիմել Արտաքին գործերի նախարարություն կամ պարետատուն, մենք սահման բացելու գործառույթ չենք իրականացնում, կամ որոշելու` Ռուսաստանն ում է ներս թողնում, ում չէ՞»։
Հարցին` արդյոք հայկական կողմն այս հարցի վերաբերյալ ձեռնարկած անելիքներ չունի՞, Զարեհ Սինանյանը համոզմունք հայտնեց, որ հայկական կողմը միանշանակ ինչ-որ քայլեր անում է:
Հիշեցնենք, որ արդեն մոտ 6 ամիս է ՌԴ քաղաքացիներն, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք ցանկանում են մեկնել Հայաստանից եւ բողոքի ակցիա են իրականացնում փակ սահմանները բացման համար։ Նրանք պահանջում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից քայլեր ձեռնարկել։