Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի վարչությունների և բաժինների պետերի մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը:
Շիրակի մարզպետը նախ շնորհավորել է ներկաներին սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը ներկայացրել է մարզում տիրող իրավիճակը կորոնավիրուսի հետ կապված: Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը ներկայացրեցրել է կրթական համակարգում իրականացված աշխատանքները: Բոլոր դպրոցները պատրաստ են ընդունել դպրոցականներին սեպտեմբերի 15-ին, դպրոցների տնօրեններն առաջնորդվելու են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված ուղեցույցով, կատարվել են բոլոր ցուցումները աշակերտների և ուսուցիչների անվտանգությունն ապահովելու համար: Ընթացիկ որոշ հարցեր կկարգավորվեն արդեն դասապրոցեսի սկսվելու հետ:
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման հայտերի ներկայացման և այսօրվա դրությամբ կատարված ու ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցել է Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը:
2020 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 68 հայտ, որից հավանության է արժանացել 61 ծրագրային հայտ:
Քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը ներկայացրել է ճանապարհաշինության բնագավառում իրականացված աշխատանքները,այս ոլորտում ներդրումների ծավալը կկազմի 22 միլիարդ 600 միլիոն դրամ:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանն էլ անդրադարձել է այս տարվա բերքատվությանը: Կարտոֆիլի լավ բերք է սպասվում: 2020 թվականին մարզի գյուղատնտեսությունը կարկտահարությունից կրել է շուրջ 1 միլիարդ դրամի վնաս: Պատասխանատուն կարևորել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի իրակականացումը, որի հիմնական նպատակն է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքաշրջանառության խթանմանը և ցանքատարածքների ավելացմանը: