«Կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաև ժողովրդի պատիվն է, որովհետև ժողովրդի, գործատուի պատիվն է նաև, թե ինքն իր ծառային, իր աշխատողին ոնց է վերաբերում»,- օրերս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական համակարգում շռայլ պարգևավճարներին և դրանց նկատմամբ հանրային բացասական արձագանքին։
Հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ պատիվն է սիմվոլիկ վարձատրություն ստացող ուսուցիչն ու բուժաշխատողը, դեղատանը դողդղացող ձեռքերով վերջին կոպեկները հաշվող ու այդպես էլ սննդի ու դեղերի ծախսն ամսական թոշակի մեջ չտեղավորող թոշակառուն։ Ո՞ւմ պատիվն է, որ ըստ վիճակագրական տվյալների Հայաստանում աղքատ է յուրաքանչյուր 3-րդ երեխան, իսկ գյուղական բնակավայրերում ապրող երեխաների 82 տոկոսը խոցելի պայմաններում է ապրում։
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացին, որ պարտավոր է իր երեխայի ամսական ապրուստը տեղավորել 26500 դրամի սահմաններում, քանի որ իր «ծառաների», այն է՝ իշխանավորների կարծիքով, այդքանն իրեն բավարար է, պետք է իրենից ու իր երեխայից խլի և տա պետությանը՝ ապահովելու իր «ծառաների» շռայլ պարգևավճարները։
Երբ իրենց ժողովրդի իշխանություն համարողները իրենց քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում, երբ նրանց չի հուզում իրենց ժողովրդի խնդիրներն ու հոգսերը, ինչո՞ւ պետք է այդ պարագայում ժողովրդին հետաքրքրի նույն այդ իշխանավորների բարեկեցությունը։
Ժողովրդական իմաստությունը հուշում է՝ ինչ որ ցանես, այն էլ կհնձես։ Հիմա ժողովուրդը, շարքային պողոսները իշխանավորներին բարձր աշխատավարձից բացի նաև պարգևավճարներ ու բարեկեցիկ կյանք են ապահովել։ Իսկ ի՞նչ են ստացել դրա դիմաց։ Թերևս արհամարհվածություն ու անտեսվածություն։ Քանի որ կյանքը բումերանգ է, տրամաբանությունը հուշում է, որ հաջորդիվ նույնը ստանալու են և իրենց ժողովրդի ծառա հորջորջածները։
Իսկ մինչ այդ Հայաստանը շարունակում է ապրել երկու զուգահեռ իրողություններում։ Մի կողմից օր օրի մարմնի զանգված ավելացնող իշխանավորներն են, որ պետբյուջեի հաշվին կյանքի բարիքներն են վայելում ու համարում, որ այդպես էլ պետք է լիներ, մյուս կողմից այդ պետբյուջի մուտքերն ապահովող շարքային քաղաքացիներն են, որոնց գլխավոր խնդիրն է ընտանիքին գոնե օրվա հաց ապահովել՝ մոռանալով մնացած բոլոր կարիքների մասին։
Խնդիրը սուր է հատկապես այս տարի․ համավարակի պատճառով արտագնա աշխատանքի վաստակով ապրող ընտանիքների մեծ մասը գոյության պայքար է մղում․ փակ սահմանների պատճառով զրկվել են ողջ տարվա իրենց ապրուստից։ Չափազանցություն չի լինի ասել, որ մարդիկ իրենց պատեպատ են տալիս՝ մի քանի կոպեկ վաստակելու և իրենց ընտանիքի գոյությունն ապահովելու համար, մինչև ավելի լավ ժամանակներ կգան։ Մթերային խանութներում էլ պարտքատետրերը օրեցօր ավելի հաստափոր են դառնում՝ էլի սպասելով խոպանչիների համար լավ ժամանակներին։
Ծանր վիճակում են նաև համավարակից առավելագույնս տուժած ոլորտների աշխատակիցները։ Մարդիկ կան, որ գարնանից ի վեր հարկադիր պարապուրդի են մատնված և բնականաբար տուն գումար չեն տարել։
Մի լավ օրի չեն նաև աշխատողները, հատկապես պետական ոլորտի։ Գաղտնիք չէ, որ ուսուցիչները, որոնք ամենապատասխանատու գործն են կատարում՝ ապագա սերունդն են կրթում, ստանում են սիմվոլիկ վարձատրություն։
Պակաս սիմվոլիկ չէ նաև առաջնային օղակի բուժաշխատողների վարձատրությունը։ Իսկ օրերս էլ Մարալիկի ծննդատան աշխատակիցներն էին բողոքի ցույց անում․ 7 ամիս է, աշխատավարձ չեն ստացել։ Հիշեցնենք, նախարարն ուզում էր 17 համայնք սպասարկող ծննդատունը փակել․ դա ավելի հեշտ լուծում է, քան ծննդատունը վերազինելը և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելը։
Եվ այս համատեքստում իշխանության ներկայացուցիչների պարբերական ու շռայլ պարգևավճարները, հատկապես այն պարագայում, երբ նրանց «քրտնաջան» աշխատանքի արդյունքը շարքային քաղաքացին ոչ տեսավ, ոչ էլ դրական մի փոփոխություն զգաց, առվազն տարակուսանք են առաջացնում՝ նմանվելով ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանքի։
Ավելի բարոյական կլիներ, որ ժողովրդի իշխանություններն էլ, համերաշխ լինելով պետությանը և ժողովրդին, մի փոքր ձգեին իրենց գոտիները՝ շռայլությունները թողնելով ավելի լավ ժամանակների։
Այլապես խիստ կասկածելի է, որ իր երեխայի օրվա ապրուստն ապահովել չկարողացող քաղաքացին կարող է «ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք էդ պարգևավճարի կարիքն ունեն, թալանով չեն զբաղված», ինչպես վարչապետն է պնդում։