Տեղ համայնքի բնակիչ Էդգար Ավագյանի անասունները սատկել են կայծակից։ Այս մասին տեղեկանում ենք «Լաստ» լրատվականի ֆեյսբուքյան էջից:
«Սիսիանի տարածաշրջանի բարձրադիր արոտավայրում տեղացած հորդառատ անձրևի և կայծակի հետևանքով փոքր եղջերավոր անասուններից 28-ը սատկել են, մոտ 10-ն էլ կիսասատկած վիճակում են։ Էդգար Ավագյանը հայտնվել է անելանելի վիճակում։ Ընտանիքի հոգսը լուծում էր անասնապահությամբ, և մոտ 40 փոքր եղջերավոր անասունի կորուստը տնտեսական մեծ վնաս է նրա ընտանիքի համար։ Թե ինչպիսի աջակցություն կտրամադրվի բնական աղետից տուժած Ավագյանների ընտանիքին առայժմ պարզ չէ։ Սակայն Գյումրիում հուլիսի 27-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի դեպքերին արձագանքած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել էր, որ նման բարդ իրավիճակում հայտնված որևէ մեկն անտեսված չպետք է լինի»։