Սահմանները փակ են, աշխարհն՝ ինքնամեկուսացած, և շատերին մնում է ապրել հեռավոր ծովերի հուշերով կամ Սևանա գեղեցկուհուն վերաիմաստավորելով։ Ոմանց համար էլ լավ առիթ է բացահայտելու հայկական գյուղերը՝ լեռներում ծվարած ու աշխարհից ամոթխած։
Այդպես բացահայտեցինք Քարաձորը՝ Լոռու խորունկ ձորերում թաքնված համեստ մի գյուղ, որ հիմնադրվել է 1836 թվականին, 88-ի երկրաշարժի ժամանակ հիմնովին ավերվել ու երկրորդ վերածնունդն ապրել 90-ականների սկզբին՝ վերակառուցվելով կալմիկական և դաղստանյան շինարարների ջանքերով։ Ահա թե ինչու գյուղի գրեթե բոլոր տներն իրար նման են՝ միահարկ, փայտե սրածայր կտուրներով։
Գյուղի միակ շքեղ, եռահարկ առանձնատունը, որտեղ մենք ապրեցինք մեկ շաբաթ, բոլորովին վերջերս է դարձել հյուրատուն՝ ընդառաջ գնալով կորոնավիրուսի արդյունքում մեծացած ներքին տուրիզմի պահանջակին։
Marti's Rest Hous-ը գյուղի բարձրադիր գոտում էր և իր դիրքով ու հպարտ տեսքով ասես հսկում էր գյուղը վերևից։ Դա հյուրատուն էր, որտեղ, սակայն, զգում էիր գյուղի ողջ եռուզեռն ու ռիթմը, դառնում գյուղական միջավայրի մի մասնիկն ու վայելում կատարյալ էկո հանգիստ՝ հարևանների հետ առավոտյան համատեղ սրճախմությամբ, դեսից-դենից բամբասելով, գյուղի կածաններն ու արահետները բացահայտելով և իհարկե անարատ գյուղմթերք ձեռք բերելով։
Մեր ամենամոտ հարևանուհին տիկին Սիլվան էր։ Նրա այգին իսկական հրաշք էր։ Կարգուկանոնով ու խնամքով կողք-կողքի շարված բանջարեղենի թփերից փայլփլում էին դդմիկը, վարունգը, պղպեղն ու լոլիկը։ Կողքից լոբու գանգուրներն էին դեպի երկինք ձգվում։ Ավելի խորքում պտղատու ծառերն էին՝ անմահական բերքով։ Իսկ այգու արևածաղիկների շարքն իսկական ֆոտոսեսիայի տաղավար էր, հատկապես արևածաղիկը միայն սերմի տեսքով և տուփի մեջ փաթեթավորված տեսնել սովոր երևանցու համար։
Տիկին Սիլվայի այգում ամենօրյա ջանք ու սեր էր դրված, ու երբ մի օր սկսեցինք գովել նրան, նրա սուրճի մշտական ընկերը՝ տիկին Մարուսը, միանգամից վրա բերեց․ «Էտ հո Սիլվայի՞ շնորհքը չի, Շոթան է ամբողջն անում»։ Շոթան տիկին Սիլվայի ամուսինն է։
Շոթան ու Սիլվան երկու աղջիկ, մի տղա ունեն։ Աղջիկները Վանաձորում են ամուսնացած, իսկ որդին աշխատում է Երևանում։ Անհամբեր սպասում են, թե երբ է աղջիկ գտնելու, որ ամուսնանա։ Ասում են՝ արդեն ուշացնում է, 30-նն անց է։
Գունագեղ ծաղիկների, փարթամ այգու ու բացօթյա սուրճի սեղանի շուրջ խոսակցությունը հոսում է դեպի անցյալ, հասնում ցավոտ օրերին, ու տիկին Սիլվան հիշում է երկրաշարժը։ Պատմում է, որ այդ ժամանակ տանն էր, երեքամյա որդուն էր խնամում, իսկ աղջիկները դպրոցում էին։ Երբ տունը սկսում է ցնցվել, վազում է, որդուն թևի տակ առնում։
«Մեկ էլ տեսնեմ՝ մի մեծ քար վերևից ընկավ։ Կռացա երեխու վրա, քարն ընկավ գլխիս, արյունլվիկ եղա, բայց երեխուն բան չեղավ։ Ուզում էի տնից արագ դուրս գալ, բայց մեծ քարեր էին թափվել, չէի կարողանում։ Սկեսրայրս քարերը մի կողմ տարավ, դուրս եկանք, ու տունը փլվեց»։
Երկրաշարժի հետևաքով գյուղը փլատակների է վերածվում, գյուղի դպրոցը՝ նույնպես։ Երբ ամուսինը վազում է դեպի դպրոց, որ աղջիկներին փրկի, տեսնում է՝ նրանցից մեկն ինքնուրույն փլատակների տակից դուրս եկավ՝ դպրոցական պայուսակն ուսին։ Մյուս աղջիկը դուրս գալ չէր կարողանում, համազգեստը մնացել էր գերանների արանքում։ Հայրը մտնում է փլատակների տակ, գերանը բարձրացնում ու երեխային մի կերպ դուրս հանում։ Ցավոք, դպրոցում զոհվում են ուսուցիչներ ու աշակերտներ։ Ընդհանուր առմամբ գյուղում 38 հոգի երկրաշարժի զոհ է դառնում։ Փոքր գյուղի համար, որտեղ մոտ 60-70 տուն կար, փոքր թիվ չէ։
Թե որքան մարդ է այժմ ապրում Քարաձորում, տիկին Սիլվան ու տիկին Մարուսը հստակ չգիտեն։ Միայն գիտեն, որ գյուղում երիտասարդների թիվը գնալով կրճատվում է։ «Ըսկի հմի ո՛չ աղջիկ կա, ո՛չ տղա»,-ասում է տիկին Մարուսն ու ծիծաղելով ավելացնում,-նշանվելու մի աղջիկ ա մնացել, 30 տղա»։
Ասում են՝ գյուղում լավագույն դեպքում տարեկան 1-2 հարսանիք է լինում։ Վերջին անգամ հարսանիք եղել է նախորդ տարվա դեկտեմբերին։ Պարզ է, որ նորածինների թիվն էլ է քիչ։ Առաջին դասարան գնացողներն այս տարի ընդամենը հինգն են։
Տիկին Մարուսը, որ 80-նն անց կին է, բայց շատ երիտասարդ ու առույգ տեսք ունի, միայնակ է ապրում։ Ամուսինը մահացել է, որդիները Ռուսաստանում են ապրում, աղջիկը՝ Երևանում։ 7 թոռ ունի, 4 ծոռ, երկուսն էլ շուտով կծնվեն, բայց ինչպես ինքն է ասում՝ մի կոֆե եփող էլ չունի։ Միայնակությունը, սակայն, տիկին Մարուսի համար չէ։ Դրա համար գյուղում բոլորի տուն գնում է, բոլորի հետ շփվում։
Տիկին Սիլվային հիշեցնում է, որ մոտ օրերս պիտի գնան համագյուղացիներից մեկին ցավակցելու հարազատի մահվան կապակցությամբ։ «Ի՞նչ ես տանելու, Սիլվա»,-հետաքրքրվում է։ «Երկու գլուխ պանիր կվերցնեմ»,-արձագանքում է տիկին Սիլվան։
Մենք զարմանում ենք, իսկ կանայք բացատրում են, որ դա գյուղում ընդունված ձև է, և անիմաստ «բոնբոներկաների» փոխարեն գերադասում են համագյուղացուն ցավակցելու գնալ որևէ օգտակար բանով, ինչի կարիքը նրա ընտանիքն ունի։
Քարաձորի գլխավոր փողոցը, որի կենտրոնում գտնվում են գյուղապետարանի փոքրիկ, միահարկ շենքն ու գյուղի դպրոցը, մի փոքր առույգանում էր երեկոյան կողմ, երբ վառող արևն արդեն մայր էր մտնում, և ջահել հարսներն ու աղջիկները երեխաներին բերում էին գյուղի միակ խաղահրապարակ։ Մի քանի երկաթյա կարուսել ու մի սղարան, ու երեխաները գոհ ու երջանիկ խաղում էին։
Ամենահետաքրքիրն ու հաճելին Քարաձորում այն էր, որ գյուղացիները նույնիսկ առաջին անգամ մեզ տեսնելիս բարևում էին ու ժպտում, ասես հարյուր տարվա ծանոթներ էինք։ Իսկ երբ մի օր փողոցում քայլելիս ձեռքս գցեցի, որ ցանկապատից դուրս ելած մորենու թփից մորի պոկեմ, տանտիրուհին, որ տարեց մի կին էր, լայն ժպիտով դուրս եկավ ու համոզեց, որ ներս մտնենք մորի ուտելու։
Մի օր էլ գյուղի խանութ գնացինք ալյուր գնելու։ Չէինք մտածել, որ գյուղացին ալյուր չի գնում, ինքն է ստեղծում, հետևաբար գյուղի խանութում դժվար թե ալյուր վաճառվի։ Բայց խանութից, որը տան ներսում էր գտնվում, մեզ ձեռնունայն չճանապարհեցին։ Մի տոպրակ ալյուր նվիրեցին՝ ասելով, որ չամաչենք ու պետք եղած ժամանակ հանգիստ էլի ուզենք։
Մինչ Քարաձոր գնալը երբևէ մտքովս չէր անցնի, որ ամառային հանգիստը մի օր կանցկացնեմ մոռացված մի գյուղում, որտեղ խանութում նույնիսկ «նուտելլա» չկա, բայց կա այնքան ջերմություն, այնպիսի էկո միջավայր, որ մեկ շաբաթն ակնթարթի պես կանցնի, ու կմոռանաս, որ աշխարհում կա կորոնավիրուս, դիմակ ու սոցիալական հեռավորություն։
Քարաձորում կյանքը շարունակվում է այնպես, ինչպես կորոնավիրուսից առաջ։ Մարդիկ ապրում են այնպես, ինչպես կորոնավիրուսից առաջ։ Քարաձորում մարդիկ ապրում են մարդավարի, ամենակարևորը՝ հայավարի, իսկ գյուղում, «թու-թու-թու», կորոնավիրուսի դեպք չի գրանցվել։
Գյուղից հեռանալիս մեր հարևանների հետ հեռախոսահամարներ փոխանակեցինք՝ հաջորդ ամառ հանդիպելու ակնկալիքով։ Եթե անգամ երկրի սահմանները բացվեն, ու աշխարհը կրկին հասանելի լինի բոլորիս, հաստատ արժե ամառային մի քանի օր անցկացնել այս գյուղում և վայելել այն խաղաղությունն ու այն միջավայրը, որը չես գտնի նույնիսկ աշխարհի ամենաշքեղ հանգստյան գոտիներում։