f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Նախորդ շաբաթվա վերջում՝ օգոստոսի 9-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 40410-ի, ապաքինվածներինը՝ 32520-ի, մահվան դեպքերինը՝ 791-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ օգոստոսի 16-ին, վարակվածների թիվը հասավ 41 663-ի, որոնցից 34584-ն առողջացել են, մահացել է  818 մարդ, ընդհանուր կատարվել է  185310 թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ օգոստոսի 10-ին, հայտնաբերվել էր  23 նոր դեպք,  օգոստոսի 11-ին՝ 160, օգոստոսի 12-ին՝ 201, օգոստոսի 13-ին՝ 229,  օգոստոսի 14-ին՝ 276, օգոստոսի 15-ին՝ 196, օգոստոսի 16-ին՝ 168: 

Այսպիսով, մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվն աճել է 1253-ով՝ 107-ով պակաս, քան նախորդ շաբաթ: Փաստորեն, վարակվողների թիվը, ոչ այնքան կտրուկ, որքան նախորդ շաբաթներին, բայց շարունակում է պակասել: Մահերի թիվը նույնպես նվազում է: Եթե հաշվի ենք առնում կորոնավիրուսով վարակվածների այն 243 մահվան դեպքերը, որոնց մահվան պատճառը համարվում է այլ հիվանդությունը, ապա փաստացի համավարակի ողջ ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 1061 մարդ:

Այսուհանդերձ Հայաստանը մնում է առաջատարը տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը. 1. Հայաստան – 14 057, 2. Ռուսաստան – 6323, 3. Իրան – 4080, 4. Ադրբեջան – 3371, 5. Թուրքիա – 2952, 6. Վրաստան – 335

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են. 1. Հայաստան – 276, 2. Իրան – 233, 3.Ռուսաստան – 107, 4. Թուրքիա –71, 5. Ադրբեջան – 50, 6. Վրաստան – 4:

Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկայումս 13-րդ տեղում է: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման:

Օգոստոսի 12-ին կառավարության արտահերթ նիստում որոշում ընդունվեց արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգել 5-րդ անգամ, այն կտևի մինչև սեպտեմբերի 11-ը։  Սակայն վերացվեց Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի արգելքը, նրանք պետք է 14 օրով  ինքնամեկուսանան, բայց կարող են մինչ այդ թեստ հանձնել և բացասական արդյունքի դեպքում մեկուսացումից դուրս գալ։

Հույս հայտնելով, որ վերջին անգամ է երկարացվում արտակարգ դրության ժամկետը, վարչապետն ասել է, որ դիմակ կրելու պատշաճ մակարդակ ապահովելու դեպքում կարող ենք կորոնավիրուսի խնդիրը գործնականում լուծված համարել: Ըստ նրա՝ ապրիլ-մայիսին կորոնավիրուսի թվերը բարձրացել էին, քանի որ   իրավապահները բավարար խստություն չէին ցուցաբերել։ Իսկ ՀՀ քաղաքացիները շարունակում են նկարահանել ու սոցհարթակներում տարածել դրվագներ, թե ինչպես են ոստիկանները կանանց քաշքշելով և ուժի գործադրմամբ ոստիկանական մեքենա նստեցնում:

Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, ապա պարետի որոշմամբ՝ այն անձնական օգտագործման մեքենաներում այսուհետև պարտադիր չէ, նաև՝ գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցերին, ուխտագնացություններին, անհատական և խմբային արշավներին, էքսկուրսիաներին  և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցությանը։

Հայաստանի առաջին առաջնորդը, որն իր հարցազրույցներով օտարերկրյա լրատվամիջոցներին խայտառակում է հանրապետությունը

Շաբաթվա գլխավոր և ամենատխուր իրադարձությունը հավանաբար վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցն էր BBC-ի Hard Talk հաղորդման վարող Սթիվեն Սաքուրին, որը հանրության մեծ մասը խայտառակություն համարեց՝ նրա վիճակը համեմատելով «դասը չսովորած հոկտեմբերիկի հետ»: Նախ քննադատվեց նրա կցկտուր անգլերենը և ավելի խիստ՝ նրա պատասխանները, որոնք թերի էին և ոչ համարժեք Սաքուրի գրոհներին: Բացի անհարկի ինքնամեծարման զեղումներից, որոնք լրագրողր հեգնանքն էին շարժում, ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման առնչությամբ հստակ երևաց, որ բանախոսը լավ չի տիրապետում այն նյութին, ինչի մասին խոսում է:

Ամենաուշագրավը Սաքուրի այն հարցադրումն էր, ըստ որի՝ 2018-ին վարչապետ Փաշինյանը խոստացել էր խաղաղություն բերել հայ-ադրբեջանական հակամարտությանը, այնինչ այս հուլիս ամսին Հայաստանը նոր բախումներ հրահրեց։ Եվ Փաշինյանը չհերքեց, չասաց, որ 2018-ին խաղաղություն չի խոստացել: Գոնե հայ հանրությունը նման փաստ չի հիշում: Ուրեմն ո՞ւմ է խոստացել Փաշինյանն այդ խաղաղությունը: Փոխարենը նա նորից մեջտեղ բերեց իր առաջադրած անիմաստ բանաձևը՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար հարցի լուծման ընդունելի տարբերակը, որը տարակուսանքից ու ժպիտից բացի, այլևս որևէ արձագանքի չի արժանանում:

«Ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որն ասել է, թե հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար»,- ասել է Փաշինյանը, հավելենք՝ և առաջին առաջնորդը, որ միջազգային ասպարեզում ամոթի մեջ խեղդում է մեր երկիրը:

Հին ու նոր քրեական գործեր

Շաբաթվա սկզբին քրեական գործ հարուցվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և «Ազատության» ռադիոկայանի լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի առիթով՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով։ Իսկ Գասպարյանի փաստաբանը պնդում է, որ ոտնահարվել է իր վստահորդի՝ բնակարանի անձեռնմխելիության և մյուս սահմանադրական իրավունքները:

Նույն օրը արդեն 11 ամիս կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի փաստաբաններն ահազանգեցին, որ օգոստոսի 5-ին լրացել է Եվրադատարանի վճռի կատարման 15-օրյա ժամկետը, որով կառավարությունը պետք է ապահովեր  նրա անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում։ Խաչատրյանն անհապաղ վիրահատության կարիք ունի:

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատավարությունը  հետաձգվեց մեկ ամսով, քանի որ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը գրություն էր ուղարկել այն մասին,  որ հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով նիստին չի մասնակցի:

Օգոստոսի 12-ին «Սասնա ծռերի» գործով դատական նիստում դատախազները հրապարակեցին են իրենց մեղադրական ճառը։ Նրանք դատարանին միջնորդեցին «Սասնա ծռերի» անդամներից Վարուժան Ավետիսյանին ազատազրկել 8 տարի 9 ամիս ժամկետով,  Պավել Մանուկյանին՝  9 տարով, Արմեն Բիլյանին՝ 21 տարով, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ։ 

Իսկ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազարությունները կասեցված են, վարչապետին առաջարկեց իրեն և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին միասին պաշտոնանկ անել: Ֆեյսբուքում նա գրել է, որ «գլխավոր դատախազը սաբոտաժ է անում» և ժողովուրդը հիմա ամենաշատը նրա պաշտոնանկությանն է սպասում։ Միաժամանակյա պաշտոնանկությունն էլ, ըստ Սանասարյանի, ՊՎԾ-ում որոշակիություն կմտցնի և դատախազությանն առողջանալու հնարավորություն կտա:

Բողոքի ցույցեր

Օգոստոսի 12-ին կառավարության շենքի մոտ էին հավաքվել Ռուսաստան մեկնել ցանկացողները և կառավարությունից պահանջում էին միջոցներ ձեռնարկել, որպեսզի թույլտվություն ստանան: Ռուսաստանի Դաշնությունում ընտանիք ու աշխատանք թողած քաղաքացիները հուսահատ վիճակում են, նրանք զրկված են ապրուստի միջոցից, նույնիսկ քնելու տեղ արդեն չունեն, մի շաբաթ գիշեր-ցերեկ անցկացրել են Բագրատաշենի անցակետում:  Նրանցից մեկը,   դիմելով վարչապետին, ասել է՝ միայն դիմակ դնելու համար կռիվ անելով չէ. նախարարներիդ աշխատավարձերը կրճատիր, ճգնաժամ է, չէ՞, մնացածով էլ ժողովրդին օգնիր։

Նույն օրը Լանզարոտեի ու Ստամբուլի կոնվենցիաների, Ամուլսարի շահագործման, կրթական չափորոշիչների և բազմաթիվ այլ անարդարությունների դեմ բողոքով Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլի նստեց անվանի բռնցքամարտիկ, աշխարհի գավաթակիր ու բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր Իսրայել Հակոբկոխյանը։ «Հացադուլիս նպատակը մեր ազգի մասին մտահոգված բոլոր մարդկանց համախմբելն է, որ երկիրը կործանման չտանեն»,- ասել է նա և հավելել՝ երկրում տիրում է ատելության մթնոլորտ, կառավարությունը չի օգնում իր ժողովրդին:

Սիրիահայ գործարար Արա Տագեսյանն էլ, սպառելով իշխանության բոլոր մարմիններից պաշտպանություն ստանալու հույսերը, ասուլիս էր հրավիրել: Նա 2018-ից  Հայաստանում բիզնես է փորձում սկսել, 200 հա տարածք է գնել Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում, որի բնակիչները թույլ չեն տալիս այգեգործությամբ զբաղվել։ Ֆերիկցիներին անկարգությունների է հրահրում «Իմ քայլը» խմբակցությունից  Ռուստամ Բաքոյանը, որի դեմ իրավապահ համակարգի որևէ կառույց քայլեր չի ձեռնարկում, քանի որ «Իմ քայլից» է։

Հինգշաբթի էլ՝ կառավարության նիստի օրը, կառավարության շենքի մոտ էին հավաքվել Եկմալյան փողոցի բնակիչները, որոնք իրենց համարում են գերակա շահի զոհ և հանդիպում էին պահանջում։ Մեկուկես տասնամյակ իրենց բնակարաններին սպասող բնակիչների համբերությունը հատել է, և նրանք որոշել են դիմել տարբեր երկրների դեսպանատներ և ապաստան խնդրել:

Բողոքում էին նաև Վարդաշենի հանրակացարանի բնակիչները, որոնք նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումների պատճառով ամբողջ գիշերը դրսում էին անցկացրել: Երկրաշարժից քարեր են թափվել, և բնակիչները վախեցել են, որ 4-րդ կարգի վթարային շենքը, որում ապրում են, կփլվի: Շենքի բնակիչները, որ բազմաթիվ ցույցեր են արել շենքի նորոգման պահանջով, դարձյալ հիշեցրին իշխանություններին, որ 2015 թվականի որոշումն այդ մասին մինչ օրս չի կատարվել:

Մանե Թանդիլյանը հեռացավ քաղաքականությունից

Ուրբաթ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ հեռանում է մեծ քաղաքականությունից, վայր է դնում պատգամավորի մանդատը և դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդից տևական ժամանակ ունեցած առողջական խնդիրների պատճառով։ Հայտնի դարձավ, որ նա բուժում է ստանում հեռավոր Ավստրալիայում:

Հիշեցնենք, որ 2017 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նա միակ  կին քաղաքական գործիչն էր, որ ընտրվել էր ռեյտինգային կարգով:

Հասարակություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին