f

Անկախ

Ամենակարևոր պայմանը,  որը դրված է մեր  բրենդի առաջ՝  որակի ապահովումն է․ Ruben's ապրանքանիշի հաջողության բանաձևը


Մասնագիտությամբ ճարտարապետ- շինարար Ռուբեն Սահակյանն արդեն ութ տարի է, ինչ զբաղվում է ձեռագործ կաշվե պայուսակների և աքսեսուարների պատրաստմամբ։

Ruben's  բրենդի հիմնադիր և մոդելավորող Ռուբեն Սահակյանի՝  բնական կաշվից պատրաստած պայուսակների հավաքածուները  շատ կարճ   ժամանակում դարձել են  պահանջված և սիրված հաճախորդների կողմից ոչ միայն Հայաստանում, այլ նաև  երկրի սահմաններից դուրս՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ավստրալիա:

«Անկախ» -ը զրուցել է կաշվե իրերի ու պայուսակների դիզայներ, Ruben's  հայկական ապրանքանիշի  հիմնադիր-տնօրեն  Ռուբեն Սահակյանի հետ և պարզել նրա հաջողության բանաձևը։

-Հարգելի  Ռուբենմեր զրույցի  սկզբում  մի  փոքր  պատմեք  Ձեր մասին՝  հատկապես  անդրադառնալով կաշեգործության բնագավառում  Ձեր  գործունեությանըե՞րբ  և ինչպե՞ս  եք  սկսել  կաշեգործությամբ  զբաղվել:

-Կաշեգործությամբ  սկսել եմ զբաղվել 2012թ.- ից։ Ամեն բան սկսվեց նրանից, որ համացանցում տեսել էի մի թևնոց, որը շատ գեղեցիկ էր և շատ պարզ  պատրաստման տեսանկյունից.  գործիքներ, սարքավորումներ չէր պահանջում։ Զուտ հետաքրքրությունս բավարարելու համար՝  կստացվի արդյոք ինձ մոտ, թե ոչ,  որոշեցի պատրաստել։

Մեկ-երկու փորձից հետո ինձ մոտ ստացվեց։ Այդ գործում ևս բնավորությունս գլուխ բարձրացրեց. ես կամ չեմ անում, կամ անելիս փորձում եմ հասցնել կատարելության։

Եվ  թևնոցներից հետո հաջորդ քայլը  եղավ կաշվե պայուսակների ստեղծումը։ Այստեղ ևս բնավորությունս խաղաց իր  հիմնական դերը.    ամեն  պատրաստելուց փորձում էի ստեղծել ավելի բարդ, ավելի որակով, ավելի գեղեցիկ աշխատանքներ։ Եվ մինչև օրս էլ փորձում եմ կատարելագործվել։

Ոչ մի րոպե չեմ փոշմանել իմ կատարած ընտրության համար։ Երևի թե երջանկությունը  հենց դրանում է կայանում, որ կարողանում ես ճիշտ ընտրություն կատարել աշխատանքի հարցում։ Այն ինձ ապահովում է թե  ֆինանսապես,  և թե հաճույք է պատճառում որպես աշխատանք։

-Գիտեմ, որ արդեն յոթ-ութ տարի է, ինչ զբաղվում եք այս գործով: Ինչպե՞ս առաջացավ կաշվե պայուսակներ  ստեղծելու  և  դրանք «Ruben's»  բրենդով ներակայացնելու  միտքը։

-Արդեն նշեցի, որ այս գործով սկսել եմ զբաղվել 2012թ.-ից։ Թևնոցները որքան էլ որ տեխնիկապես  բարդ լինեն, դրանց պատրաստումը մեծ գիտելիքներ և տեխնիկա չի պահանջում։ Եվ տրամաբանական հաջորդ քայլն էր թևնոցներից անցնել պայուսակների։ Ինչու  տրամաբանական, քանի որ աշխատանքը բացի եկամուտից, պետք է իր մեջ նաև բարդություն կրի, համենայն դեպս ինձ համար այդպես է։ Եթե աշխատանքը շատ հեշտ է, դրա հանդեպ հետաքրքրությունը կորչում է։ Եվ այսպես կամաց-կամաց սկսեցի պայուսակներ կարել։

Երբ անցել են այսքան տարիներ,  երբ ունեմ որոշակի ձեռքբերումներ, շատերին թվում է, թե դա հեշտ ճանապարհ է եղել։ Բայց իրականում դա անտանելի բարդ, քրտնաջան աշխատանքի արդյունք է։

Աշխատել եմ առավոտից մինչ ուշ գիշեր, շաբաթվա յոթ օրը, ամսվա երեսուն օրը, որպեսզի կարողանամ հասցնել այն որակի, այն մակարդակի, որը առաջին հերթին բավարարի իմ աչքին, հստակ ասեմ, որ պայուսակը լավն է։

Այս ամենին կարողացել եմ հասնել տարիների ընթացքում՝  գիշեր-ցերեկ  աշխատելով։

Երբ ինչ-որ բան նոր ես սկսում, դա իրականում շատ բարդ է. դու չգիտես՝  ինչ  գործիք է հարկավոր, չգիտես ինչպես  ստանալ այս կամ այն ձևը  կամ չափը։ Բայց իմ կարծիքով, գործի հետաքրքրությունը հենց դրանում է կայանում, որ հաղթահարես դժվարությունները, և քո մեջ արթնանա վստահություն, որ դու կարող ես ամեն ինչ հաղթահարել և անցնել առաջ։

-Ձեր   ստեղծած կաշվե պայուսակները  և աքսեսուարները   տարբերվում  են մյուսներից. դրանք բացարձակապես  ձեռագործ  են, բնական կամ էկո կաշվից: Կներկայացնե՞ք,  որո՞նք  են Ձեր  ստեղծած  պայուսակների  առավելությունները:

-Էկո կաշվի հետ մենք սկսել ենք աշխատել վերջին երկու-երեք տարիներին։ Մինչ այդ մենք աշխատում էինք բացառապես բնական կաշվով։ Բնական կաշվով պայուսակները բավական թանկ են, նամանավանդ, երբ դրանք ձեռագործ են։ Սակայն ժամանակի ընթացքում հասկացանք, որ ոչ բոլորը հնարավորություն ունեն գնելու նման պայուսակներ և փորձեցինք գրավել  շուկայի  բոլոր  շերտերը. անցանք նաև էկո կաշվից պայուսակների պատրաստմանը։

Մեր պայուսակները տարբերվում են նաև նրանով, որ մենք  շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, որ հանկարծ չկրկնվենք, և չստացվի այնպես, որ մենք դիզայնը վերցրել ենք ինչ-որ մեկից։  Դա բավականին բարդ գործ է, քանի որ հիմա Հայաստանում շատ բրենդներ կան, որոնք զբաղվում են կաշվե պայուսակների արտադրությամբ։ Եվ շատ բարդ և հետևողական աշխատանքի արդյունք է, որ մեր պայուսակները երբեք չեն կրկնվում։

Բավականին հետաքրքիր գործընթաց է նոր մոդելի պատրաստումը, քանի որ նախօրոք չես կարող իմանալ,  թե պայուսակը ինչ հաջողություն կունենա։ Մոդել է լինում, որ պատրաստում ենք և ինձ թվում է, թե այն ցնցելու է շուկան, բայց ոչ մի վաճառք չի լինում, մեծ ուշադրություն չեն դարձնում այդ պայուսակին։ Լինում է մոդել, որ պատրաստում ես, մտածելով,  որ յուրահատուկ ինչ-որ բան չկա, բայց միանգամից  բում է կատարվում։ Մոդելներ ունեմ, որ մոտավորապես չորս- հինգ տարի առաջ ենք պատրաստել, բայց մինչ օրս այն վաճառվում է։ Իհարկե, փորձում եմ հասկանալ ալգորիթմը, թե որն է մարդկանց գրավում, որը՝  ոչ։ Բայց հիմա  դա չեմ կարող բացատրել։

Մեր ամենակարևոր առանձնահատկություններից մեկը  որակն է. այն պետք է լինի կատարյալ։ Ես գտնում եմ, որ եթե մարդը վճարում է, կապ չունի թե որքան, իր տված գումարին համարժեք որակ պետք է ստանա։

Եվ  չընկնելով գումար վաստակելու հետևից՝  պետք է հիշել, որ ամենակարևորը թերևս  որակն է։ Իհարկե, շատ հեշտ է որակը իջեցնել և  քանակ տալ, բայց հետագայում դու ուղղակի կորչելու ես շուկայից։ Ամենակարևոր պայմանը,  որը դրված է մեր  բրենդի առաջ՝  որակի ապահովումն է։

Բնականաբար, բնական կաշվից պայուսակները ամբողջովին ձեռագործ են։ Դրանք այլ որակ ունեն, էկո կաշվից պատրաստածները՝  այլ որակ։ Դրանք,  բնականաբար, համեմատել  չի կարելի։ Գնային առումով էլ նրանք խիստ տարբերվում են։ Բայց վստահ կարող եմ ասել, որ նույնիսկ  ամենաէժան պայուսակը  մենք  պատրաստում ենք մաքսիմալ բարձր որակի։

-«Ruben's»  բրենդի պայուսակներին  յուրօրինակ  հմայք  են հաղորդում հատկապես  այն , որ գրեթե բոլոր աշխատանքներում գերիշխող է մեր ազգային ոճը, ձևերը, գույները, հայկական զարդանախշերը: Ո՞վ  է այս հարցում Ձեր լավագույն խորհրդատուն. կպատմեք մի փոքր  Ձեր ստեղծագործական  թիմի  մասին:

-Յուրօրինակության վրա մենք ուշադրություն չենք դարձնում, դա իմ աշխատաոճն է, իմ երևակայությունն է, թե ինչպիսին եմ ուզում տեսնել կնոջ ձեռքի պայուսակը։ Երևի դա է մղում ինձ  ու դրա շնորհիվ է ստացվում այսպես յուրօրինակ։ Հայկական զարդանախշերի կիրառումը համեմատաբար նորություն է, վերջին տարիներին ենք անցել դրան։ Հայկական ոճով պայուսակները լավն են բոլոր առումներով՝  և՛  ոճային, և՛  առևտրային։ Ստեղծագործական թիմ որպես այդպիսին վերջին երկու-երեք տարում՝  դա իմ նշանածն է, իմ ապագա  կինը։ Վստահ կարող եմ ասել, որ երջանիկ մարդ եմ։ Կողքիդ ունենալ նման ընկեր,  ով  թե՛ դժվարության մեջ,  թե՛ ուրախ պահին քեզ հետ է և կարող է օգնել իր խորհուրդներով, դա իսկապես մեծ երջանկություն է։

-Բնականաբար, ձեռագործ ամեն պայուսակի վրա շատ ժամանակ ու էներգիա է ծախսվում  և նման  աշխատանքը  չի  կարող էժան  լինել:  Ձեր խանութ-սրահում ներկայացված կաշվե պայուսակների  և  աքսեսուարների գները որքանո՞վ  են  հարմար միջին վիճակագրական սպառողի գրպանին:

-Մենք աշխատում ենք և՛ բնական,  և՛  էկո կաշվով։ Էկո կաշվից պատրաստված պայուսակների վրա ձեռքի աշխատանքը կազմում է մոտ վաթսուն տոկոս։ Իսկ ամբողջովին ձեռքի աշխատանք, որին ոչ մի մեքենայացված սարքավորում չի դիպչում՝  դա ամբողջովին բնական կաշվից մեր պայուսակներն են։

Նման պայուսակների պատրաստման վրա իրականում շատ ժամանակ է ծախսվում, այդ իսկ պատճառով շատ մեծ պահանջարկի դեպքում  մենք ստիպված ենք լինում հրաժարվել։ Անգամ մեծ ցանկության դեպքում ես չեմ կարող մեծ քանակ ապահովել։

Բնական կաշվից միջին չափի պայուսակը մոտավորապես պատրաստվում է երկու օրվա ընթացքում։ Եվ,  համապատասխանաբար, դրա գինն էլ լինում է շատ բարձր։

-Հիմնականում ինչպե՞ս եք իրականացնում «Ruben's» ապրանքանիշի արտադրանքի վաճառքը: Արտերկրից պատվերներ ստանու՞մ  եք:

-Արդեն երեք տարի է, ինչ մենք վաճառք ենք իրականացնում նաև համացանցում։ Համագործակցություններ լինում են, սակայն տոկոսային հարաբերությամբ եթե նայենք, ապա արտադրանքի մոտ յոթանասուն տոկոսը վաճառվում է համացանցի միջոցով։ Դա նույնպես իմ ապագա կնոջ շնորհիվ է իրագործվում։ Ես տեխնիկայից լինելով հեռու մարդ՝ միայն դասական ձևով էի պատկերացնում  վաճառքը։ Ես վստահ էի, որ համացանցի միջոցով վաճառքը չի ստացվելու, սակայն առաջին իսկ օրվանից համացանցը սկսեց ապահովել մեզ առևտուր,  և օր օրի աճում էր մեր վաճառքի քանակը։ Եվ ես հասկացա, որ երևի «հին»  մարդ եմ, քանի որ համացանցը  իսկապես հզոր գործիք է։

Արտերկրից ևս պատվերներ լինում են. լինում են և՛ անհատական պատվերներ, և՛ համագործակցության  առաջարկներ։ Դրանց մի մասը մենք չենք կարողանում ընդունել, քանի որ նման մեծ քանակ մենք չենք կարող ապահովել, մենք գործարան չենք։  Եվ ես ամեն ինչ անելու եմ, որ մենք չվերածվենք ինչ-որ  գործարանի, որն  արտադրում է  պայուսակներ։

Մենք ամեն մի պայուսակի մեջ փորձում ենք դնել որոշակի շունչ, որոշակի էմոցիա։ Եվ ես համոզված եմ,  որ եթե մենք վերածվենք ինչ-որ  գործարանի, որն ուղղակի արտադրում է, մենք այդ շունչը կարող ենք կորցնել։ Եվ խուսափելով դրանից, ես աշխատում եմ մեր արտադրության ծավալները  շատ չմեծացնել  և բավարարվել մեր փոքր բրենդով։

Մեր պայուսակները որոշակի էներգետիկա են կրում։ Ճիշտ է, ես նման բաների այդքան էլ չեմ հավատում, բայց գրեթե մեր բոլոր հաճախորդներից լսում եմ, որ պայուսակը գնում են, և չեն կարողանում այլևս դրանից կտրվել։ Մենք ամեն մի պայուսակի վրա դողում ենք և աշխատում ենք  ոչ մի մանր թերություններ թույլ  չտալ։

-Ո՞րն է  Ձեր  ոգեշնչման  աղբյուրը, ի˚նչն  է  ստիպում  չկանգնել  ու շարունակ առաջ նայել:

-Իմ բախտը շատ է բերել, քանի որ երբ սիրում ես քո աշխատանքը,  կողմնակի ոգեշնչման աղբյուր դու չես փնտրում, աշխատանքն  ինքն  իրենով ոգեշնչում է քեզ։ Բայց  ինչպես ասել է Զիգմունդ Ֆրեյդը «Սերը և աշխատանքը մեր մարդկայնության անկյունաքարերն են»։  Ինձ համար անչափ կարևոր են իմ ընտանիքն ու աշխատանքը։ Ես երջանիկ եմ և՛  այնտեղ, և՛ այնտեղ.  դրանում է կայանում իմ երջանկությունը։ Ինձ ոգեշնչում է նաև երաժշտությունը, սիրում եմ ընթերցել հայտնի, հաջողակ  մարդկանց ինքնակենսագրականները։ Կարող եմ ոգեշնչվել պարզապես ինչ-որ մեկի հետ շփումից, մի խոսքով՝ ամեն ինչից։

Կուզեի  մեջբերել  Լեոնարդո  դա Վինչիի խոսքերը, թե  «1 տոկոս տաղանդն ու 99 տոկոս աշխատասիրությունը հավասար են հանճարի»: Ես իհարկե ինձ չեմ վերագրում հանճարների շարքին, բայց աշխատասիրությունը ամենակարևոր գրավականն է ՝  թե՛ ոգեշնչման,  թե՛ հաջողության։

Ես գտնում եմ, որ ցանկացած պարագայում, երբ մարդ չի հասկանում ինչպես առաջ գնա, ինչպես հաջողությունների հասնի, պետք չէ շատ մտածել և գտնել  ինչ-որ հանճարեղ ալգորիթմներ։ Պետք է ուղղակի գիշեր-ցերեկ աշխատել։ Ես վստահ եմ, որ ցանկացած բնագավառում  միայն այս կերպ հնարավոր կլինի հասնել հաջողության։

 

Հարցազրույցը՝  Թամարա  Թորոսյանի

Ռուբեն Սահակյան կաշեգործություն խմբագրի ընտրանի նորաձևություն

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին