Արևելագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ամփոփենք ԱՀ-ԹՀ համատեղ զորավարժությունների՝ մեզ առավել հետաքրքրող հատվածը, քանի որ այս անգամ, պայմանավորված հուլիսյան իրադարձություններով և դրանցից անմիջապես հետո համատեղ զորավարժությունների մեկնարկով, Ադրբեջանում հասարակական և քաղաքական բոլոր մակարդակներում բարձր էր զգայական ֆոնը և ընթանում էին ակտիվ քննարկումներ այդ երկրում Թուրքիայի մշտական ռազմական ներկայության, թուրքերի «փրկչական առաքելության», թուրքական զինուժի օգնությամբ «կորսված հողերի ազատագրության» և հարակից թեմաներով։
Թուրքիայի, թուրքական բանակի, Ադրբեջանում թուրքական ռազմական ներկայության, անգամ Արցախյան հարցի լուծման համար թուրքական անմիջական ռազմական օգնության ներգրավվման հարցում Ադրբեջանում չկա հանրային կոնսենսուս, և զորավարժությունների ամբողջ ընթացքում դա հոյակապ դրսևորվեց։
Ինչքան էլ թվային առումով մեծ է թյուրքական ինքնագիտակցություն ունեցողների և ըստ այդմ նաև Ադրբեջանում Թուրքիայի մշտական ռազմական ներկայության կողմնակիցների քանակը, սակայն կշեռքի մյուս նժարին կանգնած են իրանական և կովկասյան ժողովուրդները, որոնց ակտիվ ներկայացուցիչներից շատերը՝ թե Ադրբեջանի տարածքում, թե դրանից դուրս, շատ հստակ արտահայտեցին այդ երկրում Թուրքիայի մշտական ռազմական ներկայության անընդունելի լինելը իրենց համար։
Ադրբեջանում նախ փորձեցին այդ կարծիքը պաշտպանող թալիշներին, թաթերին, լեզգիներին և մնացածներին ներկայացնել՝ որպես «լուսանցքայիններ», բայց հետո աստիճանաբար քննարկումները տարան մի տեղ, երբ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ արդեն սկսեցին հայտարարել, որ այդ ժողովուրդների ներկայացուցիչների հանդեպ պետք է կիրառել տոտալ աքսորի, բռնաճնշումների և մահապատիժների քաղաքականություն, որովհետև ստեղծվել է թուրքերի միջոցով «հողերն ազատագրելու» պատմական հնարավորություն, որը փոշիացնում են «ԻԻՀ-ին, ՌԴ-ին և ՀՀ-ին ծառայողները»։
Նորից հաստատվում է էն, որ եթե Ալիևի մտածելիքը տան սարին, սարը կպայթի»։
Ամփոփենք ԱՀ-ԹՀ համատեղ զորավարժությունների՝ մեզ առավել հետաքրքրող հատվածը, քանի որ այս անգամ, պայմանավորված հուլիսյան...
Posted by Artyom Tonoyan on Friday, 14 August 2020