f

Անկախ

Կաթվածահար տնտեսություն, սովի սպառնալիք, հանրային դժգոհություններ․ Բեյրութի պայթյունի հետևանքները


Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը մի քանի վայրկյանում կաթվածահար է արել այդ երկրի տնտեսությունը․ այս նավահանգստով էր անցնում Լիբանանի բեռնափոխադրումների 80 տոկոսը։ Ավելին, պայթյունը ոչնչացրել է այդ երկրի ցորենի պաշարները․ ամբարը գտնվում էր հենց նավահանգստում։ Այժմ Լիբանանն ունի լավագույն դեպքում ցորենի, ալյուրի մեկ ամսվա պաշար, որից հետո կարող է անգամ սով լինել։

Բեյրութի նահանգապես Մարվան Աբուդը հայտարարել է, որ պայթյունը 15 մլրդ դոլարի վնաս է պատճառել։ Հաշվի առնելով, որ Լիբանանը տևական ժամանակ տնտեսական ճգնաժամի մեջ է, նախորդ տարվա հոկտեմբերից երկիրը անկայուն քաղաքական վիճակում է հակակառավարական և արմատական բարեփոխումներ պահանջող ցույցերի պատճառով, իսկ նոր կորոնավիրուսի համավարակն էլ ավելի էր սրել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, պայթյունի հետևանքները կարող են աղետալի լինել այս երկրի համար։ Որոշ փորձագետներ չեն բացառում անգամ քաղաքացիական պատերազմի վերսկսման վտանգը։

Ի՞նչ է տեղի ունեցել

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի տարածքում տեղի ունեցավ պայթյուն, որին հաջորդեց հրդեհը։ Այնուհետև հաջորդեցին մի քանի փոքր պայթյուններ և մեկ մեծ պայթյուն, որն առաջացրեց հզոր հարվածային ալիք․ այսպիսին է Բեյրութում տեղի ունեցած դեպքերի հաջորդականությունը ներկայում առկա տվյալների համադրության արդյունքում։

Աղետի մասշտաբները

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը լսվել է այդ երկրի ողջ տարածքում և անգամ այլ երկրներում։ Պայթյունն, օրինակ, լսելի է եղել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, որը Բեյրութից 240 կմ հեռավորության վրա է գտնվում։

Սեյմսոլոգների գնահատականների համաձայն՝ պայթյունի հզորությունը համարժեք է 4,5 բալ երկրաշարժին։

Պայթյունի էպիկենտրոնը գտնվում է Բեյրութի առևտրային փողոցից և զվարճանքի կենտրոններից ոչ շատ հեռու։ Հարվածային ալիքն այնքան ուժգին է եղել, որ հասել է անգամ 9 կմ հեռավորության վրա գտնվող օդանավակայան՝ ջարդուխուրդ անելով պատուհանները։ Ինչպես հայտնի է, հարվածային ալիքից տուժել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանատունը, որը պայթյունի վայրից շուրջ 15 կմ հեռավորության վրա է գտնվում։

Կարմիր խաչի տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվել է 130-ից ավել  մարդ և վիրավորվել է 4000-ից ավելին։ Առնվազն 100 մարդ անհետ կորած է համարվում։

Ինչպիսի՞ն է իրավիճակը պայթյունի վայրում

Բեյրութի նախանգապետ Մարվան Աբուդան հայտարարել է, որ հարվածային ալիքի հետևանքով շուրջ 300 հազար մարդ անօթևան է մնացել։  Լիբանանյան հիվանդանոցներն առանց այդ էլ գերծանրաբեռնված էին աշխատում նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Իսկ պայթյունից հետո առողջապահական հիմնարկները  ծայրահեղ վիճակում են հայտնվել, հազարավոր մարդիկ ստիպված են տան պայմաններում բուժել հիվանդանոցում տեղերի բացակայության պատճառով։

 «Սա աղետ է բառի ուղիղ իմաստով»,- հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Խամադ Հասանը։

Ինչևէ, կարևոր է, որ միջազգային հանրությունն օգնության է շտապում Լիբանանին․ մի շարք երկրներ առաջարկել են բժշկական պարագաներ, տեխնիկա, փրկարարներ, փրկարարական շներ և այլ օգնություն։ Հայաստանը հայտարարել է թիրախային օգնություն հատկացնելու պատրաստակամության մասին։

Ո՞րն է պայթյունի պատճառը

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ պայթել է առգրավված 2750 տոննա ամոնիումի նիտրատը։ Այն 6 տարի պահվել է պահեստում՝ չպահպանելով անվտանգության անհրաժեշտ կանոնները։ «Ես չեմ հանգստանա, մինչեւ չգտնենք տեղի ունեցածի պատասխանատուին և  նրան պատասխանատվության չենթարկեն: Անթույլատրելի է, որ 6 տարի 2 750 տոննա ամոնիումի նիտրատը պահվել է պահեստում»,- ասել է վարչապետը։

Ըստ վարկածի՝ ազգությամբ ռուս գործարարը մոլդովական դրոշով նավարկող Rhosus նավով  Վրաստանից Մոզամբիկ ամոնիումի նիտրատ է տեղափոխել 2014-ին։ Նավը, սակայն, ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով հայտնվել է Բեյրութի նավահանգստում։ Այնուհետև կուտակված պարտքերը չվճարելու պատճառով  բեռն առգրավվել է և տեղափոխվել պահեստ։

Բեյրութի նախանգապետ Մարվան Աբուդը հայտարարել է, որ դեռ 2014 թվականին ահազանգ է հնչեցվել հնարավոր պայթյունի մասին՝ հաշվի առնելով քիմիական նյութերի պահպանման ոչ համապատասխան պայմանները։

Ինչպե՞ս է առաջացել հրդեհը

Ըստ շրջանառվող վարկածի՝ հրդեհի պատճառ են դարձել եռակցման աշխատանքները։ Պահեստի պատում, որտեղ ամոնիումի նիտրատն  է եղել, ճաք է առաջացել։ Մասնագետներն այն փորձել են եռակցման միջոցով փակել։ Կրակի մասնիկներից հրդեհվել են նույն պահեստում պահվող հրավառության պարագաները։ Հրդեհը տարածվել է նաև ամոնիումի նիտրատի պաշարների վրա՝ հանգեցնելով պայթյունի։ Մասնագետների կարծիքով՝ տեղի ունեցած պայթյունն իր հզորությամբ համարժեք է Հերոսիմայի ատոմային ռմբակոծության տասներորդին։

Ամոնիումի նիտրատի ներկա և նախկին զոհերը

Սա պատմության մեջ ամոնիումի նիտրատի մեծ պայթյունի առաջին դեպքը չէ։ Այսպես՝ պարարտանյութի պատճառով առաջացած պատմությանը հայտնի  ամենախոշոր պայթյուններից մեկը տեղի է ունեցել 2004թ․ ապրիլի 22-ին, Չինաստանի Ռենչխոխ քաղաքում։ Երկաթուղային կայարանում 2,5 հազար վոլտ հզորությամբ լարը կտրվել և ընկել էր ամոնիումի նիտրատով բեռնված գնացքի վագոնի վրա։ Բռնկման արդյունքում պայթել էր ոչ միայն պարարտանյութով վագոնը, այլ նաև հարևան 4 վագոնները, որոնք պարարտանյութ և բենզին էին տեղափոխում։

Այն ժամանակ զոհվեց 161 մարդ, վիրավորվեց 1300-ից ավելին։ Երկաթուղային կայարանին հարակից թաղամասերը ավերվել էին։

Եվս մեկ պայթյուն տեղի ունեցավ 2015-ի օգոստոսի 12-ին չինական Տյանցզին նավահանգստային քաղաքում։ Բեռնափոխադրմամբ զբաղվող ընկերության պահեստում բռնկված հրդեհի հետևանքով զոհվեց 173 մարդ, 8 մարդ անհետ կորավ, 797 մարդ վիրավորվեց։ Պայթյունի հարվածային ալիքը զգալի  էր եղել մի քանի տասնակ կիլոմետր շառավղով՝ վնասելով 300 շենք-շինություն, 12500 ավտոմեքենա, 7,5 հազար բեռնատար խցիկներ։

Ամենակործանարար պայթյունը, սակայն, համարվում է 1947թ․ Տեխասի նավահանգստում 2100 տոննա ամոնիումի նիտրատով բեռնված ֆրանսիական նավի պայթյունը։ Նավի պայթյունին շղթայական ռեակցիայով հետևել է  համանման բեռներ տեղափոխող, հարևանությամբ գտնվող նավերի պայթյունը և մոտակայքում գտնվող նավթի պահեստների պայթյունը։ Այն ժամանակ աղետին զոհ է դարձել 581 մարդ, 5000-ից ավելին  վնասվել են։

Ի՞նչ զարգացումներ են հնարավոր

Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունը, որն ավելի շատ անփութության հետևանք էր, վկայում է  այդ երկրի գրեթե բոլոր ոլորտներում առկա կառավարման, համակարգային լրջագույն խնդիրների մասին։

Պետրոսյանի կարծիքով՝ բացառված չէ, որ  այս ամենը կարող է ունենալ նաև քաղաքական հետևանքներ։ Միջազգային լրատվամիջոցներում ևս պարբերաբար հրապարակումներ են հայտնվում, որտեղ բեյրութցիները մեղադրում են իշխանություններին «դրախտային քաղաքը դժոխքի վերածելու» համար։

«Կա մեծ հավանականություն, որ երկրում կծավալվեն բողոքի մեծ գործողություններ կառավարության դեմ, կլինեն նոր պաշտոնանկություններ, ընդդիմությունն էլ իշխանության գալու նոր օրակարգ կձևավորի»,- ասում է  Պետրոսյանը։

Անդրադառնալով հայ համայնքին՝ Պետրոսյանն ասում է, որ  կուտակված և աստիճանաբար սրվող սոցիալ-տնտեսական խնդիրների հետևանքով հնարավոր է, որ միջազգային հաղորդակցության վերականգնումից հետո արտագաղթ տեղի ունենա։ Նա նշում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ապահովելու լիբանանահայերի հայրենադարձությունը Հայաստան։

«Լիբանանահայ համայնքը Մերձավոր Արևելքի ամենակայացած, ամենազարգացած և ամենազդեցիկ համայնքներից մեկն է, և նաև նրա ներկայացուցիչներից հայտնի մասնագետների ներուժը չպետք է կորցնել»,- ասում է  նա:

 

 

Մերձավոր Արևելք Լիբանան պայթյուն Բեյրութում խմբագրի ընտրանի Արմեն Պետրոսյան

Այլ հոդվածներ հեղինակից

Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը
Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր․ «Նորք» ԻԿՀ-ի բաց նամակը
Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով. նա խնդրանքով դիմել է իր հետ շփված մարդկանց
6 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Փաստ». Ինչո՞ւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից ոչ մի բուժաշխատող չպարգևատրվեց
«Հրապարակ». Վիտալի Բալասանյանը Հայաստանում է. փորձում է ցնցել, ոտքի հանել ընդդիմությունը
«Փաստ». Տեր-Պետրոսյանն ընդդեմ Փաշինյանի՞. սկանդալային մանրամասներ են գաղտնազերծվ
«Ժողովուրդ». «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին
«Հրապարակ». ՍԴ-ում հնարավոր է՝ անսպասելի իրավիճակ առաջանա. որեւէ թեկնածու կարծես թե չի ձգում վեց կամ հինգ ձայնի
«Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա
«Փաստ». Հրավառության հարցում պետք է պետական վերահսկողություն սահմանել. մասնավորին չպետք է թույլ տալ
Թուրքիայում մեկ օրում  կորոնավիրուսի գրեթե 1700 դեպք հայտնաբերվել է
Սննդաբանը՝  նախաճաշի ամենավտանգավոր կերակուրների մասին
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 50 հազար  դեպք է հաստատվել
Հայտնի  է դարձել, որ  համաճարակը դրական ազդեցություն է ունեցել Երկիր մոլորակի  մթնոլորտի վրա
Ջոն  Լենոնի մարդասպանը բացատրել է իր հանցագործության պատճառը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համաշխարհային  հրադադարի կոչով է հանդես եկել  
ԵՄ գագաթնաժողովը հետաձգվել է Եվրոպական խորհրդի ղեկավարի COVID-19- ով  հնարավոր վարակման պատճառով
Արսեն Թորոսյանը հաստատել է 5-12-րդ դասարաններում կիրառվող սանիտարական կանոնները
Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը առցանց կկայանա
Գնդեվազում ծեծկռտուքի վերածված վեճը ծագել է օրեր առաջ, երբ ակցիա իրականացնողները հանքավայրում աշխատողների հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ․ Ոստիկանություն
Ռուսաստանում կորոնավիրուսի 6 215 նոր դեպք է  հայտնաբերվել
Թրամփը կոչ է արել  ՄԱԿ-ին պատժել Չինաստանին
Հայ զինծառայողները մասնակցել են «Կովկաս -2020» զորավարժությունների բացման արարողությանը
Ավելին
Ավելին