f

Անկախ

Ադրբեջանի նկատմամբ քաղաքական հաղթանակը նույնքան կարևոր է, որքան ռազմական հաղթանակը


Մինչ աշխարհասփյուռ հայությունն արդարացիորեն կենտրոնացել է անցյալ ամսվա եռօրյա հարձակման ընթացքում Ադրբեջանի նկատմամբ Հայոց բանակի հաջողությունների վրա, քաղաքական հաղթանակը նույնքան կարևոր է:

Եթե հաղթում ես պատերազմը, բայց կորցնում խաղաղությունը, ուրեմն շատ բանի չես հասել: Լավագույն լուծումը պատերազմը հաղթելն է, այնուհետև երկարաժամկետ օգուտ քաղելն այդ ռազմական հաջողությունից:

Բարեբախտաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լավագույն հնարավորությունն է տվել  հայերին՝ օգուտ քաղելու երկու երկրների միջև սահմանին վերջերս տեղի ունեցած ընդհարումից:

Վերջերս Ալիևը պաշտոնանկ արեց իր երկար տարիների արտգործնախարար Էլմար Մամեդյարովին՝ Հայաստանի հետ «անիմաստ» բանակցություններ վարելու համար: Սա ամենալավ բանն է, որ Ալիևը կարող էր ասել հայկական տեսանկյունից։ Եթե Ալիևը դժգոհ է բանակցություններից, ապա հայերը ողջունում են նրա հայտարարությունը:

Պետք է հիշել, որ Մինսկի խմբի միջնորդների ղեկավարության ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները բացառապես ի օգուտ Ադրբեջանի են, որն ակնկալում է Հայաստանից զիջումներ կորզել Արցախի հակամարտությունից: Հայերը չպետք է որևէ բան շահելու ակնկալիք ունենան այդ բանակցություններից։ Նրանք արդեն հասել են իրենց ուզածին Ադրբեջանի հետ հակամարտության մեջ՝ հաջողությամբ ազատագրելով Արցախի գրավյալ տարածքները: Անիրատեսական է ակնկալել, որ մի օր Ադրբեջանը կճանաչի Արցախը որպես անկախ տարածք կամ Հայաստանի Հանրապետության մաս։ Հետևաբար, այս բանակցություններն անօգուտ են հայկական կողմի համար: Դրանք անցկացվում են միայն միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծելու համար, որ հայերը դեմ չեն բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս բանակցություններն ընթանում են քարոզչական նպատակներով, այլ ոչ թե կոնկրետ արդյունքի հասնելու համար:

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է վարել այդ բանակցությունները, մինչդեռ Ադրբեջանը համառորեն օգտագործում է դիպուկահարներ կամ պարբերական գրոհներ  Արցախի և Հայաստանի դեմ՝ հայ զինվորներին և խաղաղ բնակչությանը սպանելու կամ վիրավորելու կամ հայերի ունեցվածքին վնաս հասցնելու նպատակով։

Ես նախկինում փորձել եմ Հայաստանի ղեկավարների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա։ Մի քանի տարի առաջ այդ հարցը քննարկեցի Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ՝ բացատրելով, որ Հայաստանը պետք է ժամանակավորապես դադարեցներ բանակցությունները Ադրբեջանի հետ, քանի դեռ ադրբեջանական կողմը կրակում էր հայ զինվորների վրա: Հայաստանը պետք է հայտարարի աշխարհին, որ կողմնակից է խաղաղ բանակցություններին, սակայն Ադրբեջանը շարունակում է կրակել սահմանի երկայնքով: Չի կարելի նստել բանակցությունների սեղանի շուրջ, երբ մյուս կողմը կրակում է քեզ վրա։ Կամ բանակցում են, կամ՝ կռվում։ Հնարավոր չէ երկուսը միաժամանակ անել։ Պաշտպանության նախարարն ինձ ասաց, որ սա քաղաքական որոշում է, որը պետք է ընդունվի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ Օհանյանն ասաց, որ ինքը զբաղված է միայն ռազմական գործերով:

Այնուհետև ես հանդիպեցի նախագահ Սարգսյանի հետ և նրան տվեցի նույն բացատրությունը, ինչ պաշտպանության նախարարին: Ես շեշտեցի, որ կոչ չեմ անում չեղարկել բանակցություններն Ադրբեջանի հետ, ինչը սխալ տպավորություն կթողներ միջազգային հանրության վրա: Ես հորդորում էի նախագահին հայտարարել, որ չնայած Հայաստանը կողմ է խաղաղ բանակցություններին, Ադրբեջանը շարունակում է իր ռազմական գործողությունները։ Աշխարհը կհասկանար, որ նման պայմաններում բանակցությունները չեն կարող իրականացվել: Կարելի է կա՛մ բանակցել, կա՛մ կռվել, բայց ոչ երկուսը միասին: Հետևաբար, Հայաստանի նախագահը պետք է հայտարարեր, որ եթե Ադրբեջանը այսուհետև կրակի հայկական կողմի ուղղությամբ, ապա Հայաստանը երեք ամսով կդադարեցնի բանակցությունները: Եթե ​​ադրբեջանական կրակոցները շարունակվեն, ապա Հայաստանը կերկարաձգի բանակցությունների դադարեցումը: Առանց որևէ բանակցության Ադրբեջանը պարտվող կլինի, քանի որ Ադրբեջանի համար Հայաստանից որոշ զիջումներ կորզելու միակ հնարավորությունը բանակցություններն են: Ի վերջո, երբ բանակցությունները երկար ժամանակով սառեցվեն, Մինսկի խումբը ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի նա համաձայնի լիակատար հրադադարի, եթե ցանկանում է շարունակել բանակցությունները:

Ցավոք, ես չկարողացա համոզել նախագահ Սարգսյանին համաձայնել այս խաղաղ մոտեցմանը։ Որպես հետևանք, ադրբեջանցների կրակոցները շարունակվեցին բանակցությունների ընթացքում՝ մինչ տասնյակ հայ և ադրբեջանցի երիտասարդ զինվորներ զոհվեցին։ 

Այնուամենայնիվ, ես մեր հանդիպումից որոշ ժամանակ անց ուրախությամբ կարդացի, որ նախագահ Սարգսյանը 2017 թ հոկտեմբերի 24-ին, Հայաստանի պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում իր դասախոսության ընթացքում, ըստ «Մեդիամաքս» լրատվական գործակալության, հայտարարել էր, որ «Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք»։ Նա նաև հայտարարել էր, որ բանակցությունները պետք է տեղի ունենան փոխադարձ վստահության պայմաններում, որը կկառուցվի հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալով, մինչդեռ սադրանքները պարզապես անհնարին կդարձնեն գործընթացը։

Ցավոք, նախագահ Սարգսյանը միայն մասնակիորեն էր հայտարարել իմ առաջարկածը։ Նա բաց էր թողել նախազգուշացումն Ադրբեջանին, որ բանակցությունները հաջորդ անգամ կդադարեցվեն, եթե նրանք կրակեն սահմանի վրա:

Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանի նոր ղեկավարները նկատի ունենան իմ առաջարկությունը, մանավանդ որ նախագահ Ալիևը հայտարարել է, որ չի հավատում «անիմաստ» բանակցություններին: Ես դժգոհ էի, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նոր հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է վերսկսել բանակցություններն Ադրբեջանի հետ, կարծես թե հուլիսի սկզբի հարձակումները տեղի չեն ունեցել: Միայն այն դեպքում Ադրբեջանը զերծ կմնա Հայաստանի և Արցախի դեմ նոր գրոհներ կազմակերպելուց, եթե շատ թանկ գին վճարի, թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական առումով։ Ինչպես միշտ, անարդյունավետ կլինի շարունակել բանակցությունները՝ անտեսելով գրոհները: Դա պարզապես կխրախուսի Ադրբեջանին շարունակել կրակոցներն ու հրետակոծությունները:

Այդ ընթացքում, հայերը թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս, պետք է մի կողմ դնեն իրենց ներքին տարաձայնությունները և բոլոր ջանքերը գործադրեն Հայոց բանակի հզորացման համար: Այժմ ներքին տարաձայնությունների ժամանակը չէ, երբ մեր թշնամիները՝ Ադրբեջանը և Թուրքիան, փորձում են մեր վճռականությունը․․․

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 

Հարութ Սասունյան Հայաստան հայոց բանակ

Այլ հոդվածներ հեղինակից

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ում մեկ օրում  կորոնավիրուսի ռեկորդային 83,7 հազար դեպք է հայտնաբերվել
Հայրենիքի պաշտպանության առաջնագծում․ հերթական տեսանյութը ՊԲ-ից
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հակառակորդի կորուստների մասին վերջին տվյալները
Ի՞նչ ճակատագրի են արժանանում Ադրբեջանի դրոշները
Արցախի նախագահը հանդիպել է հայրենիքի պաշտպանների հետ
Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավոր զինծառայողներին
Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն
Երջանիկ լինեք․ Արցախի նախագահը շնորհավորել է նորապսակներին
Պարգև Սրբազանը կոչով դիմում է միջազգային հանրությանը
Արսեն Թորոսյանը կոչով է հանդես եկել
«Այ սենց սալյուտ ա, կեցցեն մեր լավ ախպերները». մերոնք խոցում են թշնամու «ТОС-1» ծանր հրանետային համակարգը
Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը կայուն ծանր է․ Շուշան Ստեփանյան
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում պսակադրված զույգի փեսացուն «Հումորի լիգա»-ից հայտնի Հովիկ Հովսեփյանն է. news.am
Արցախում կան անհայտ կորած քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության համար զոհված 36 զինծառայողների անունները
(Մաս II) Արցախյան հիմնախնդի՞ր, թե՞ աշխարհի քարտեզի վերախմբագրում․ Հայաստանը՝ շահերի բախման էպիկենտրոնում
Ինչպիսին են հասարակական տրամադրություններն Ադրբեջանում․ ներկայացնում  է Ադրբեջանի հարցերով փորձագետը
«Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախություն». Ադամ Շիֆ
Բժիշկը՝  COVID-19-ի  վտանգավոր և անվերահսկելի աղբյուրի մասին
ՀՀ նախագահը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ
Պեսկովը՝ ԼՂ հակամարտության հարցով  Թրամփի նշած առաջընթացի մասին
Վրաստանում մեկ  օրում կորոնավիրուսի ռեկորդային 1941 դեպք  է  հայտնաբերվել
Լավ առիթ է երեկվա Էրդողանի խոսքին հիշեցնել այն, ինչ նշված ա հայտնի նամակում
Ավելին
Ավելին