f

Անկախ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ՀՀ համար Ադրբեջան-Թուրքիա տանդեմին դիմակայելու հնարավորություններ է ստեղծում․ արաբագետ


Ինչպե՞ս  են Մերձավոր Արևելքի երկրներն ընկալում ու մեկնաբանում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները՝ Ադրբեջանի սադրանքները Հայաստանի հետ սահմանին, Թուրքիայի հակահայկական հայտարարությունները և Նախիջևանում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս արձագանքեց արաբական մամուլը վերջին ամսվա զարգացումներին մեր տարածաշրջանում։

-Ադրբեջանի սադրանքները Հայաստանի հետ սահմանին և դրա հետ կապված Թուրքիայի արձագանքներն աննախադեպ թիրախավորված արձագանքի արժանացան արաբական մի շարք երկրների տեղեկատվական դաշտերում։ Պատճառը նախ և առաջ քաղաքական է՝ հաշվի առնելով մի շարք տարածաշրջանային հիմնախնդիրներում Թուրքիայի և առանցքային արաբական դերակատարների միջև լուրջ տարաձայնությունները:

Տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանումը տեղավորվեց նույն տրամաբանության մեջ, ինչ Թուրքիայի  սադրիչ քաղաքականությունն է Իրաքում, Սիրիայում, Լիբիայում։

Եթե  դիտարկենք ներկայում ընթացող զորավարժությունները, թեև դրանք բացառիկ չեն, այսինքն երկու երկրների միջև ռազմական  ոլորտում համագործակցության պայմանագրային բազայի հիման վրա պարբերաբար նման զորավարժություններ են իրականացվում, բայց հաշվի առնելով, որ  դրանք անմիջապես հաջորդեցին հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, տրամաբանական է, որ արաբական տեղեկատվական դաշտերում  այս իրողությունը ևս դիտարկվում է որպես Թուրքիայի քաղաքականության մի մաս։

Ի՞նչն է մեզ համար կարևոր։ Այն, որ սահմանային լարվածության մասին մեծամասամբ ներկայացվել է միայն երկու  կողմերի պաշտոնական տեղեկատվությունը, որից հետո ակնհայտորեն  թիրախավորվել են թուրքական կողմի գործողությունները, որոշ անդրադարձներում անգամ եղել են պատմական ակնարկներ, նշվել է Թուրքիայի  իրավախանորդի՝ Օսմանյան կայսրության թշնամանքը հայ ժողովրդի նկատմամբ, որոշ դեպքերում խոսվել է  մեկ դար առաջ հայերի դեմ իրականացված եղեռնագործությունների մասին հենց արաբական եզրութաբանությամբ, իսկ  Թուրքիայի գործող իշխանությունների  ներկա գործելաոճը և քաղաքականությունը  դիտարկվել է որպես այդ քաղաքականության տրամաբանական շարունակությունը։

-Պարոն Պետրոսյան, հայկական ԶԼՄ-ները հղում են անում արաբական մամուլում պրոհայկական հրապարակումներին, ադրբեջանական ԶԼՄ-ները՝ պրոադրբեջանական հրապարակումներին։ Ձեր ասածից կարո՞ղ ենք ենթադրել, որ այնուամենայնիվ, պրոհայկական տեսակետներն  են գերակշռել։

-Ընդհանուր եթե գնահատենք, մի շարք համաարաբական լրատվամիջոցներ կան, որոնց  ուղեգծում է հավասարակշռություն  պահպանելը։ Դրանցից է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, որը  Կատարից հեռարձակվող  լրատվամիջոց է։ Ինչպես գիտենք, Կատարը դաշնակցային հարաբերություններ ունի Թուրքիայի հետ հատկապես վերջին երեք  տարիների ընթացքում, երբ սրվել են Կատարի և արաբական ծոցի մյուս միապետությունների միջև հարաբերությունները։ Հետևաբար այս պարագայում Կատարից չէր կարելի ակնկալել հակաթուրքական կամ թուրքիայի շահերին հակասող տեղեկատվական մոտեցում։

Իսկ ընդհանուր առմամբ  ավելի պրոհայկական ուղղվածությամբ են եղել արաբական լրատվամիջոցների արձագանքները։ Ինչպես արդեն նշեցի, նման մոտեցումը ներկա  քաղաքական զարգացումների հետևանքն  է։

Մի շատ կարևոր իրողություն ևս։ Հայ դիվանագետների, օրինակ՝ Իրաքում, Եգիպտոսում ՀՀ դեսպանների մոտեցումները  շրջանառվել են արաբական ԶԼՄ-նեում։  Մի օրինակ բերեմ՝ իրաքում ՀՀ դեսպան Հրաչ Փոլադյանի՝  իրաքյան լրատվամիջոցին տված պարզաբանմանը Իրաքում Ադրբեջանի  դեսպանը պատասխանել է, եթե չեմ սխալվում,  ԱՊԱ-ի միջոցով։ Սա խոսում է արաբական մի շարք բարեկամական  երկրների կողմից Հայաստանին աջակցության մասին։

Ընդհանրապես, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը բավականին լայն դաշտ է բացում ՀՀ համար Ադրբեջան-Թուրքիա տանդեմին դիմակայելու, անհրաժեշտության դեպքում պատասխանելու, ինչպես նաև  այս իրավիճակն օգտագրծելով  երկկողմ հարաբերությունները զարգացնելու, անհրաժեշտության դեպքում նաև բազմակողմ արաբական տարբեր ձևաչափերին մեր շահերից բխող  մասնակցություն ունենալու տեսանկյունից։

-Այսինքն մեր դիվանագիտական կորպուսի համար գործունեության մեծ հնարավորություննե՞ր են ստեղծվում։

-Միանշանակ։ Առկա է բավականին բարենպաստ միջավայր ինչպես Թուրքիայի դեմ տրամադրվածությունների, այնպես էլ նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած իրավիճակի առումով, որը կարող է տնտեսական նոր հնարավորություններ ստեղծել։

-Թուրքիան Սիրիայում, Իրաքում, Լիբիայում կոնֆլիկտներում է ներգրավված, հիմա փաստացի նաև հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է դառնում՝ սատարելով Ադրբեջանին։ Իրանն ու Ռուսաստանը զորավարժություններ են իրականացնում՝ իրենք էլ ուժի ցուցադրությամբ պատասխանելով թուրք-ադրբեջանական տանդեմին։ Այս առումով  արաբական  երկրներում տրամադրվածություններն ինչպիսի՞ն են։ Թե՞ գուցե թեման իրենց  հետաքրքրությունների շրջանակից դուրս է։

-Ընդհանուր առմամբ Թուրքիայի գործող իշխանությունների քաղաքականությունը և գործողությունները բավականաչափ լուրջ մտահոգություններ են առաջացնում տարածաշրջանի արաբական երկրների մոտ։ Բայց նախ և առաջ այս մտահոգություններն առավել  առարկայական են հատկապես  արաբական երկրներում Թուրքիայի գործողությունների և ծրագրերի տեսանկյունից։ Հետևաբար նրանց հիմնական հակազդեցությունն  արաբական երկրների մասով է՝ Թուրքիայի ագրեսիվ և  հավակնոտ քաղաքականությանը արաբական միջավայրում դիմագրավելու համար։ Պատահական չէ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Լիբիայում Թուրքիայի ներգրավվածությանը փորձում է հակազդել նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, առնվազն օդուժի ակտիվ գործողություններով Լիբիայի տարածքում, պատահական չէ, որ Եգիպտոսը որոշում ընդունեց զինված ուժերը անհրաժեշտության դեպքում լիբիական հակամարտության մեջ ներգրավելու վերաբերյալ։

Լիբիայից, Իրաքից, Սիրիայից բացի Թուրքիան  շատ ավելի առարկայական  ներկայություն ունի Կատարում, փորձում է իր  դիրքերն ամրապնդել Պաղեստինում, նաև Լիբանանում։ Այս ամենը լուրջ  անվտանգային մարտահրավեր է արաբական երկրների համար։

-Իսկ ինչպիսին է Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը։ Գիտենք, որ կրոնական  հիմքով պայմանավորված այս երկրի հետ չունենք դիվանագիտական  հարաբերություններ, քանի որ այսպիսով սատարում են Ադրբեջանին։ Արդյո՞ք իրավիճակի փոփոխությամբ իրենց դիրքորոշումը փոխվել է, թե՞  շարունակում է առաջնային մնալ կրոնական եղբայրությունը։

-Տեսեք, Սաուդյան Արաբիայի հետ կապված մի կարևոր  իրողություն կա, որ պետք է արձանագրել․ այս երկիրը ձգտում է մուսուլմանական  աշխարհում առաջնորդության և այս համատեքստում  մրցակցում է Թուրքիայի և Իրանի հետ։ Իսկ թուրք-ադրբեջանական  քարոզչությունը մուսուլմանական աշխարհում փորձում է  արցախյան հիմնախնդիրը ներկայացնել  ոչ միայն որպես էթնիկ կամ տարածքային հիմնախնդիր, այլ նաև կրոնական հիմնախնդիր։ Հետևաբար այս համատեքստում Սաուդյան  Արաբիայի դիրքորոշումը հասկանալի է եղել։

Բայց անգամ այս իրողության պայմաններում  ՀՀ-ն ստվերային մակարդակում փորձել է բանակցել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Ճիշտ է, տարբեր պատճառներով բարենպաստ արդյունք չի արձանագրվել։ Այդուհանդերձ,  վերջին մի քանի տարիների  բազմաթիվ  բարենպաստ հանգամանքները հաշվի առնելով՝  այս ուղղությամբ ևս կարող ենք արձանագրել հաջողություններ  և  հասնել Սաուդյան Արաբիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։

Ես գիտեմ, որ վերջին 1-2 տարիներին  ԱԳՆ  մակարդակով ընթանում են որոշակի բանակցություններ։ Բայց, բացի դիվանագիտական հարթությունը, ես կարծում եմ,  որ այս ուղղությամբ կարող ենք հաջողության հասնել օգտագործելով առանձին գործիչների և անձերի հնարավորությունները՝ թե ՀՀ-ից, թե Սփյուռքից։ Արևելքի հետ  համագործակցելու տեսանկյունից անձնական գործոնը շատ  կարևոր է։

-Ադրբեջանական սադրանքը նաև հարվածել է Իսրայելի և այդ երկրի ռազմարդյունաբերության  ոլորտի իմիջին։ Իսկ Իսրայելում տրամադրություններն ինչպիսի՞ն են։

-Տեսեք, ընդհանրապես Իսրայելում սեփական անհաջողությունների մասին հազվադեպ է բարձրաձայնվում քաղաքական մակարդակով։ Նման արձանագրումներ կարող են լինել ԶԼՄ-ների կողմից։

Վստահաբար Իսրայել են հասել  ՀՀ-ի և հատկապես  վարչապետի հնչեցրած մի քանի ելույթների ուղերձը առ այն,  որ Ադրբեջանն իր խայտառակ անհաջողություններով  հարվածեց նաև գործընկեր երկրների իմիջին, ընդ որում ոչ միայն ռազմական կորուստների առումով, այլ նաև թիրախավորելով խաղաղ ազգաբնակչությանը, քանի որ այս գործելաոճը միջազգային մարդասիրական հիմնարար իրավունքների սկզբունքների խախտում է։

Նման թվով ԱԹՍ-ների խոցումը լուրջ հարված  է իսրայելական  զենքի իմիջին, որի հետ կապված մեծ փուչիկ էր փչվել։ Եվ  իրանական, և արաբական անդրադարձներում այս հանգամանքը շատ է ընդգծվել,  սա,  անշուշտ չէր կարող մտահոգություն չառաջացնել նաև Իսրայելում։

Իսրայելական արձագանքների մի մասը կարելի է բնութագրել որպես Հայաստանից եկած ուղերձների ի գիտություն ընդունում։  Նաև առկա է  հայ-ադրբեջանական լոբբինգի մրցակցություն  իսրայելակամ մեդիայում, որը դրսևորվեց մի քանի հրապարակումներով։ Առաջին հերթին եղան պրոհայկական արձագանքներ, որից հետո ադրբեջանական կողմը փորձեց հակադարձել գրեթե նույն լրատվամիջոցներով։

Իսրայելի լրատվական դաշտում ևս կարելի է իրավիճակը հավասարակշռված գնահատել, քանի որ գոնե նախկին ժամանակների  համեմատությամբ կարծես թե որոշակի հայամետ տեղաշարժեր կան։ Գուցե ընդհանուր հավասարակշռության առումով Ադրբեջանն  ունի առավելություններ՝ հաշվի առնելով և տնտեսական, և ռազմական երկկողմ համագործակցությունը, և Իսրայելում ադրբեջանական  սփյուռքի ավելի մեծ հնարավորությունները, և ադրբեջանական լոբբինգի ավելի մեծ ազդեցությունը։ Բայց և այնպես, վերջին զարգացումների հետ կապված հայամետ դրական դինամիկա արձանագրվել է։

 

Մերձավոր Արևելք խմբագրի ընտրանի հարցազրույց Աշխարհում հակահայկական քաղաքականություն

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին