Անցած 2 օրերին #ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել #Լիբանանի և #ԱՄԷ-ի իր գործընկերներ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի և Նասիֆ Հիթթիի հետ․ քննարկվել են երկկողմ օրակարգերին և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
#Երևանի կողմից արտաքին քաղաքական ուղեգծի արաբական ուղղության ակտիվացումը չափազանց կարևոր է և բարենպաստ ժամանակային ու տարածաշրջանային զարգացումների համատեքստում։
Առանց վարանելու, առանց ձգձգելու օր առաջ պետք է վերանայել, վերախմբագրել բարեկամական արաբական երկրների(և ոչ միայն) հետ հարաբերությունների օրակարգը։ Դրա համար առկա է բավականաչափ մեծ և չիրացված ներուժ, որոշ երկրներում էլ՝ պրոֆեսիոնալ, ստեղծագործ և աշխատասեր դիվանագետներ։ Այս հարցում, հաշվի առնելով ընդհանուր արաբական հոգեկերտվածքի և արաբական կառավարման համակարգերի առանձնահատկությունները, նրբությունները, ընդգծված նախաձեռնողականություն պետք է ցուցաբերի հատկապես հայկական կողմը։ Ընդ որում, այդ նպատակով պետք է կենտրոնացնել ինչպես հայաստանյան տարբեր գործիչների, պաշտոնյաների անձնական լուրջ կապերը, այնպես էլ համահայկական հնարավորությունները։
Իսկ իրավիճակային և ժամանակային բարենպաստ միջավայրի մասով անհրաժեշտ է նշել առնվազն հետևյալ մի քանի գործոնները․
1. #COVID-19 համավարակի պայմաններում ձևավորվում են նոր տնտեսական իրողություններ․ակտիվ շրջանառությունից դուրս մնացած արաբական զգալի ֆինանսական միջոցները նպատակային ներդրումների կարիք են զգում։
2. #Թուրքիայի սադրիչ և ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականությանը, մի շարք արաբական երկրների ներքին գործերին միջամտելու փորձերին դիմակայելու համար արաբական առանցքային դերակատարները հակաթուրքական առանցքի նոր ձևաչափեր են նախագծում։
3. Առաջացել է նաև համավարակի հետևանքով էականորեն տուժած հայ համայնքներին համակողմանի աջակցության ցուցաբերման, նրանց դերակատարման խրախուսման անհրաժեշտություն։