Բուհ չընդունված դիմորդները այսօր՝ հուլիսի 27-ին, «Արայիկ հեռացիր, Արայիկ հեռացիր» կոչերով հեռացան ԿԳՄՍՆ-ի դիմացից եւ նստացույց սկսեցին Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների խաչմերուկում՝ հենց ճանապարհի երթևեկելի հատվածներում:
Մեծ թվով կարմիրբերետավորներն ակցիայի մասնակիցներին դուրս բերեցին փողոցի երթեւեկելի հատվածից: Նրանք փորձեցին բերման ենթարկել նաեւ մի դիմորդի, սակայն, ակցիայի մասնակիցները թույլ չտվեցին: Ըստ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի՝ բերման է ենթարկվել 2 քաղաքացի:
Նշենք, որ մինչ այդ ոստիկանները թույլ չէին տալիս բուհ չընդունված դիմորդներին եւ նրանց ծնողներին մոտենալ շենքին: Վերջիններս ցանկանում էին ներս մտնել, որպեսզի հանդիպեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
Ոստիկանների պատը ճեղքելով՝ դիմորդները մոտեցան շենքին՝ մենք ուզում ենք սովորել կարգախոսով: Ոստիկաները հորդորեցին ակցիայի մասնակիցներին պահպանել սոցիալական հեռավորություն:
Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։