Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ հուլիսի 27-ին, հրաժարվեց ընդունել բուհ չընդունված դիմորդներին եւ նրանց ծնողներին:
Ակցիայի մասնակիցներին քիչ առաջ մոտեցավ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը եւ հայտնեց, որ նրանց կարող է ընդունել փոխնախարար Գրիշա Թամրազյանը:
«Ձեր նախարար Արայիկ Հարությունյանը չի տիրապետում՝ ինչ է նշանակում պատշաճ կերպով ծանուցել, դրա համար կա 3 տարբերակ: Առաջինը, երբ փաստաթուղթը առձեռն տալիս են դիմորդին, երկրորդը՝ դնում են փաստաթուղթը ծրարի մեջ եւ փոստով ուղարկում են դիմորդին, երրորդն էլ, երբ դիմորդի էլեկտրոնային հասցեին են ուղարկում: Դրանցից ոչ մեկը ԿԳՄՍՆ-ի կողմից չի իրականացվել, ի՞նչ պատշաճ ծանուցման մասին էր խոսում Արայիկ Հարությունյանը: Կամ, երբ ասում են հեռուստացույցով ԳԹԿ աշխատակիցները բազմիցս հաղորդել են, բայց դիմորդը նստած պարապում է, կարող է՝ լսած չլինի, դուք պետք է դա անեիք պատշաճ եղանակով, որից ամենահեշտը տվյալ դիմորդի էլեկտրոնային հասցեին ուղարկելն էր»,- նախարարության աշխատակցին դիմեց ակցիայի կազմակերպիչ Մասիս Բաբալյանը:
Նրա խոսքով նախարար Արայիկ Հարությունյանի ակցիայի մասնակիցների հետ չհանդիպելը միտում ունի, քանի որ նա, կատեգորիկ չի տիրապետում իրավական նորմերին: Անդրադառնալով նախարարի նախօրեին ուղիղ եթերում արված առաջարկին՝ չընդունված դիմորդի ծնողն ասաց. «Եթե նրանք մեզ, կոպիտ ասած, ուզում են լավություն կերցնել, կամ կարծես թե հարցին փորձում են լուծում տալ, դրա մասին մենք տեղյակ ենք, բոլորս էլ հասկանում ենք որ ստացած բարձր գնահատականներով հնարավոր է հեռակա դիմել, բայց դա հարցի լուծում չէ մեզ համար»:
Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 եւ ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարեւորվել է մասնագիտությունը, եւ առաջնայնությունը տրվել է ոչ թե որեւէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին: