Այսօր Ռուսաստանի, Հայաստանի եւ Եվրոպայի բոլոր առաջատար լրատվամիջոցները գրում են այն մասին, որ Հայաստանը ընդհանուր ցուցադրության համար եւ մեծ թվով օտարերկրյա դիվանագետների ու լրագրողների ներկայությամբ ներկայացրել է իսրայելական արտադրության տասնյակ անօդաչուների բեկորները, որոնք անցյալ շաբաթ խփվել են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագոտու հակամարտության ժամանակ: Այս մասին իր Facebook-յան էջում նշել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Իր ամբողջ պատմության մեջ իսրայելական ռազմական արդյունաբերությունը ավելի մեծ խայտառակություն չէր վերապրել, եւ սա, իմ կարծիքով, համեմատելի է արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ արաբական երկրների բանակների տոտալ ջախջախման հետ: Երբ Եգիպտոսն ու Սիրիան, ունենալով կենդանի ուժի եւ խորհրդային ամենաժամանակակից տեխնիկայի վիթխարի գերակշռություն, կարողացան տապալել բոլոր ռազմական արշավները՝ լիովին վարկաբեկելով իրենց դաշնակից ԽՍՀՄ-ին եւ նրա զենքը, որը համարվում էր աշխարհում լավագույններից մեկը:
Այն տարիներին խորհրդային հրեաների շրջանում տարածված էր անեկդոտ, որը մեզնից շատերն են հիշում: Խոսքն այն մասին է, որ պարտվելով 1967-ի Վեցօրյա պատերազմը, արաբական պետությունները Բրեժնեւին գանգատվում են, որ իբր վատ խորհրդային զենքը կտրում է մեր զինվորների, ներողություն, ամորձիները: Մոսկվայում զարմացած հարցնում են՝ ինչպե՞ս է դա հնարավոր, ի՞նչ կապ ունեն ամորձիները: Եվ նրանք պատմում են, թե ահա մեզ ինչպես եք սովորեցրել. «Ձեռքդ ես վերցնում նռնակը, պոկում ես պահանակի օղակը, հաշվում ես մինչեւ 5-ը, եւ այն պայթում է»: Դե այո, հաստատում են խորհրդային գեներալները, ամեն ինչ ճիշտ է եւ խնդրում են ցուցադրել, թե նրանք ինչպես են դա անում: Իսկ նրանք վերցնում են նռնակը, պոկում պահանակի օղակը, նռնակը սեղմում ոտքերի արանքում, իսկ մատների վրա հաշվում են «Մեկ, երկու, եթեք…հինգ», եւ որոտում է պայթյունը:
Ծիծաղելի՞ անեկդոտ է: Պետք է ասել, որ այդ ժամանակից շատ տարիներ են անցել, եւ Իսրայելը նախկին թշնամիների՝ Եգիպտոսի ու Հորդանանի հետ խաղաղ համաձայնագրեր է կնքել, այդ ժամանակից ի վեր նաեւ արաբական պետություններն են շատ զարգացել զինված ուժերի պրոֆեսիոնալիզմի եւ տեխնոլոգիաներով հագեցվածության առումով: Անեկդոտն արդեն այնքան էլ արդիական չի, ինչպես 1967 թվականին:
Այսօր Իսրայելն ինքն է հայտնվել ԽՍՀՄ-ի վիճակում, որին գանգատվում են «վատ զենքի» համար, եւ ըստ բոլոր նշանների՝ Ադրբեջանում ինչ-որ մեկը նույնպես լավ կարողանում է, պատկերավոր ասած, մատների վրա հաշվել: Արդյունքում սասանվել է իսրայելական զենքի իմիջը, անչափ տհաճ սկանդալ է ստացվել, եւ այս ամենին, բնականաբար, ուշադիր հետեւում են աշխարհի տասնյակ երկրներ՝ գնահատելով, թե արժի՞ արդյոք կապվել իսրայելցի արտադրողի հետ, որի սարքերն այդքան հեշտությամբ խփվում են հակառակորդի կողմից»,- նշել է Լապշինը: