Տավուշի մարզում սահմանային վերջին դեպքերը առաջին հերթին մեր զինված ուժերին տվեցին փայլուն հաղթանակ: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Ընդհանուր առմամբ, մեր համաժողովրդական համախմբման, պետական եւ զինվորական համակարգերի աշխատանքի հղկվածության, կայացման առումներով ունեցանք աճ, բարձրացում: Դա մեր ոգին, մեր կամքն ու վճռականությունն ավելի ամրապնդեց»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի Չմիավորված պետությունների շարժման Բյուրոյի հայտարարությունը, որում կազմակերպությունը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային զարգացումներին, անդամ երկրների անունից մեղադրել է Հայաստանին ռազմական գործողությունները սկսելու մեջ, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Հարցը քաղաքական է, ես այնքան էլ լիազորված չեմ քաղաքական հարցերին պատասխանել, բայց չեմ կարծում, թե բյուրոն առաջին կազմակերպությունն էր, որ մեզ մեղադրում էր: «Ադրբեջանի դաշնակից պետությունների կողմից մեղադրանքներ էլի են հնչել: Ամեն ինչին չէ, որ պետք է արձագանքենք:
Մեր դիվանագիտական աշխատանքի շնորհիվ նաև քաղաքակիրթ աշխարհի, պետությունների մի մասն ավելի սթափ ու ավելի ճիշտ գնահատական է տվել և մեղադրել ադրբեջանական կողմին, մասնավորապես խաղաղ բնակչությանը հրետակոծելու մեջ:
Այնպես էլ չեմ կարծում, թե առանձին առանձին բոլոր մեղադրողներին պետք է պատասխանել»: