Արցախում ԱԹՍ խոցելը որեւէ կերպ չի կարող լինել հանգամանք, որը կնշանակի մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետեւ Արցախի ուղղությամբ առանց դրա էլ ԱԹՍ-ներ պարբերաբար խոցվում են: Այս մասին այսօր` հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Բայց այնպես էլ չի, որ մարտական գործողությունները չեն տեղափոխվի Արցախի սահման: ԱԹՍ-ն ցուցիչ չի, բայց դա բացառել հնարավոր չէ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Զանգակատան ուղղությամբ արձակված կրակոցներին, Հովհաննիսյանը շեշտեց, որ գյուղի վրա չեն կրակել, կրակել են գյուղի ուղղությամբ. «Երբ ասում ենք «ուղղություն», որպես կանոն նկատի ունենք այդ ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:
Երբ բնակավայրերի վրա են կրակում, այդ մասին ասվում է:
Ես տեղեկություն չունեմ, որ բնակավայրի վրա են կրակել, տեղեկություն կա Զանգակատան ուղղությամբ կրակելու մասին»: