Բանակը ոչ մեկինը չէ, բանակը կախված չէ կառավարությունների քաղաքական ճաշակից, այն մեր ժողովրդի կողմից ստեղծված ամուր ազգային պետական ինստիտուտ է, կապ չունի՝ այն եղել է Լեւոնի, Սերժ Սարգսյանի Քոչարյանի, թե Նիկոլ Փաշինյանի օրոք:Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդչադառնալով այս օրերին երկրում եւ սահմանում տիրող իրավիճակին:
Իր խոսքում նա նշեց, որ Հայաստանում ստեղծվել է համերաշխ մթնոլորտ, արտաքին անվտանգային մարտահրավերները, թշնամու գործողությունները բերել են նրան, որ Հայաստանում ազգային համախմբման, այդ թվում նաեւ քաղաքական դաշտում երեւույթ է նկատվում: Արմեն Աշոտյանն այդ համատեքստում արեց իր դիտարկումները՝ կապված ներքին եւ արտաքին քարոզչական աշխատանքների հետ:
«Ցավոք սրտի իշխանությանը սպասարկող տեղեկատվական դաշտը՝ փորձագետները, ֆեյքերը, քաղաքական որոշ գործիչներ առիթը բաց չեն թողնում որպեսզի ստեղծված իրավիճակից նորից փորձեն ներքաղաքական դիվիդենտներ ստանալ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատներում: Սա իհարկե անազնիվ եւ անբարոյական է»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նախկին պատգամավորը հորդորեց իշխանությանը, ինչպես ինքն է նշում, զերծ մնալ այս անբարո գործելակերպից. «Մի ազգային համերաշխություն կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց ռեպրեսիվ գործողություններով արդեն տապալել են եւ այս մեկն իրավունք չունեն տապալելու, չարաշահելու ընդդիմության պետականասիրությունը, պետականամետությունը:
Բանակը ոչ մեկինը չէ, բանակը կախված չէ կառավարությունների քաղաքական ճաշակից, այն մեր ժողովրդի կողմից ստեղծված ամուր ազգային պետական ինստիտուտ է, հայ ժողովրդի զավակն է ու կապ չունի՝ այն եղել է Լեւոնի, Սերժ Սարգսյանի Քոչարյանի, թե Նիկոլ Փաշինյանի օրոք, քաղաքական իմաստով այն ժողովրդինն է եւ ոչ մեկնը»,-նշեց Աշոտյանը:
Վերջինս խոսեց նաեւ արտաքին եւ ներքին որոշ խնդիրների մասին:
«Այս իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, իրենց սպասարկող ԶԼՄ-ներ տարիներ շարունակ վարկաբեկել են Ապրիլյան պատերազմը մեր հաղթանակը, մեր բանակին, մեր զինվորին: Ստեղծել էին բազմաթիվ ստերի միֆերի մանիպուլացիաների կծիկ՝ բահերով կռվող զինվորներից մինչեւ սոված զինվորներ, իրենց պարտականությունները չկատարող գեներալների մասին միֆեր եւ այլն:
Ստեղծեցին Ապրիլյան պատերամն ուսումնասիրող հանձնաժողով, քննեցին, տեսան՝ ամեն ինչը սուտ էր եւ թեպետ դեռ վերջնական զեկույց չի հրապարակվել, բայց արդեն հանրային դաշտում հանձնաժողովականները մի քանի անգամ բարձրաձայնել են, որ այն ամենն ինչի մասին խոսվում էր նախկինում՝ պիտակավորելու եւ վարկաբեկելու ապրիլյան պատերազմը, կեղծ էր սուտ ու մանիպուլացիա էր»,- ասաց Արմեն Աշոտյանն ու հավելեց, որ այն ժամանակ, երբ այդ միֆերի վերքերը լավանում էին, իշխանությունները, օգտվելով Տավուշի մարզի սահմանագծին ստեցծված իրավիճակից, փորձում են գարշահոտ քարոզչություն իրականացնել՝ համեմատելով այս կռիվները Ապրիլյան պատերազմի հետ՝ կրկին չզսպելով իրենց անբարո գայթակղությունը՝ վարկաբեկելու Ապրիլյան պատերազմը:
Ինչ վերաբերվում է ատաքին քաղաքական դաշտին, գաղտնիք չէ, որ ադրբեջանական ագրեսիաները մշտապես ուղեկցվել են նաեւ տեղեկատվական պատերազմներով եւ Հայաստանի բոլոր իշխանությունները, բոլոր մակարդակներում իրականացրել են միասնական տեղեկատվական պայքար ադրբեջանական իշխանությունների ստերի դեմ դրսում՝ լինի դա, միջազգային մամուլ, թե քաղաքական շրջանակներում:
Ես նկատում եմ, որ այս իշխանությունները որդեգրել են սխալ եւ վտանգավոր թեզ, որով փորձում են մղել այս պայքարը ադրբեջանցիների դեմ դրսում, որ ավտորիտար Ալիեւը հարձակվել է ժողովրդավար Հայաստանի վրա:
Եթե նախորդ իշխանությունը լիներ ավտորիտար Ալիեւի նման, ապա ձեր քաղաքական եւ ինչու չէ նաեւ ֆիզիկական գոյությունը կարող էր դրվել հարձականի տակ:
Մի´ խարխլեք համերաշխության մթնոլորտը։ Այս կռիվը ձեր «հեղափոխության» շարունակությունը չէ։ Այս կռիվը հայ ժողովրդի գոյության պայքարն է»,- իր խոսքը եզրափակեց Արմեն Աշոտյանը: