Աշխարհն այսուհետ նոր սահմանագիծ ունի՝ կորոնավիրուսից առաջ և կորոնավիրուսից հետո։ Համաշխարհային տնտեսությունը փորձում է ուշքի գալ անսպասելի ցնցումից ու հարմարվել խաղի նոր կանոններին։ Բիզնեսը վերադասավորվում է։ Եվ այստեղ ահա սկսվում է բոլորովին նոր պայքար, նոր փորձություններով ու խաղի կանոններով։
Հայաստանում իրավիճակն առաջին հայացքից աղետալի է, սակայն կան գործարարներ, որոնք ոչ միայն չեն հուսահատվել, այլև նոր թափ են հավաքել և բիզնես աճ արձանագրել։ Ավելին, այս պայմաններում հասցրել են նոր բիզնես հիմնել։
Գործարար, «Չոր մարքեթինգ» նախագծի հիմնադիր, «Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը Հայաստանում գործարարության նոր մշակույթի ձևավորման առաջամարտիկներից է։ Նրա գաղափարները փոխում են մտածելակերպը, կոտրում կարծրատիպերը, ոգեշնչում և բիզնեսում քայլ անելու ռիսկ փոխանցում հազարավոր երիտասարդների։
Վահրամը կարծում է, որ մեր ազգային գաղափարախոսությունը հաղթողների ազգ դառնալը պետք է լինի։ Նա վստահ է, որ շրջակա իրականությունը ձևավորվում ենք մենք ինքներս:
«Դրա համար պետք են մեծ նպատակներ և անվերջ աշխատասիրություն։ Հայերս պարտավոր ենք օրը 18 ժամ աշխատել, Հայաստանին աշխատանքի պաշտամունք է պետք, ձեռներեցության պաշտամունք»,-ասում է նա:
Թանդիր․ գաղափարից մինչև բիզնես՝ ընդամենը երկու քայլ, համավարակի պայմաններում
Հունիս ամսվա սկզբին, երբ Հայաստանում կորոնավիրուսային շոկը դեռ ընթացքի մեջ էր, իսկ շատ գործարարներ՝ հուսահատության մեջ, Վահրամի ու ընկերոջ մոտ նոր բիզնես գաղափար է ծնվում՝ հիմնել արագ սննդի կետ, որը սակայն իր տեսակով միակը պետք է լինի հայկական արագ սննդի ոլորտում։ Այդպես ստեղծվում է Թանդիրը՝ թոնրատնային ուտեստների բիզնեսը, որի բացումը կլինի շատ շուտով։
Հայաստանում թոնրատներ շատ կան, բայց Թանդիրը լինելու է «արագ» ու գնային առումով առավել հասանելի միակ թոնրատունը։ Թվում է, թե թոնրի ուտեստը, արագությունն ու մատչելիությունը իրար հետ հակասության մեջ են, բայց հենց այդ հակասության լուծումն էլ բիզնեսի գլխավոր կոնցեպտն ու հաջողության գրավականն է լինելու։ Թանդիրում ուտեստները լինելու են բացառապես թոնրային՝ ի տարբերություն մյուս թոնրատների։ Մշակվել են նաև հատուկ հայկական բաղադրիչներով 7 տեսակի սոուսներ, ինչը, ըստ հիմնադիրների, հայկական խոհանոցի լուրջ բացերից մեկը լրացնելու հարցում կարևոր քայլ է։
Մի խոսքով, գաղափարից մինչև բիզնես ստարտափ ընդամենը երկու շաբաթ է պահանջվել։ Ավելին, թոնրատունը դեռ բաց չէ, բայց թոնրատան հատուկ քարտերն արդեն հարյուրավոր գնորդներ ունեն, և քարտատերերն անհամբեր սպասում են իրենց ուտեստներին՝ Թանդիրի բացման օրը։ Մինչ Թանդիրի բացումը 8000 դրամանոց քարտերը վաճառվել են 4900 դրամով։ Սա էլ մարքեթինգային կարևոր գործիքի շնորհիվ։
«Ի՞նչ է ճգնաժամը։ Դա խաղի կանոնների փոփոխություն է,-ասում է Վահրամը,-եթե նախկինում դու անում էիր այսինչ բաները և ստանում էիր որոշակի արդյունք, հիմա այլևս խաղի այդ կանոնները չեն աշխատում։ Պետք է նոր խաղի կանոններին համապատասխան աշխատես»։
Նա համոզված է, որ զարգանալու լավագույն ժամանակահատվածը հենց ճգնաժամերն են։ «Բոլոր հաջողակ գործարարները հարստացել են ճգնաժամերի ժամանակ»,-ասում է նա,-ի՞նչ է նշանակում գործարար, ձեռերեց․ մարդ, որն ինչ-որ բան է ձեռնարկում։ Ես կարծում եմ, որ այս ճգնաժամի արդյունքում շուկայում մնալու են ուժեղագույնները, նրանք, ովքեր իսկապես բիզնեսից հասկանում են։ Այո, ուժեղները, առավել ակտիվները «խլելու են» շուկան թույլերից ու պասիվներից»։
Վահրամն ասում է, որ կորոնավիրուսի համավարակի սկզբից մինչ օրս 30-40 տոկոսով աճել է նաև «Չոր մարքեթինգ» նախագծի դասընթացների պահանջարկը։ Այնպես որ այդ առումով նույնպես բիզնեսը դրական աճ է ունեցել։
«Քովիդն ու կարանտինը շատ բաներ օգնեցին հասկանալ: Օրինակ, երբ մենք գիրք չէինք կարդում՝ ասելով, որ ժամանակ չկա, պարզվեց՝ հիմա էլ չենք կարդում։ Երբ մենք մարզանք չէինք անում առավոտյան, քանի որ շտապում էինք տնից դուրս գալ, պարզվեց՝ էլի չենք մարզվում, նույնիսկ, եթե տնից դուրս գալու կարիք չկա և այլն: Նույն վիճակն էլ բիզնեսում է: Մեր բիզնես դասընթացների արդյունքում, օրինակ, մարդ կա՝ 10 000 դրամ ներդնելով մի ամսում հասավ մաքուր 250 000 դրամ եկամուտի, մարդ կա՝ շաբաթը 3 միլիոն դրամով մեծացրեց շրջանառությունը և այլն։ Իսկ մինչ այդ շատ բիզնեսներ ի՞նչ են անում: Սպասում են՝ իրավիճակը կարգավորվի, որ ինչ-որ բան անեն: Սպասել պետք չի, ընկերնե՛ր, նախկին քայլերն այլևս նախկին արդյունքը երբեք չեն բերելու»:
Fitlandia․ բիզնես՝ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում
Fitlandia-ի՝ առողջ ու բալանսավորված սննդի գաղափարը ծնվել էր՝ հաշվի առնելով սննդի ոլորտում առկա միտումները, առողջ ապրելակերպի նկատմամբ հանրային պահանջարկի աճը։ Կորոնավիրուսային իրավիճակն ու կարանտինային ռեժիմն էլ նոր թափ էին հաղորդել բիզնես գաղափարին և շուկայում արագ տարածվելու հնարավորություն ստեղծել։ Ահա թե ինչու, երբ ապրիլին Հայաստանում սննդի օբյեկտները փակ էին, մարդկանց մեծ մասն էլ մեկուսացած էր տներում, Fitlandia-ի սնունդն առաքվում էր ամենուր։ Այսօր արդեն Fitlandia-ն ունի հավատարիմ հաճախորդների ընդլայնվող ցանց, քանի որ ընկերությունը կարևորում է առողջ, բալանսավորված և լիարժեք սննդակարգը մարդու աճի և զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման և առողջության համար:
Համավարակի ամենախիստ ռեժիմի օրերին, համատարած նեգատիվ տեղեկատվության ու հուսահատեցնող տրամադրությունների ֆոնին անգամ Վահրամը շարունակում էր դրական լիցքեր հաղորդել ու գործնական քայլերի մղել բիզնես ոլորտի ներկայացուցիչներին։
Այդ օրերին նա գրել էր․
Հիմա 4 տեսակ մարդիկ կան:
1. Ուրախացել են, որ ազատ են, գործի չեն գնում: Իրենց ամենաշատը չեմ սիրում 🙂 էդպիսիք ամենաանարդյունավետներն են:
2. Սպասում են կարգավորվի, որ նոր սկսեն գործել: Իրենք հետ են ընկնելու ճգնաժամից հետո:
3. Պլանավորում, նախապատրաստվում են կառանտինից հետո թռիչքային աճին: Էս խավը վերոնշյալներից ամենաարդյունավետն է:
4. Եվ իմ ամենասիրած խավը` գործում են հենց հիմա (կառանտինի կանոնները չխախտելով): Էս վերջինները բոլորից ամենաարդյունավետն են ու միանշանակ հաղթող են դուրս գալու․․․