Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում «Ռեալն» ընդունեց «Ռեալ Սոսյեդադին»: Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 3:4 հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:
22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Արքայական ակումբի նախկին կիսապաշտպան Մարտին Էդեգորը: 54-րդ րոպեին շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը կրկնապատկեց «Ռեալ Սոսյեդադի» առավելությունը, իսկ 2 րոպե անց դուբլ ձևակերպեց: 59-րդ րոպեին «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 69-րդ րոպեին հյուրերի իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն խփեց իր թիմի չորրորդ գոլը: 81-րդ րոպեին «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն հաշիվը դարձրեց 2:4: Հանդիպման ավելացված ժամանակին Արքայական ակումբի իսպանացի պաշտպան Նաչոն նվազագույնի հասցրեց հաշվի տարբերությունը:
Քառորդ եզրափակչի վերջին խաղում Բիլբաոյի «Նուեվո Սան Մամես» ստադիոնում «Աթլետիկը» մրցեց «Բարսելոնայի» հետ: «Աթլետիկը» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
«Աթլետիկի» միակ ու հաղթական գոլը հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին խփեց իսպանացի հարձակվող Ինիակի Ուիլիամսը:
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի մյուս մասնակիցներն են «Գրանադան», «Ռեալ Սոսյեդադը» և երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Միրանդեսը»: