f

Անկախ

«Թալանվածը կվերադարձվի». ինչպե՞ս է Հայաստանում լուծվելու մասնավոր սեփականության լեգիտիմության հարցը


Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է.

Կորոնավիրուսն արդեն իսկ հասցրել է զգալի «խմբագրական շտկումներ» մտցնել յուրաքանչյուրիս համար սովորական դարձած կենսակերպում, սակայն ամեն ինչ սրանով չի եզրափակվում, և մենք ակնհայտ է՝ կդառնանք համաշխարհային տնտեսության և առանձին վերցրած պետությունների տնտեսությունների ֆունդամենտալ կերպափոխումների/տրանսֆորմացիաների ականատեսը: Փորձագետներն արդեն իսկ հասցրել են մեզ սպասվող ժամանակահատվածն անվանակնքել որպես՝ «Վախի տնտեսություն», «Պատերազմական վիճակի տնտեսություն» և այլն: Դրա հետ մեկտեղ կարևոր է, որ իշխող վերնախավը, որի կարևորության մասին արդեն խոսել ենք, համարժեք լինի ժամանակի կարիքներին և մարտահրավերներին:

«Մեծ դեպրեսիա 2.0»

UBS Group AG խոշոր շվեյցարական հոլդինգի գլխավոր տնտեսագետ Փոլ Դոնովանը նշում է, որ հետկորոնավիրուսային աշխարհի ֆինանսատնտեսական իրականությունը ֆունդամենտալ տեղաշարժի կենթարկվի: Կլինի տնտեսություն, որի պարագայում կփոխվեն մի շարք ոլորտներ, ընկերությունների ու սպառողների վարքի մոդելները: Աշխատակիցների հեռավար աշխատանքային ռեժիմը, արտադրության կանգնեցումը, սպառման անկումը կարող են դառնալ տնտեսական երկարաժամկետ թրենդեր, որին պետք է հարմարվեն պետությունները, բիզնեսը և սպառողները:

Ընդհանուր առմամբ փորձագետները ողջ աշխարհում միակարծիք են այն բանում, որ համաշխարհային տնտեսությունը կանգնած է ֆունդամենտալ կերպափոխումների նախաշեմին, որոնք իրենց մասշտաբով նման են այն գործընթացներին, որոնք տեղ էին գտել Համաշխարհային պատերազմերից ու Մեծ դեպրեսիայից հետո: Հայաստանի, ինչպես նաև ցանկացած պետության համար կարևոր է հասցնել նստել փոփոխությունների «գնացքը», ոչ թե մնալ վագոնում, որը կցված չէ «հիմնական շարժակազմին»: Փորձագետները նշում են նաև, որ կորոնավիրուսը, բացի տնտեսության վրա ակնհայտ բացասական ազդեցությունից, ունի նաև դրական բաղկացուցիչներ, և այն արդեն դարձել է խթան փոփոխություններն արագացնելու համար, և արագացնելու է տեխնոլոգիաների ներդրումը, օրինակ՝ արդյունաբերական ինտերնետը:

Սակայն հայկական իրականությունը փոքր ինչ տարբերվում է համաշխարհային միտումներից: Կորոնավիրուսը Հայաստանում իշխանությունների կողմից նույնպես դիտարկվում է որպես հնարավորություն, բայց ոչ որպես հնարավորություն համախմբել հասարակությանը և «լավագույն ուղեղները» օգտագործել ճգնաժամից դուրս գալու ծրագիր մշակելու համար՝ զուգահեռաբար ներդնելով երկրի տնտեսության գլոբալ փոփոխությունների հիմքերը: Փոփոխություններ՝ ուղղված ազատ ու մրցունակ շուկայի կայացմանը, որի «մեջքին» կանգնած կլինի արդյունավետ ու կայուն քաղաքական համակարգ, անկախ դատական համակարգ և այլն: Հայաստանյան իշխանությունների կողմից՝ վարչապետի գլխավորությամբ, կորոնավիրուսն ընկալվում է որպես սեփականության վերաբաշխման հնարավորություն:

Մի շարք առաջատար հայաստանցի փորձագետների, քաղաքագետների և տնտեսագետների կարծիքով, ծանր տնտեսական իրավիճակը և կառավարության անկարողությունը՝ մշակել ու իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային ծրագրեր, կարող է կտրականապես ապակայունացնել իրավիճակը, ինչը կհանգեցնի սոցիալական բունտի: Այս պայմաններում իշխանություններին գումար է անհրաժեշտ լինում: Փաշինյանի կառավարությունն անգամ «խաղաղ» ժամանակ խնդիրներ է ունեցել արտասահմանյան ներդրումների հետ, իսկ «պատերազմական ժամանակի տնտեսության» պայմաններում արտասահմանյան միջոցներ ներգրավելը գրեթե անհնարին կլինի, այդ իսկ պատճառով հարկ կլինի «փնտրել ներքին ռեսուրսներ»:

Սակայն, դատելով իշխանությունից ստացվող անթաքույց ազդակներից, այդ հարցի լուծումը կլինի ոչ քաղաքական և հասարակական համախմբման տրամաբանության, քաղաքական կայունության և կանխատեսելի ռեժիմի ստեղծման, այլ ընդդիմության և խոշոր կապիտալի ներկայացուցիչների հետ կոշտ հակամարտության տրամաբանության շրջանակներում։

Սեփականության վերաբաշխում իրականացնելու համար արդեն իսկ մշակված են այնպիսի օրենքներ, ինչպիսիք են՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, ինչպես նաև ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը, «Բանկային գաղտնիքի» մասին օրենքը, որով հանվում են բանկային գաղտնիքի սահմանափակումները:

Ի դեպ, «կապիտալի հետ պայքարն» իր էությամբ ուղղվելու է ոչ թե «թալանվածը ժողովրդին վերադարձնելուն», որքան «հեղափոխական իշխանությունների»՝ սեփական նախնական կապիտալի կուտակումն իրականացնելու ձգտմանը:

«Դոմինոյի էֆեկտը»

Հունիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը կուսակցության քաղխորհրդի նիստի ընթացքում միայն առիթ էր իր դեմ արդեն երկար ժամանակ ծրագրված գործողություն սկսելու, որը միտված էր ոչ միայն երկրի քաղաքական դաշտից հակառակորդին ոչնչացնելուն, այլև սեփականության վերաբաշխման լայնածավալ գործընթաց սկսելուն: Ծառուկյանն ու Փաշինյանը «դասակարգային թշնամիներ» են՝ խոշոր սեփականատեր և բոլշևիկյան գաղափարախոսության կրող: Վաղ թե ուշ երկու «պատերազմող դասակարգերը» պետք է դուրս գային միմյանց դեմ, քանի որ նոր կառավարությունը պետք է լուծի գույքի և սեփականության լայնածավալ վերաբաշխման և իր համար «նախնական կապիտալի» կուտակման հարցը: Այլ կերպ ասած՝ իրականացնի կոպիտ «կուլակաթափություն»։ Միևնույն ժամանակ, այս գործընթացը հանրությանը կներկայացվի «թալանը ժողովրդին վերադարձնելու» կարգախոսների ներքո, ինչի մասին վկայում են նույնիսկ Ծառուկյանի տանն իրականացված քննչական գործողությունների արդյունքում հրապարակված տեսանյութերը: ԱԱԾ-ի հրապարակած կադրերում պատկերված են մեքենաներ, մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները, ինչպես նաև ընտանեկան տոնակատարությունների կադրեր, որոնք կապ չունեն ԲՀԿ առաջնորդի դեմ առաջադրված մեղադրանքների հետ:

Ծառուկյանի գործողությունները նույնպես տրամաբանական են (այլ բան է, որ դրանք կարող են լավ հաշվարկված չլինել). խոշոր կապիտալը դիմադրում է: Այս խնդիրը դիտարկելիս քննարկման մեկնարկային կետը պետք է լինի այն թեզը, որ «դիմադրությունը» բխում է ոչ միայն խոշոր բիզնեսի շահերից, այլև ընդհանուր առմամբ պետության շահերից:

Տնտեսության փլուզումը, որն անպայմանորեն կհետևի «սեփականության վերաբաշխման» նոր փուլից հետո, ակնհայտորեն կհանգեցնի բանակի մարտունակության անկմանը. սա հղի է կոնկրետ հետևանքներով, և հարցը պետք է դիտարկել արդեն երկու հայկական պետությունների տարածքային ամբողջականության հարթության շրջանակներում:

Եթե վարչապետին հաջողվի «խոշոր կապիտալի հարցը լուծել», ապա հաջորդ տրամաբանական քայլը կլինի «անցնել փոքր և միջին» բիզնեսի «հարցերի լուծմանը» (Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք հարևան Վրաստանի օրինակը հաստատում է նման գործընթացների տրամաբանությունը): Եթե դա տեղի ունենա, ապա մենք ականատես կլինենք ամբողջ տնտեսության ոչնչացմանը ՝ «դոմինոյի էֆեկտի» սկզբունքով: Այլ կերպ ասած, սեփականության վերաբաշխումը չի սահմանափակվելու խոշոր ձեռնարկատերերին ունեզրկելուվ, և շղթան հասնելու է անգամ մանր կրպակատերերին: Սա քաղաքական և տնտեսական աքսիոմ է: Միևնույն ժամանակ, մարդիկ, ովքեր ակնկալում են «սեփականության վերաբաշխումից մասնաբաժին ստանալ», ավելի լավ չեն ապրելու, իրենք անգամ ավելի վատ կսկեն ապրել, սակայն նրանց կշարունակեն «կերակրել» «աղմկահարույց ձերբակալություններով» և լայվերով:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ սեփականության լեգիտիմության հարցը, այնուամենայնիվ, Հայաստանում առկա է, և վարչապետը խաղում է այդ հարցի «նուրբ լարերի» վրա ու փորձում օգտվել չլուծված խնդրից ՝ իր քաղաքական նպատակների համար:

Սեփականության լեգիտիմության հարցը սուր է ոչ միայն Հայաստանում, այլև անցումային ժողովրդավարության այլ երկրներում: Մեզանում, մի շարք պատճառներով, այն չի լուծվել երկրի նախկին ղեկավարների օրոք և, ամենայն հավանականությամբ, չի լուծվի գործող վարչապետի օրոք:

Սեփականության «սոցիալիզացիայի» և լեգիտիմության խնդիրը չպետք է լուծվի բռնի մեթոդներով և վերաբաշխմամբ, այլ քաղաքական երկխոսության, թափանցիկ օրենսդրության և հասարակության տարբեր հատվածների միջև «համակեցություն մոդելի» մշակմամբ:

«Լեգիտիմություն» և «լեգալություն/օրինականություն»

«Սեփականության լեգիտիմության» խնդիրը նոր չէ և արդեն երկար տարիներ ուսումնասիրվում է տնտեսագետների, քաղաքագետների և սոցիոլոգների կողմից:

Խորհրդային Միության փլուզումը բազում գործընթացների զարկ տվեց, ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ, և տնտեսական ամենակարևոր տրանսֆորմացիաներից մեկն արտադրական ակտիվների գերակշիռ մասի տեղափոխումն էր պետական սեփականությունից մասնավոր սեփականություն: Հետխորհրդային տարածքում այս գործընթացի հիմնական նպատակը պետք է համարել շուկայական տնտեսության ստեղծումը, ինչպես նաև մասնավոր սեփականության իրավունքի ինստիտուտի վերածնունդը:

Մի կողմից խնդիրը լուծվեց, և նախկին Սովետական Միության բոլոր երկրներում տեղի ունեցավ դժվար, բայց անցում պլանային տնտեսությունից շուկայական հարաբերությունների: Այնուամենայնիվ, այս գործընթացի հետ մեկտեղ, նշված պետությունների հասարակություններում ձևավորվեց բացասական վերաբերմունք խոշոր կապիտալի նկատմամբ, որն առաջացել էր սեփականաշնորհման գործընթացների արդյունքում: Դա, իր հերթին, հանգեցրեց նրան, որ հետխորհրդային տարածքում տարբեր աստիճանի սրությամբ դրվեց սեփականության «լեգիտիմության» և «սեփականության օրինականության (լեգալության)» հարցը:

Եթե հնարավորինս պարզեցնենք խնդիրը, ապա հարցի էությունը նրանում է, որ գույքի օրինականությունը (լեգալ լինելը) կապված է հարցի ֆորմալ, օրենսդրական բնույթի հետ (երբ «թղթերով ամեն ինչ մաքուր է»), իսկ ահա գույքի լեգիտիմությունը կապված է սեփականության պատկանելիության ոչ ֆորմալ ճանաչման մեխանիզմների հետ: Այլ կերպ ասած, երբ շրջապատում, հասարակությունում չեն վիճարկում սուբյեկտի իրավունքներն այս կամ այն սեփականության հանդեպ:

Իդեալական դեպքում, որևէ խնդիր չպետք է լինի «լեգիտիմության» և «օրինականության/լեգալության» միջև, և տնտեսության մեջ ինստիտուցիոնալ հավասարակշռության գոյության կարևոր հիմքերից մեկը պետք է լինի հենց «լեգիտիմության» և «օրինականության » համահունչությունը:

Այսինքն՝ հասարակության մեջ պետք է լինի «համաձայնություն» այս կամ այն այլ գույքի/սեփականության օգտագործման շուրջ, բայց եթե այդպիսի համաձայնություն չկա, ապա այդ «հասարակական տարաձայնությունը» վերածվում է «թույլ»-ի (աղքատի) կողմից «ուժեղ»-ին (հարուստին) ճնշելու քաղաքական գործիքի: Փորձը ցույց է տալիս, որ իրականում «տարաձայնությունը» վերածվում է քաղաքական գործիքի, որի միջոցով որոշ քաղաքական դերակատարներ կարող են մարդկանց փողոց դուրս բերել «սոցիալական արդարություն հաստատելու» կարգախոսներով, բայց իրականում հետապնդելով անձնական նպատակներ, որոնք կապված չեն նշված «սոցիալական արդարության» հետ (Հայաստանի օրինակը հաստատում է դա):

Աշխարհի շատ երկրներում հավասարակշռությունն «օրինականության/լեգալության» և «լեգիտիմության» միջև, ինչպես նաև սոցիալական ներդաշնակությունը պահպանվում են քաղաքական համակարգի կայուն գործունեության, անկախ դատական համակարգի և կայուն զարգացող տնտեսության միջոցով, որի «պտուղները» համեմատաբար հավասարաչափ բաշխված են տարբեր սոցիալական շերտերի միջև։ Եթե պետությունը խնդիրներ ունի և՛ քաղաքական, և՛ դատական, և՛ տնտեսական համակարգերի գործառույթների հետ, ապա «լեգիտիմությունը» և «լեգալությունը» սկսում են իրարից տարբերվել, ինչն օբյեկտիվ հիմքեր է ստեղծում սոցիալական ապստամբության և հասարակության մեջ ֆորսմաժորային այլ գործընթացների համար:

Սեփականության լեգիտիմությունը կարող է կառուցվել տարբեր հիմունքերով` գաղափարական, ավանդական և անգամ կենցաղային պատկերացումների վրա: Սեփականության լեգիտիմության վերաբերյալ գնահատականները կարող են հիմնվել հասարակության մեջ «արդարի» և «անարդարի» վերաբերյալ ընդունված որոշակի ընկալումների հիման վրա: «Ազնիվ» կամ «անազնիվ» լինելու վերաբերյալ: Ամենից հաճախ, «լեգիտիմ» է ճանաչվում այն, ինչը չի հակասում հասարակության մեջ արդարության, ազնվության և կոռեկտության վերաբերյալ հաստատված նորմերին ու գաղափարներին: Այսինքն՝ խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն տնտեսագիտության և քաղաքականության հարթությունում, այլև բարոյականության ու արժեհամակարգերի տիրույթում:

Օրինականությունը (լեգալությունը)՝ սեփականության իրավունքի իրացումն է դրական իրավունքի շրջանակներում (ընդունված օրենքների շրջանակներում): Լեգիտիմությունը՝ սեփականության իրավունքի իրացումն է՝ ավելի լայն սկզբունքներին համապատասխան, մենք այն կկոչենք մետաիրավական սկզբունքներ, որոնք կարող են ներառել վերը նշված ավանդական և նույնիսկ գաղափարական հիմքերը, որոնք թույլ են տալիս չվիճարկել հասարակության մեջ սեփականության իրավունքը: Այս թեման ժամանակին իր արտացոլումն է գտել մի շարք հեղինակների աշխատություններում, և նրանցից յուրաքանչյուրն ունեցել իր սեփական մոտեցումը սեփականության իրավունքի ինստիտուտի վերլուծության վերաբերյալ:

Ադամ Սմիթը, որը լեգիտիմության հայեցակարգը մշակեց նույնիսկ Մաքս Վեբերի աշխատանքներից առաջ և անվանեց այն «Բարոյական զգացմունքների տեսություն» (The Theory of Moral Sentiments), «լեգիտիմություն» հասկացությունը սահմանելու համար օգտագործեց «propriety» (պատշաճություն) տերմինը:

Ադամ Սմիթը նշում է, որ գոյություն ունեն բավարար չափանիշներ, որոնց հիման վրա որոշվում է, որ ինչ-որ մի բանը պատկանում է ինչ-որ մեկին, և հենց այդ չափանիշների համապատասխանությունն է, որը «պատշաճություն» կամ, այլ կերպ ասած, լեգիտիմության դրսևորում է: Հեղինակը նշում է նաև, որ դրական իրավունքով (գրավոր օրենսդրությամբ) «պատշաճության» գաղափարը պետք է ունենա քիչ թե շատ համարժեք արտահայտություն, և ավելացնում է, որ շուկայական համակարգը կարող է գոյություն ունենալ և զարգանալ միայն այն դեպքում, եթե «շուկայի գործընթացի» մասնակիցները չեն խախտում «արդարության և պատշաճության օրենքները»:

Այլ կերպ ասած՝ մենք կրկին եկանք այն մտքին, որ գույքի «լեգիտիմությունը» և «լեգալությունը» չեն հակասում միմյանց, եթե հասարակության մեջ կա որոշակի փոխհամաձայնություն՝ այդ սեփականության բաժանման «պատշաճության» և «արդարության» առումով: Բայց ինչպե՞ս կարելի է դրան հասնել գործնականում, մանավանդ այն պայմաններում, երբ, պատմականորեն, «հանրային համաձայնության» ձևավորմանը նախորդող ողջ գործընթացը լի է կոռուպցիայի և սեփականության անարդար (առնվազն հասարակության ընկալման մեջ) բաշխման դեպքերով: Այս հարցի հնարավոր պատասխաններից մեկը տալիս է մեզ պատմությունը:

Պատմական օրինակ

Կորեական պատերազմից հետո (1950-1953) Հարավային Կորեայի կառավարությունը ճապոնացիներից առգրավեց երկրի տարածքում գործող իրենց ձեռնարկությունները, իսկ այդ ժամանակ Ծագող արևի երկրի ներկայացուցիչներին էր պատկանում Կորեական թերակղզու հարավային մասի ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական օբյեկտների ճնշող մեծամասնությունը:

Տնտեսական օբյեկտները հետագայում ձեռք բերվեցին իրենց նախկին կարավարիչների կողմից, և հենց այդ մարդիկ էլ կազմեցին «Հարավային Կորեայի օլիգարխների» նոր դասը: «Պատահական» մարդկանց նույնիսկ թույլ չէին տրվել մասնակցել մասնավորեցման պրոցեսին (համաձայնեք, ծանոթ պատմություն է): Հարավային Կորեայի այն ժամանակվա նախագահ Լի Սեն Մանին մոտ կանգնած օլիգարխները ոչ միայն ցածր գներով օբյեկտներ էին գնում, այլև ստացան հնարավարորություն 15 տարի վճարում չիրականացնել:

Բենիամին Մաթևոսյան

Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Ավելին
Ավելին