f

Անկախ

Բարեկենդան


Բարեկենդանը խրախճանքի ու զվարճանքի տոն է: Այն նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը, իսկ Բուն Բարեկենդանը Մեծ պասին նախորդող կիրակին է:

Բարեկենդանի տոնական ուտեստների մեջ նախապատվելի են առատ մսով, յուղով, կաթնեղենով ուտելիքները: Բարեկենդանի սեղանների անբաժան ուղեկիցներն էին նաև գաթան և հալվան:  Վերջին օրը երեկոյան կաթնապուր ու մածուն էին ուտում, վրայից` խաշած ձու:

Բարեկենդանին թոնիրը միշտ վառ պիտի լիներ և սեղաններին ամեն ինչ պետք է առատ լիներ:

Բարեկենդանը ավելի մեծ շուքով է նշվել քան Ամանորը, որովհետև Բարեկենդանի տոնը երկրագործական նոր տարին սկսելու նախապատրաստական ծիսական արարողակարգ էր:

Բարեկենդան բառը հավանաբար առաջացել է բարի կենդանություն բառակապակցությունից: Գարնանամուտի զարթոնք ապրող բնության գործընթացը աշխուժացնելուն են միտված բոլոր հմայական խաղերն ու տոնածիսական ճաշերի պատրաստումը: Ժողովրդական տոնախմբության հիմքում ընկած է միասնական զոհաբերման գաղափարը  հանուն ընդհանուրի բարօրության: Այս սկզբունքից ելնելով` յուրաքանչյուրը պարտավոր էր մասնակցել համընդհանուր տոնածիսական արարողություններին:

Բարեկենդանը ոչ միայն առատ ուտելիքների, կերուխումերի, խաղերի և զվարճանքների տոնակատարություն էր, այլև բացարձակ ազատության էր տրվում անհատի ցանկություններին և դրսևորումներին. օրինակ՝ արտոնյալ էր (նաև որպես բողոք արտահայտելու ձև)  առաջնորդներին և տիրող կարգերին ուղղված ծաղրը:

Համաձայն քրիստոնեական վարդապետության` Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որ մարդը երբևէ դրախտում է եղել և ճաշակել է բոլոր պտուղները:

Բարեկենդանն իսկական ժողովրդական տոն էր: Այս օրերին հայոց համայնքներում իսկական «խոսքի ազատություն» էր: Բոլորն ասում էին այն, ինչ կամենում էին: Հաշտվում էին խռովները: Բարեկենդանին նեղանալ չէր կարելի: Մարդկանց բերանից անպակաս էր կատակը: Հայաստանում սա թերևս ամենաբովանդակալից տոներից էր: Այն իսկական ժողովրդական տոնախմբություն էր երգ ու պարով, ուրախ խոսքով, հումորով, խաղերով…

Բարեկենդանին որոշ ազատություններ են վայելել անգամ հոգևորականները: Այս պատճառով էլ տոնը հայտնի է նաև Աբեղաթող անվամբ: Այս օրը եկեղեցիներում պատարագը մատուցվում է միայն վարագուրված խորանի հետևում:

Մարդիկ ցերեկը կերուխում են անում տանը, իսկ գիշերները սկսվում են համընդհանուր զվարճանքը և զբոսանքը: Համայնքը հավաքվում է գյուղամիջում, խարույկի շուրջ և սկսվում է ժողովրդական տոնախմբությունը: Ընտրում են ավագ, որին կոչում են թագավոր, նստեցնում են պատրաստած «գահին» ու իրենց ուսերին պտտեցնում գյուղի փողոցներում: Սա արդյունքում վեր է ածվում իսկական կառնավալի: Բոլորն անխտիր մասնակցում են զվարճանքին: Վերջում համընդհանուր զոհաբերություն է կատարվում, համայնքի բնակիչները գյուղի հրապարակում սեղան են բացում ու դարձյալ կերուխում է սկսվում, իսկ վերջում, տուն գնալուց առաջ, տոնախմբության մասնակիցները մեկական ձու էին ուտում. ձվով փակում էին բերանը, որպեսզի Մեծ պահքից հետո դարձյալ ձվով բացեն…

Հայկական Բարեկենդանը նախատիպն է եվրոպական Կառնավալի: Հին Հայաստանում հենց այդպիսի կառնավալ-դիմակահանդեսներ կազմակերպվել են Բարեկենդանի ժամանակ: Մարդիկ, դիմակավորված չար դեմքերով, փորձել են վախեցնել-հեռացնել չարքերին և հրավիրել Բարուն: Բարեկենդանի ժամանակակից վերապրուկները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ բնապաշտական ժամանակներում Բարեկենդանի ժամանակ մեծ շքերթ է եղել, որ անգամ ուղեկցվել է զորաց երթով ու սրախաղերով, համընդհանուր մեծ միջոցառումներին հասարակ ժողովրդի հետ մասնակցել է անգամ հայոց արքունիքը: Սրա վերապրուկները կան ոչ միայն Բարեկենդանի տոնի ժամանակակից դրսևորումներում, այլև հայկական ժողովրդական հեքիաթներում, բանահյուսության մեջ:

Բարեկենդանի ուրախ ու կատակային բնույթը  լավագույն ձևով է ներկայացված Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթում:

Փաթիլա

Անհրաժեշտ է 2 բ. ալյուր, 1 ճ. գդ. ձեթ, 1 ճ. գդ. քացախ, 1 բ. ջուր. 100 – 150  գ հորած պանիր կամ տհալ, 2 ճ. գդ. յուղ՝ տապակելու համար:

Շաղել խմորը և վերածել փոքր գնդերի: Բացել յուրաքանչյուրը, մեջը դնել 1 ճ. գդ. պանիր կամ միս, փակել կիսալուսնաձև, ամրացնել ծայրերը, ձեռքով տափակացնել:

Տապակել տաք յուղի մեջ երկու կողմն էլ:

Բխբխիկ

Անհրաժեշտ է 200 գ ալյուր, 3 ձվի դեղնուց, 200 մլգ կաթ, 100 գր յուղ,  100 գր դոշաբ, 100 գր մեղր, 1 թեյի գդալ շաքարավազ, աղ:

Կաթը գոլացնել, ավելացնել ձվի դեղնուցը, աղը և ալյուրը: Պատրաստի խմորը թողնել հանգստանալու 3-4 ժամ: Հետո խմորը բաժանել ընկույզի մեծության գնդիկների:

Յուղը տաքացնել փոքր կաթսայի մեջ, թույլ կրակի վրա: Պատրաստի գնդիկները կարմրացնել յուղի մեջ մինչև ոսկեգույն դառնալը: Մատուցելիս վրան լցնել դոշաբ կամ մեղր:

Թոնչեն–ամիճ

Անհրաժեշտ է 2 կգ սագի միս, 100 գ բրինձ, 100 գ շագանակ, աղ, սև պղպեղ, բահար, 150 գ ծիրանի չիր, 60 գ չամիչ, 2 պճեղ սխտոր, 1 կգ խնձոր:

Թռչնամիսը լվանալուց հետո համեմել աղով, բահարով, պղպեղով և սխտորով, թողնել 3-4 ժամ: Բրինձը կիսաեփ անել, ավելացնել թրջած չամիչ, ծիրանաչիր և թավայի մեջ դաղած ու մաքրած շագանակ: Այս ամենը լցնել սագի որովայնը, կարել, որպեսզի լցոնը չթափվի, դնել ջեռոցի ցանցի վրա` կրծքամիսը վերև, ցանցի տակ դնել տապակով ջուր: Եփել 160 աստիճան ջերմաստիճանի տակ` 2-3 ժամ: Ամեն 15 րոպեն մեկ ցողել հյութով, որպեսզի ավելի համեղ լինի: Մատուցել փռում եփած խնձորով:

Փախլավա

Կես լիտր գոլ կաթի մեջ բացել թթխմորը, լավ խառնել, մինչև թթխմորն ամբողջությամբ լուծվի, ավելացնել 5 ձու, աղ,  300 գր հալած յուղ, ալյուր և պատրաստել  պինդ խմոր: Այնուհետ ծածկել սրբիչով և 1-2 ժամ թողնել, որպեսզի խմորը հանգստանա, որից հետո բաժանել 3-4 գնդերի:

Յուրաքանչյուր խմորագնդից գրտնակով բացել բարակ շերտ: Թիթեղաշերտին յուղ քսել, խմորը փռել վրան, այնուհետ լցնել խորիզը, ծածկել խմորե բարակ շերտով: Այսպես`  բոլոր գնդերը:

Այնուհետ դեռ չթխված խմորը սուր դանակով կտրտել  փախլավաձև, վրան քսել ձվի դեղնուց և թխել սկզբում տաք, ապա մեղմ ջեռոցի մեջ: Երբ խմորը սկսի կարմրել, վրան լցնել մեղրաջուր և կրկին 10-15 րոպե թողնել տաք ջեռոցում:

Խորիզը. 600 գ ընկույզի միջուկը կամ նուշը ծեծել, ավելացնել շաքարավազ, համեմունք, դարչին, ծեծած մեխակ, հիլ, ամբողջը լավ խառնել, մինչև ստացվի փխրուն զանգված:

Սըռոն

Պատրաստում են խմորից: Այն կտրատում են մանր, թաթախում սխտորով համեմված մածնաթանի մեջ և լցնում խոր պնակի մեջ, վրան յուղ ավելացնում և ուտում: Տարածված էր հատկապես Բալուում:

Թանապուր

Ձավարը ջրում խաշել, ապա առանձին թասի մեջ ձուն ջարդել, լավ հարել, հետը թան կամ մածուն խառնել, գարու ալյուրով խյուս սարքել, լցնել ցորենի վրա: Վերջում սպասի վրա լցնել առատ յուղով սոխառած և կանաչի, լավ եփել: Կարելի է մատուցել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում:

Քալագոշ

1/2 կգ ոսպ

1/2  կգ սոխ

2 ճ.գդ. յուղ

1 լ մածուն

1 ձու

1 ճ.գդ. ալյուր

չորացրած կանաչիներ (ուրց, դաղձ, անանուխ)

չորացրած լավաշ

աղ:

Ոսպը խաշել առատ ջրի մեջ, մինչև շիլա դառնա: Մածունը ձվով և ալյուրով եփել մինչև թանձրանա: Սոխը մանրացնել և տապակել, ավելացնել չորացրած կանաչիները, շարունակել եփել մինչև յուղը ձիթագույն դառնա: Մատուցել` ափսեի մեջ լցնելով փշրված չորացրած լավաշ, վրան ոսպ, եփած մածունը և սոխառածով կանաչին:

Պանըրհաց

 

2 լավաշ

100 գ թել պանիր

1 ճ.գդ. յուղ                                                                                                                                      եռման ջուր:

 

Մանրացնել լավաշը և թել պանրի հետ միասին շերտ-շերտ լցնել ափսեի մեջ:

Վրան լցնել եռման ջուր և թողնել, որ ներծծվի: Մի քանի րոպե անց թափել հավելյալ ջուրը, վրան լցնել յուղը և մատուցել:

Գաթա

խմորը

1/2 բ. մածուն

1/2 բ. շաքարավազ

1 ձու

2 թ. գդ. սոդա

ալյուր:

Միջուկը

1/2  բ.  յուղ

1/2  բ.  շաքարավազ

1 – 1,5   բ. ալյուր

Շաղախել խմորը, խառնելով մածունը, շաքարավազն ու ձուն, ապա ավելացնել սոդան և ալյուրը: Թողնել 15 րոպե, որ հանգչի: Այդ ընթացքում պատրաստել միջուկը` խառնելով յուղն ու շաքարավազը, ապա քիչ-քիչ լցնել ալյուրը, մինչև սկսի փշրվել:

Խմորը բացել, վրան լցնել միջուկից, ոլորել ինքն իր վրա,  երեսին քսել հարած ձու, հետո դանակով շերտել 1 սմ հաստությամբ, ապա եփել տաք փռում 15 – 20 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Բարեկենդան անցյալից Հայաստան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Այս դաժան համաճարակը իր ազդեցությունն է թողել նաև գրքի վրա. Ժասմին Հայրապետյան
Կարող եք մեղադրել նաև պարոն Ծառուկյանին, որ ասում էր բարի մարդկանց չի կպնում, բայց այսօր չի գալիս նիստերի դահլիճ. Սիմոնյան
Հանրաքվեն չեղարկելը կեղծ օրակարգ է. օրական հարյուրավոր վարակակիրներ ունենք, ի՞նչ հանրաքվե. Մարուքյան
Նախորդ երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 573 դեպք
«Մեյմանդար» կոչվող շուկայում տեղի ունեցած խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է երկու անձ
Հերթական ոլորտն է, որ ձախողվել է. չկա ոլորտ, որտեղ ձախողումներ չունենք. Մարուքյանը՝ քաղավիացիայի մասին
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում
Այն մահերի թիվը, որ ունենք, ակնհայտ է, որ առանց պատասխան տալու անհնար է էջը թերթել. Մարուքյան
Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը քննարկելու նպատակով շարունակում է հանդիպումներ ունենալ մասնագետների հետ
Խորհրդարանը քննարկում է երեխայի ծննդյան վկայականում նաև ՀԾՀ-ն նշելու օրինագիծը
Արփա-Սեւան ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 117 միլիոն 892 հազար խորանարդ մետր ջուր
Արման Թաթոյանը կոչ է արել համաքաղաքացիներին միասին պայքարել համավարակի տարածման դեմ
Ընթացիկ տարվա 4 ամսվա ընթացքում շուրջ 12 հազար մարդ ազատվել է աշխատանքից
Աննա և Հրաչյա Հակոբյանները դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմ
Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ
Հրատապ խորհրդակցություն հրավիրեք, կանչենք գործադիրին, հասկանանք՝ ով ինչ չի անում. Մելքումյանը՝ ԱԺ նախագահին
Այսօր իրավիճակն այնպես չէ, որ անցնենք կորոնավիրուսով վարակվածների խորը տեսակավորման. Զեյնալյան
Ժողովուրդը ոչ մի մեղավորություն չունի, ու մի փորձեք Ձեր սխալների ու բացթողումների մեղքը հավասարապես տարածել բոլորի վրա. Ղազինյան
Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
Ախուրյան գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
«Սասնա ծռերի» գործով դատական նիստին չեն հարցաքննվի փորձագրետները. դատարանը մերժեց Փոստանջյանի միջնորդությունը
Նիկոլ Փաշինյանը կրկին հին տեսանյութ է տարածել. այն արված է 2016թ․
Ոչ-ոք իրավունք չունի իբրև կառավարության ղեկավար տնտեսությունը աճեցրած, արցախյան պատերազմում հաղթած մարդուն վիրավորել. Բագրատյան
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նիստերն անհրաժեշտ է անցկացնել հեռավար ռեժիմով. «Իմ քայլը»
Հայաստանում հուլիսի սկզբին կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը
Ավելին
Ավելին