COVID-19 կորոնավիրուսային վարակի շուրջ ստեղծված իրավիճակը չպետք է օգտագործվի «գաղափարական դիմակայության» շրջանակներում: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, նա մեկնաբանել է համաճարակի պատճառով Պեկինի և Վաշինգթոնի միջև տիրող իրավիճակը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի վիրուսը օգտագործվի գաղափարական դիմակայության շրջանակներում», - ասել է նա:
Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է «հայելու մեջ նայի և հարցնի ինքն իրեն՝ արդյո՞ք բավարար ամեն ինչ անում է այդ վիրուսի տարածումը դադաեցնելու համար»:
Նա ընդգծել է, որ ԱՀԿ-ն ափսոսում է տհաճ և վիրավորական ձևակերպումների համար:
«Դա չի օգնում ... Մենք ԱՀԿ-ում ցանկանում ենք ուղղակիորեն զբաղվել կորոնավիրուսի դեմ պայքարով: Մենք փորձում ենք կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ պետք է արվի: Աշխարհում շատ խոցելի մարդիկ կան, և նրանք մեր օգնության կարիքն ունեն», - հավելել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ԱՀԿ-ն չպետք է առանձին երկրների քաղաքական խաղերի համար «տափօղակի վերածվի»: