Սանահինի վանահայր Գրիգոր Տուտեորդիի օժանդակությամբ 1181թ.-ին կառուցվել է Սանահինի եկեղեցական համալիրի Ամենափրկիչի ժամատունը: Ինչպես շատերի դեպքում նրա ծննդյան թիվն էլ հայտնի չէ: Մահացել է մոտ 1204թ.-ին Սանահինում: Տարբեր աղբյուրներում հիշատակված է «մեծապատիվ վարդապետ», «այր երևելի»: Նա պաշտպանել է ազգային եկեղեցու ինքնությունը, հակադրվել հայկական և բյուզանդական եկեղեցիների միավորմանը կողմնակից հոգևորականներին:
Սանահինի եկեղեցու բակում 1220-21թթ թաղվել է մեկ ուրիշ Գրիգոր` Գրիգոր որդի Աբասա(ծննդյան թիվը հայտնի չէ): Մատենագետ կրոնական այս գործիչը 1214-ից եղել է Սանահինի վանքի առաջնորդը: Նա հայտնի է «Գիրք պատճառաց» աշխատությամբ, որը ունի 3 բաժին՝ 196 ծավալուն հոդվածներով: Գրքում հետազոտվող ստեղծագործությունները դասակարգված են 3 բաժիններով․ Ա․ Հին կտակարանի գրքեր, Բ. Եկեղեցական մատենագիրների գործեր և «արտաքին» կոչվող գրքեր, Գ. Նոր կտակարանի գրքեր: Ա. և Գ. բաժինների հոդվածները պատրաստելիս հեղինակը օգհտվել է անցյալի մատենագիրների աշխատություններից, իսկ Բ. բաժնի նյութերը քաղել է իր ժամանակակիցների (Վարդան Հաղպատեցի, Դավիթ Քոբայրեցի, Մխիթար Գոշ և ուրիշներ) գործերից: Գրիգոր որդի Աբասան մատենախոսել է Փիրոն Եղբայրեցու, Գրիգոր Նազիանզացու, Բարսեղ Կեսարացու, Դավիթ Անհաղթի աստվածաբանական և իմաստասիրական երկերը, Դիոնիսոս Արիոպագացու «Ինքնակենսագրությունը»:
«Գիրք պատճառաց»-ը հանրագումարային աշխատությունը նոր մակարդակի է բարձրացրել մատենագիտությունը: Կարծում եմ այն այսօր էլ կարող է պատմության էջերից հեռացնել անդարձ մոռացումի փոշին:
Հ.Գ Ինձ համար հասու աղբյուրները հնարավորություն չտվեցին տեղեկություններ ունենալ 11-րդ դարի մատենագիր, տոմարագետ Անանիա Սանահնեցու և 12-13-րդ դարերի մատենագիր Դավիթ Քոբայրեցու մասին: Գուցե կօգնեն մեր ընթերցողները` առանձնապես պատմաբանները, հոգևոր այրերը:
Վաղարշակ Ղորխմազյան