f

Անկախ

«Հայկական  բնաշխարհը   միշտ  եղել  է  ու կմնա  իմ  ներշնչանքի  աղբյուրը».  Գոհար  Պետրոսյան


«Ես  ուզեցել  եմ  արտահայտել  իմ  հոգու խռովքը մարդու չարության, նախանձի և հոգու դատարկության պատճառով:

Գոհար  Պետրոսյան 

Երաժշտությունը բարի զգացմունքներ է արթնացնում մարդկանց հոգում:

Նկարում ես եմ, որ ուզում եմ ջութակով մի  այնպիսի  երաժշտություն  նվագել,  որ մարդիկ լսելով այն իրենց միջից  հանեն բոլոր վատ բաները:Սակայն  ես չունեմ ջութակ նվագելու  կարողություն,  այնպես էլ մարդիկ, որոնց  ես պատկերել եմ մանեկենների  տեսքով, չունեն աչքեր, ականջներ  և հոգի`  լսելու և ընկալելու  բարու  երաժշտությունը:

Սև գույնով պատկերված մանեկենը  չարության խորհրդանիշն է, դեղինը`  նախանձի,բաց մանուշակագույնը`  հոգու դատարկության:

Ջութակը չի նվագել և ուր որ է կընկնի  ձեռքիցս, հոգիս խռովված է…

 Աշխարհը մի ցուցահարթակ է,  որ վարագույրը հետ տանելիս երևում է այն, ինչ ուզեցել եմ արտահայտել  իմ  նկարում»:

Գոհար  Պետրոսյան 

Ահա այսպես է  բնութագրել իր   2009թ.-ի  դիպլոմային աշխատանքը  նկարիչ-քանդակագործ  Գոհար  Պետրոսյանը:

Գոհար Պետրոսյանը  ծնվել եւ մեծացել է  Գյումրիում,  մասնակցել  գեղագիտական  կենտրոնի  նկարչական  խմբակի  պարապմունքներին։

Երկրաշարժի ժամանակ նա երեք  տարեկան էր, մայրը  պահպանել է այդ  տարիների նկարները, որոնք  ապագա  նկարչուհու առաջին քայլերն են: 

Ավարտելով միջնակարգ դպրոցը՝  սովորել է գեղարվեստի քոլեջում,  ապա՝ ընդունվել Երեւանի  գեղարվեստի  պետական  ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ։  Ստացել է ժանյակագործի  եւ գեղանկարչի  որակավորում։  Ուսման ընթացքում  հասկացել է,  որ ուզում է  քանդակագործությամբ զբաղվել ու քանդակել է սովորել։

Գեղարվեստի պետական ակադեմիան ավարտելուցհետո նկարիչ Գոհար  Պետրոսյանը սկսեց փորձեր կատարել քանդակելովկավով՝ միաձուլելով  քանդակագործության և նկարչական իր հմտությունները: 

 14 տարեկանում նա արդեն անհատական ցուցահանդես ունեցավ։

Գոհարը, ով մանկուց խոսքի ու լսողության հետ կապված դժվարություններ ունի,  իր խոսքն արտահայտում է նկարների, քանդակների, կերամիկական  աշխատանքների միջոցով: 

Գոհար  Պետրոսյան 

Գոհարն ամենից շատ սիրում է բնություն նկարել, հայրենի բնաշխարհը:

Հենց Գոհարի` բնության նկատմամբ սերն էլ պատճառ դարձավ, որ ծնողները  վաճառեն Գյումրիի բնակարանն ու տեղափոխվեն Հացիկ, որտեղ երիտասարդ  նկարչուհու ներշնչանքի համար ամենի ինչ կա՝ բնություն ու մեծ  աշխատասենյակ:

Այսօր Հացիկ գյուղի իր տանը կից արվեստանոցում Գոհարը ստեղծում է  յուրահատուկ նկարներ և կավե արձանիկներ՝ հայկական զարդանախշերով:  Նա նաև ուսուցիչ է և փոխանցում է իր գիտելիքները գյուղի երեխաներին:

Արվեստանոցում Գոհարը նաև հյուրընկալում է այցելուների և զբոսաշրջիկների՝  ներկայացնելով իր արվեստը և կազմակերպելով վարպետաց դասեր:

Հայ-կանադական «Հզորացնենք Հայաստանը» ծրագրով վերանորոգվեց  շիրակցի նկարչուհի-քանդակագործի  արվեստանոցը.  սակայն աղջիկը  երազում է գյուղի երեխաների համար արվեստի ստուդիա հիմնել:

Գոհար Պետրոսյանն իր կյանքն ու գործունեությունը չի պատկերացնում  Հայաստանից դուրս, Շիրակի մարզի Հացիկ գյուղում, համագյուղացի  երեխաներով  շրջապատված՝  նրանց է փոխանցում հմտությունները, որոնք ձեռք է բերել  երեք  տասնամյակների  ընթացքում:

Անկախը  զրուցել  է  պայծառ ու լուսավոր արվեստագետ Գոհար Պետրոսյանի հետ.

–Ո՞րն է  եղել Ձեր  առաջին քայլը:  Ե՞րբ եւ ո՞ր տարիքում  եք զգացել  Ձեր  նախասիրություններն  արվեստի՝  մասնավորապես  քանդակագործության  հանդեպ:  Կարծում  ենք՝ շատերին  կհետաքրքրի,  թե ինչպե՞ս  եք սկսել Ձեր  ստեղծագործական ուղին:

- Երբ ինձ հարցնում են,թե երբ եմ արել իմ առաջին քայլերը արվեստի մեջ, դժվարանում եմ պատասխանել,որովհետև ինչքան ես ինձ հիշում եմ,միշտ  ձեռքիս  եղել են գունավոր մատիտներ,պլաստիլին,թել,շյուղեր ու հելուն։ Մայրիկս պատմում  է, որ շատ փոքրուց եմ սկսել նկարել՝ խզբզել եմ մայրիկիս ու  ավագ քույրերիս  թղթերի  վրա ու ալբոմների մեջ։Հետո մանկապարտեզում արդեն դաստիարակչուհուս  օգնությամբ  պլաստիլինով  գազանիկներ էինք  պատրաստում,որն,ավաղ, ընդհատեց  երկրաշարժը։

Երկրաշարժից հետո տեղափոխվեցինք գյուղ,որը քաղաքից բավական հեռու էր,տունն էլ գյուղից դուրս էր,շրջապատում երեխա չկար,ամբողջ օրը մայրիկիս հետ էի։Ու դա օգնեց,որ ես ավելի մտերմանամ թել ու ասեղի,շյուղերի ու հելունի հետ,որի արդյունքում տիկնիկիս զգեստապահարանն էր հարստանում։Դրանք մեծ սիրով պահում եմ մինչև հիմա։

Դպրոց գնացի արդեն Գյումրիում,որտեղ սկսեցի հաճախել նաև Գեղագիտական  կենտրոն։Տիկին Սուսաննա Մկրտչյանը առաջարկեց արվեստին առնչվող  մի քանի խմբակ, բայց մի քանի պարապմունքից  հետո ես  նախընտրեցի  նկարչական խմբակը։ Մեծ սիրով էի  հաճախում պարապմունքներին, ունեի հրաշալի ուսուցիչներ՝ տիկին  Մկրտչյանը,Լարիսա Մելիքյանը, Սարգսյան  Գևորգը( Ճալան),որոնք  սերմանում էին աշակերտների  մեջ գույների  սիմֆոնիան։

-Տեղյակ եմ, որ դեռ 14  տարեկանում   կազմակերպվել է  Ձեր աշխատանքների  առաջին անհատական  ցուցադրությունը, կպատմե՞ք այդ մասին:

- Հենց Գեղագիտական կենտրոնում 2 տարի  սովորելուց  հետո ունեցա  առաջին  անհատական ցուցահանդեսը, որն անցավ շատ լավ, շատերն էին տպավորված իմ  նկարներով։Հետո էլի շատ ցուցահանդեսների եմ մասնակցել Հայաստանում  ու արտերկրում, բայց այդ  ցուցահանդեսի հետ կապված  տպավորությունները անջնջելի են։ Ցուցահանդեսից հետո իմ նկարները  վաճառվեցին,որը մեծ սթրես էր ինձ համար։  Ի՞նչ  կզգա  մայրը, եթե իր  երեխաներին  խլեն իրենից։

Գեղագիտական կենտրոնից հետո ավարտեցի Գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև  ընդունվեցի  Գեղարվեստի  Ակադեմիայի  Գյումրիի  մասնաճյուղի  գեղանկարի բաժինը։ Արդեն  չորրորդ  կուրսում  ձգտում էի  դեպի  քանդակի  դասարանը, որի  արդյունքը եղավ  այն, որ Վարպետ Զավեն Կոշտոյանը  թույլ  տվեց ինձ  մասնակցել  պարապմունքներին։ Քանդակի պարապմունքները  չէին խանգարում նկարչության դասերին։

- Ի՞նչը  առիթ  հանդիսացավ, որ Գյումրիից տեղափոխվեցիք  Հացիկ:

 Գյումրիի մեր բնակարանում շատ նեղվածք էր ստեղծագործելու համար,ուստի  տեղափոխվեցինք  Հացիկ գյուղ,որը շատ  մոտ է քաղաքին։Գյուղից  դասի  գնալուց  ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Ես  մոտեցա  բնությանը, որն ստեղծագործողի  համար  ամենամեծ առավելությունն է։

- Ձեր  աշխատանքներում  հայրենի  բնությունն ու  բնաշխարհն է  գերակա, թեև դիմանկարները  նույնպես  շատ են:  Արդյո՞ք  տաղանդավոր  նկարիչներ  տված  Գյումրու բնության նկատմամբ սերն է Ձեր  ներշնչանքի  աղբյուրը:  Ինչի՞ց  եք  ոգեւորվում, երբ  ստեղծագործում եք:

Ակադեմիան ավարտելուց հետո նկարում էի բնանկարներ,դիմանկարներ, նատյուրմորտներ։Սկսեցի պարապել գյուղի երեխաների հետ,որոնք  բավականին  հաջողված նկարներ էին նկարում։ Արդյունքում գյուղապետարանում  կազմակերպվեց  իմ ու աշակերտներիս  ցուցահանդեսը, որը  յուրօրինակ  հաշվետվություն  էր իմ  աշխատանքների մասին։ Առաջին  աշակերտուհիս  արդեն  ավարտել է Ակադեմիայի գրաֆիկայի բաժինը։ Սկսեցի աշխատել Իտալիայի  հյուպատոսարանին կից կերամիկայի  արվեստանոցում, որտեղ նկարազարդում  էինք հուշանվերներ։Ես նկարում էի իմ գեղանկարները կավե սալիկների վրա։

- Ձեր  ծնողները  որևէ  կերպ նպաստել  ե՞ն   Ձեր  որոշմանը:

- Ամբողջ կյանքում իմ կողքին միշտ եղել են ծնողներս ու քույրիկներս։ Հայրիկիս  խորհրդով և օգնությամբ սկսեցի աշխատել տանը։ Բակում ունեինք  կիսակառույց   շինություն, որը կարելի էր դարձնել արվեստանոց, բայց  պահանջվում էր  մեծ  ներդրում,  իսկ մենք այդ հնարավորությունը չունեինք։

- Հայ-կանադական  «Հզորացնենք Հայաստանը» ծրագրով  վերանորոգվեց  Ձեր  արվեստանոցը:  Կպատմեք  այդ մասին: Ներկայումս ինչ  խնդիրներ  ունի  արվեստանոցը:

- Ինձ օգնության հասան ընկերներս ու Շիրակի մարզի Զբաղվածության կենտրոնի  տնօրեն  տիկին Ամալյա  Ադամյանը։ « Հզորացնենք  Հայաստանը»  կանադական  կազմակերպության օգնությամբ վերանորոգվեց արվեստանոցս, իսկ  տիկին  Ադամյանի  ֆինանսական օգնությամբ հայրիկս ձեռք բերեց  ու  վերանորոգեց  բոլոր անհրաժեշտ սարքավորումներն ու թրծման վառարանը։

- Երբեւէ  մտածե՞լ եք  արտերկիր  տեղափոխվելու  եւ  այնտեղ  ստեղծագործելու մասին և արդյո՞ք  Ձեզ այստեղ գնահատված եք զգում։

-Մինչև կավով զբաղվելը մասնակցել եմ Մյունխենում և Լիտվայում կայացած  միջազգային պլեներներին, բայց Հայաստանի ջերմությունն ու ոգին չեմ զգացել ոչ մի տեղ։ Չեմ պատկերացնում ինձ Հայաստանից դուրս ստեղծագործելիս։  Հայկական  բնաշխարհը  միշտ եղել  է ու կմնա իմ  ներշնչանքի աղբյուրը։  Քանդակելու  ընդմիջումներին  արդեն խոսում եմ  կտավի ու ներկերի  հետ, որտեղ  պատկերում  եմ ինձ շրջապատող բնությունն ու մարդկանց։

- Դժվար է ու խոչընդոտներով լի ցանկացած արվեստագետի  ճանապարհը,  ինչպե՞ս եք  դա հաղթահարում:  Ի՞նչ խնդիրների եք բախվել մինչ այժմ:

-Գուցե հիմա նկարելով հնարավոր չէ բավարարել կեցության պահանջները, բայց  ամեն ինչ փոխվում է տարիների հետ դեպի լավը։ Հայաստանի անկախության  տարեդարձի միջոցառումների ժամանակ մարդկանց դեմքերը փայլում էին, նրանք  ժպտում էին ամենուրեք,մի բան,որ ես չէի տեսել երկրաշարժից հետո։

- Հացիկ գյուղի Ձեր  արվեստանոցը   դարձել է  զբոսաշրջային  այցելությունների վայր:  Ովքե՞ր են Ձեր  այցելուները:

-Իմ արվեստանոց են այցելում զբոսաշրջիկներ տարբեր երկրներից:՝  ԱՄՆից,  Ֆրանսիայից,  Վրաստանից,Շվեյցարիայից, տարբեր տուրօպերատորներ։  Հյուրերիս  համար  կազմակերպել եմ  վարպետաց դասեր ,  որոնց ընթացքում  նրանք սիրով  նկարազարդել են հրեշտակներ,ափսեներ,որոնք հետո տարել են իրենց հետ որպես  հիշատակ մեր հանդիպումից։

 - Մի փոքր կպատմե՞ք  մեր  ընթեցողներին  Ձեր  ապագա  ստեղծագործական   ծրագրերի  մասին: Կարծում եմ՝ դա հետաքրքիր կլինի իմանալ:

- Հիմա պատրաստում եմ հուշանվերներ,նկարում եմ կտավի ու կավե սալիկների  վրա, աշխատում եմ  հավատարիմ մնալ հայկական զարդանախշերին, Սարյանի  ու Մինասի գույներին։ Պատրաստել եմ Հայկական լեռնաշխարհի համարյա  բոլոր նահանգների  տարազներով արձանիկներ,որոնց  տեղադրում եմ տարբեր  կոմպոզիցիաների մեջ։ Պատրաստել եմ հայկական հարսանեկան ծեսը  ներկայացնող  մի քանի կոմպոզիցիա՝հարսանիքի հացը  թխելու, հարսին ու  փեսային  բաղնիք տանելու, փեսային սափրելու արարողությունները։

 

- Համամիտ ե՞ք այն մտքին, թե հասարակությունը հեռացել է արվեստ հասկացողությունից:  Ըստ   Ձեզ`  որքանո՞վ է  հայկական արվեստը  գրավիչ երիտասարդության համար,  ի՞նչ ճանապարհ կարելի է  ընտրել  երիտասարդների  մեջ  դասականի,  ժողովրդականի հանդեպ  սեր  եւ  բարձր   ճաշակ   սերմանելու համար:  Ներկայումս ինչ  խնդիրներ ունի արվեստանոցը:

- Երիտասարդության համար արվեստը ավելի գրավիչ դարձնելու համար պետք է  ավելի շատ շփվել ու հանդիպումներ,փորձի փոխանակում կազմակերպել միմյանց  հետ։ Այդ հարցում ինձ շատ օգնեց «Իմ Հայաստան»  ծրագիրը, որի օգնությամբ  արդեն իմ արվեստանոց են այցելում զբոսաշրջիկներ տարբեր երկրներից:  Հուսով  եմ այդ այցելությունները ազդակ կհանդիսանան,որ մեր գյուղն էլ  արժանանա  ուշադրության՝ բարեկարգվեն գյուղի ճանապարհներն ու փողոցները։

 Եթե այս հարցերը լուծվեն,ավելի կմեծանա հետաքրքրությունը իմ արվեստանոցի  նկատմամբ, ավելի շատ այցելուներ կունենամ,երեխաներն ավելի մեծ սիրով կգան  պարապմունքներին։ Այդ դեպքում արդեն իմ արվեստանոցը,այն կդառնա Արվեստի  ուսումնական կենտրոն, ու ես ավելի մեծ  հաճույքով իմ փորձն  ու գիտելիքները  կհաղորդեմ  աշակերտներիս։

 

Թամարա   Թորոսյան

 

 

Գոհար  Պետրոսյան հարցազրույց

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին