ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի նկատմամբ անհայտ է մնում։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի աշխատակազմում կատարված աշխատանքների մասին Բոլթոնի հուշերի մասին գրքին: Գրում է Gazeta.ru-ն։
«(Թրամփը) երբեք կարծիք չի հայտնել, համենայն դեպս իմ ներկայությամբ: Ես երբեք չեմ հարցրել, թե ինչ է մտածում Թրամփը, հնարավոր է`վախենալով, թե ինչ կարող եմ լսել: Ռուսաստանի առաջնորդի հանդեպ նրա անձնական վերաբերմունքը առեղծված էր մնում», - գրել է Բոլթոնը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ զարմացած է 2018 թ․ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Պուտինին շնորհավորելու Թրամփի որոշումից: Բոլթոնը կարծել է, որ Թրամփը չպետք է նման կերպ վարվեր բրիտանական Սոլսբերիում Սկրիպալների թունավորման միջադեպի պատճառով:
Նախկին խորհրդականը հավելել է, որ դրա հետ մեկտեղ արդյունքում Ամերիկայի առաջնորդը որոշեց 60 ռուս դիվանագետի արտաքսել ԱՄՆ-ից:
2019 թ․ հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Բոլթոնը մտադիր է գիրք գրել ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում իր աշխատանքի մասին: Թրամփը նրան աշխատանքից հեռացրել էր մեկ ամիս առաջ ՝ իր որոշումը բացատրելով ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ տեսակետների շուրջ խիստ տարաձայնությամբ:
Դատարանը թույլ տվեց գրքի հրատարակումը՝ չնայած նախագահի աշխատակազմի կողմից հուշերի հրապարակումը արգելելու փորձերին: