Որպես իրավաբան երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար ես պարզապես ամոթի զգացողություն ունեմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով նախօրիեն ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որոշման ընդունմանը:
Նա ընդգծեց, որ իրեն ուղղված հարցերը կարող են լինել իրավական կամ քաղաքական հարցերի վերաբերյալ, իրավական հարցերին կարող է պատասխանել, որոնք սակայն չեն վերաբերի այդ նախագծին, քանի որ այն կարող է լինել ՍԴ-ում քննարկվման առարկա. «Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, ապա շատ մեծ զսպվածություն ցուցաբերելով պետք է ասեմ, որ որպես իրավաբան երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար ես պարզապես ամոթի զգացողություն ունեմ»:
Հարցին, թե չի՞ պատրաստվում դատական կարգով բողոքարկել, եթե հանկարծ այդ փոփոխությունների արդյունքում սրկվի ՍԴ նախագահի պաշտոնից, Հրայր Թովմասյանն ասաց. «Նմանատիպ իրավիճակներում անձը չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իրավունք»:
Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ըստ որի, գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս ԱԺ պատգամավորներին սահմանադրական փոփոխությունների հարցով դիմել ՍԴ, ասաց, որ ինքը ոչ Էդմոն Մարուքյանի խորհրդատուն է, ոչ էլ ԱԺ կանոնակարգ օրենքի փորձագետ է, որ իրենց խորհուրդ տա, թե ոնց են դիմում, ինչ են դիմում, կամ կարդալուց ոնց ընկալել:
«Թե ովքեր կարող են դիմել ՍԴ, հստակ սահմանված է Սահմանադրության 189-րդ հոդվածում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՍԴ-ի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ասաց. «Ես առիթ կունենամ իմ կյանքի մի փուլում անդրադառնալ եւ գնահատականներ տալ եւ իրավական, եւ քաղաքական այդ փաստաթղթին»: