Աննա Սողոմոնյանը Հայաստանի ամենահայտնի նկարիչներից է, նրա անունը հայտնի է բազմաթիվ երկրներում. Աննայի աշխատանքները ներկայացված են միջազգային պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում: Նկարչի հաշվին առկա են մի քանի տասնյակ ցուցահանդեսներ:
Աննան յուրահատուկ կերպով կարողանում է տեսնել սովորական իրերը շատ յուրահատուկ ձևով: Նրա նկարներում յուրաքանչյուր առարկա կամ միրգ ունի իր բնավորությունը, իր տրամադրությունը: Պարզ առարկաներից նա ստեղծում է ժամանակի խորհրդանիշներ, բնավորություններ, տրամադրություն:
Իր կտավների վրա ստեղծված աշխարհը շատ հակասական է: Չնայած նկարների զվարճալի կերպարներին՝ նկատելի է հեղինակի կարեկցանքը նկարում պատկերվածի նկատմամբ:
Նկարչուհին ծնվել և մեծացել է մի շատ գեղատեսիլ քաղաքում՝ Դիլիջանում, որտեղ ամեն մի ծառ ու թուփ կարող են դառնալ չքնաղ պատկերներ: Աննայի աշխատանքների մեջ անմիջապես աչքի է ընկնում «Տար ինձ տուն...» վերնագրված նկարը, որը շատ է սիրվել Աննայի արվեստի երկրպագուների կողմից: Նկարում շատերը տեսնում են դստերը գրկած հոր, ոմանք՝ որբ երեխա, ում գրկել են, բայց Աննայի համար այն ավելի լայն է, քան սովորական մարդկային հարաբերությունները:
Արվեստը նկարչուհու համար շատ ներանձնային տարածք է, ու նա իր արվեստով շատ քիչ է հարաբերվում ինչ-որ մի տեղ դրսում գոյություն ունեցող արվեստի աշխարհի հետ:
«Անկախ»-ի զրուցակիցն է նկարչուհի Աննա Սողոմոնյանը:
-Աննա, պատմեք Ձեր և Ձեր արվեստի մասին։ Ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է փոխանցվել արվեստի հանդեպ սերը:
- Կարծես թե միասին ենք ծնվել: Որքան ինձ հիշում եմ, ինձ միշտ հիացնում էր իմ հայրենի փոքրիկ քաղաքի՝ Դիլիջանի բնությունը: Անգամ դպրոց գնալու ճանապարհին, երբ պետք էր շտապել, ես երկար կագնում էի, որ նայեմ որևէ աշնանային ծառի, թփի կամ ճախրող թռչունի: Ծնողներս էլ շատ լավ զգում էին ու գնահատում գեղեցիկը: Հորս հետ հաճախ գնում էինք անտառ՝ անսովոր արմատներ ու ճյուղեր հավաքելու, որոնք հետո դառնում էին տարբեր դեկորատիվ իր-քանդակներ: Մայրս էլ տարված էր չորացրած ծաղիկներից կոմպոզիցիաներ հավաքելով: Բացի դա, մեր տանը միշտ շատ հետաքրքիր մարդիկ էին լինում՝ նաև արվեստագետներ: Մի խոսքով, արվեստի հետ կապված տպավորությունների պակաս չկար:
-Ո՞վ է Ձեր սիրելի նկարիչը։ Ու՞մ աշխատանքներն են Ձեզ ոգեշնչում։
-Ճանապարհիս այս փուլում ես այս հարցին մի փոքր այլ կերպ կպատասխանեմ, քան մեկ կամ երկու տարի առաջ: Հիմա ես չեմ առանձնացնում որևէ անհատի, անգամ որևէ նկարչական ուղղություն: Հիմա կերպարվեստը դիտարկում եմ որպես մարդկության զարգացմանը զուգընթաց զարգացող ու փոփոխվող մի շատ հետաքրքիր երևույթ , որտեղ ամեն մի նկարիչ իր շատ ուրույն տեղն ունի և առանց որի հնարավոր չէր լինի մյուսների գոյությունը: Այս տեսանկյունից դիտելիս հասկանում եմ , որ ամենից շատ ինձ ոգեշնչում է ընդհանուր ուղղության զարգացումը և ոչ թե անհատները:
-Մի փոքր պատմեք Ձեր աշխատանքի մասին։ Նկարը ստեղծելու ո՞ր փուլն է ամենադժվարը ու ո՞րը ամենասիրելին Ձեզ համար։
-Նկարելը ինձ համար վաղուց դարձել է շատ բնական ու հասարակ բան, կարծես ամեն առավոտ սուրճ խմելու կամ մտերիմների հետ շփվելու նման: Իմ սենյակում, ամեն տեղ կիսատ կտավներ ու թղթեր են դրված, ես անընդհատ նայում եմ, մտածում ու վերլուծում: Փուլեր չկան , կա անվերջ նկարչություն՝ շնչելու նման:
- Աննա, տեղյակ եմ, որ մասնագիտությամբ նաև հոգեբան եք: Որքանո՞վ է Ձեր առաջին մասնագիտությունը օգնում Ձեզ արվեստում, ստեղծագործելիս...
-Հոգեբան չեմ , ուղղակի մի փոքր մոտ եմ կագնած եղել այդ մասնագիտությանը: Հոգեբան, ինչպես և ցանկացած այլ մասնագետ դառնալու համար, երկար ճանապարհ է պետք անցնել: Բայց ուսումնասիրել մարդուն շատ եմ սիրում, ինչ խոսք: Կարելի է անգամ ասել, որ դա իմ հիմնական զբաղմունքն է, հասկանալ ինչպես է ձևավորվում մարդու աշխարհայացքը, ինպես է դա ազդում նրա բնավորության ու կյանքի վրա: Այս ամենը հենց խտանում, դառնում է կերպար: Կերպարն ունի ուրույն պատմություն, պատմությունը դառնում է նկար, կամ չի դառնում, ուղղակի մնում է չասվածների դաշտում:
-Աշխատում եք տարբեր տեխնիկաներով ու նյութերով, նկարում ակրիլով, յուղաներկով, մետաքսի վրա: Արդյո՞ք գտել եք Ձեր ոճը, որին կարող եք հավատարիմ մնալ:
-Չգիտեմ : Կան մի քանի հատկապես հաջողված շարքեր, որ կարելի է զարգացնել , լայնացնել ու սարքել հիմնական ոճ, բայց ես շուտ եմ ձանձրանում ու սիրտս նոր փորձարկումներ է ուզում:
- Աննա, Կիպրոսում կայանալիք Ձեր առաջին լայնամասշտաբ ցուցահանդեսը՝ «Պատճառների պատճառ կամ Աննայի պատմությունները», հետաձգվեց համավարակի պատճառով: Ո՞րն էր այդ ցուցահանդեսի ասելիքը, ուղերձը: Եվ առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում ցուցահանդեսներին:
-Մի տեսակ ես ցուցահանդեսները խաղում եմ , մտածում եմ լավ այս անգամ էլ թող այս թեման լինի հիմնականը, կամ բոլոր նկարները սպիտակ եմ անելու , կամ միայն ծաղիկներ կնկարեմ: Այդպես անցած ամռանը մեր օդանավակայանի սրահում անհատական ցուցահանդես հավաքեցի՝ հիմնվելով առաստաղի վիտրաժի գույների վրա: Շատ հարմոնիկ ստացվեց: Պիտի անպայման հաշվի առնես տարածքը, որտեղ մարդիկ դիտելու են քո արվեստը:
-Ըստ Ձեզ ի՞նչ խոսք ունեն ասելու Ձեր նկարները և ի՞նչ տպավորություն պետք է թողնեն դիտողի վրա։
-Իմ նկարները իմ հարաբերություններն են կյանքի տարբեր ոլորտների ու փուլերի հետ: Ես դրանց մասին խոսում եմ ինքս ինձ հետ, իմ կտավի, իմ ներկերի ու վրձինների հետ, ոնց կարողանում եմ և ոնց ստացվում է: Մնացածը դիտորդն է: Անպայման իմ նկարների ընկալման մեջ կա իրենը: Ես ուղղակի փոքրիկ հայելի եմ տալիս , միգուցե մի փոքր գունավորած: Մնացած պատմությունը ստեղծագործում է դիտորդը:
- Ձեր արվեստի սիրահարների կողմից շատ սիրված նկար է «Տար ինձ տուն...»-ը: Կպատմե՞ք այս նկարի, նրա ստեղծման նախապատմության մասին:
-Այդ նկարը իրոք շատ սիրվեց ու շատ ճանաչելի դարձավ: Կարծում եմ, որովհետև այդտեղ ինձ հաջողվեց բավական համամարդկային, ընդհանուր արխետիպ շոշափել: Բայց ես ընդհամենը նկարել էի իմ անձնական, շատ խորը ապրած, մի պատմություն: Չգիտեմ ոնց դա գնաց կպավ մյուսների պատմություններին ու դարձավ այդքան սիրված: Անգամ մարդիկ, երբեմն –երբեմն ինձ նամակներ են գրում ու թույլտվություն խնդրում շապիկին, կամ հեռախոսի պատյանին այն տպելու ու կրելու համար: Զարմանալի ու անկանխատեսելի բան է արվեստը:
- Ի՞նչ եք կարծում, ինչ դեր ունի կին արվեստագետը հասարակության մեջ:
-Կարծում եմ վաղուց անցել են այն ժամանակները, որ պետք է առանձնացնել կին կամ տղամարդ արվեստագետներին: Բոլորն ուղղակի ունեն ստեղծելու ու արարելու իրենց պահանջը: Թե ինչ դեր դա կխաղա հասարակության մեջ, կամ կխաղա, թե ոչ , դա արդեն ոչ ոք չգիտի:
- Ինչպիսի՞ տեսք ունի Ձեր երազանքի նախագիծը։ Ի՞նչ կցանկանայիք նկարել, որը դեռ իրականություն չեք դարձրել։
-Շատ եմ ուզում ստեղծել կերպարվեստի մի այնպիսի նոր տեսակ, որտեղ հանդիսատեսի միտքը ունենա իր շոշափելի դերը: Այսինքն դիտորդը լինի նկարի համահեղինակը: Ու ամեն մարդ այս դեպքում կտեսնի լրիվ ուրիշ՝ իր սեփական նկարը: Հիմա էլ է այդպես, բայց միայն մտքի ընկալման շերտում: Ես ուզում եմ այս գործընթացը նյութականացնել: Մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է, բայց աշխարհում գոյություն ունեցող շատ բաներ սկզբում անհավանական են թվացել: Միգուցե և մի բան կստացվի այս խենթ գաղափարիցս, մանավանդ հիմա , երբ ժամանակակից տեխնոլոգիաները նման արագ տեմպերով զարգանում են: Սա նորարարական միակ միտքս չի, որ ուզում եմ իրականացնել, էլ ավելի հավակնոտները կան : Ինձ դուր է գալիս սեփական վանդակից դուրս ու շատ վերև թռչելու հնարավորության մասին մտածելը:
Հարցազրույցը՝ Թամարա Թորոսյան