Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով ՍԴ դիմելու հարցը մեզ մոտ չի քննարկվել, ԲՀԿ-ն էլ պաշտոնապես այդ հարցով չի դիմել: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Երբ կլինի դիմում, կքննարկենք կհասկանանք, դեռ պետք է երկրորդ ընթերցմամբ ընդունվի, ՀՀ նախագահն էլ պետք է ստորագրի, որից հետո կտեսնենք, իսկ հիմա կասեցման գործընթաց չկա: Մենք պետք է արդեն ուժի մեջ մտած ակտի հարցով դիմենք: Ամեն դեպքում ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իմ քայլը» խմբակցությունը»,-ասաց նա:
Սիմոնյանը հավաստիացրեց, որ ամեն օր, ամեն ժամ պատրաստ են պայքարելու իրավական պետության զարգացման համար:
«Թե ինչպես մենք կօգտագործենք հնարավորությունները հակաիրավական գործողությունները կանխելու, որը կլինի գործիքակազմը, խմբակցությունը կքննարկի եւ կպարզի»,-ասաց ԼՀԿ պատգամավորը: