Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ Վենետիկի հանձնաժողովն իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանության քաղաքական նպատակներին եւ իրավիճակը ներկայացված է միամիայն կառավարության տեսանկյունից. ըստ ձեզ, ի՞նչը կարող է լինել այս գործչի մեղադրանքի հիմքում՝ ուղղված Վենետիկի հանձնաժողովին: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Ի պատասխան նախարարն ասաց. «Ցավում եմ նման հայտարարության համար, որովհետեւ բավական բալանսավորված կարծիք է, ընդ որում հիմնված է իրավունքը ընդհանուր սկզբունքների վրա:
Այսինքն Վենետիկի հանձնաժողովի նման հեղինակավոր կառույցը չի կարող որեւէ կերպ եւ որեւէ դեպքում իր հեղինակությունը եւ ընդհանրապես իրավունքի սկզբունքները մի կողմ դնի եւ որեւէ երկրի, որեւէ իշխանության համար հարմար տարբերակ մատուցի: Սա միանշանակ է: Հետեւաբար այս հակասությունը՝ իրենց խոսքում մեղադրել Վենետիկի հանձաժողովին քաղաքականացված լինելու մեջ, անընդունելի է:
Այն փաստարկները, որ սա հնարավոր չէ իրականացնել, որ այստեղ խախտվում է հետադարձության սկզբունքը, որ սա բացարձակապես անընդունելի է եւ այլն, եթե նկատեք, Վենետիկի հանձնաժողովի կարծիքում հետադարձ ուժի մասով նույնիսկ անդրադարձ չկա: Որովհետեւ ակնհայտ է, որ անցումային դրույթի կյանքի կոչումը հանրային շահի առկայության պայմաններում կյանքի կոչումը, այն է ՍԴ մոդելը հնարավորինս արագ կյանքի կոչելը, չէր կարող լինել»: