ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ «Առաջին լրատվական»-ի հրապարակված հոդվածին։
Նա մասնավորապես գրել է․
«Երեկ Առաջին լրատվականի կողմից տարածած սուտ լուրերի կապակցությամբ ես, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը պատրաստվում ենք հայցեր ներկայացնել դատարան՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատասխանատվության միջոց կիրառելու պահանջներով»։
Հիշեցնենք, որ երեկ «Առաջին լրատվականը» տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատգամավորներ Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը հանդիպել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Ի պատասխան դրան՝ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Բարոյական և մարդկային տարրական նորմերից զուրկ մեկը տեղեկություններ է տարածել առ այն, որ «Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Տեղեկացնում եմ, որ ԼՀԿ բոլոր հանդիպումները թափանցիկ են, հրապարակային և միշտ լուսաբանվող»: