Երեկ տեղած ուժգին կարկուտն ավիրել է գյուղի այգիները, ցանքսերը, 10 գլուխ ոչխար է սատկել։ Այս մասին հայտնեց Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը։
«Օրվա երկրորդ կեսին ուժգին կարկուտ սկսվեց, պնդուկի մեծության կլիներ ու մոտ կես ժամ, 40 րոպե տեւեց։ Ես 30 տարի է այս գյուղում եմ ապրում, նման բան չէի տեսել, սա առաջին դեպքն էր։ Ամբողջ բերքն ավիրել է, ցանքերն էլ։
Հիմնականում գարի ու ցորեն էր, իսկ ծառեը հիմնականում՝ ծիրանի, տանձի, խնձորի եւ կեռասի ծառեր են, կեռասն էլ նոր էր կարմրել, էլի ամբողջը վնասել է։ Դաշտում էլ 10 գլուխ ոչխար է սատկել, գնացել ման ենք եկել, հերթով հավաքել»,– ասաց համայնքի ղեկավարը։
Շուշանյանի խոսքով՝ հանձնաժողով են կազմել, սպասում են, որ ԱԻՆ–ից գնան տեղում աշխատանքներ իրականացնեն եւ վնասի չափը հասկանան. «ԱԻՆ–ից երկուշաբթի օրը պետք է գան, մարզպետարանում էլ են տեղյակ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համապատասխան վարչությունում էլ եւս տեղյակ են»։