Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հրաժարվել են այսօրվա բողոքի ցույցից երկրի արևմտյան Բաղդատի քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով վեց մարդու (որոնցից չորսը երեխա) զոհվելու կապակցությամբ, հաղորդում է Interfax-ը:
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Գիգի Ուգուլավան հայտնել է լրագրողներին, որ ընդդիմադիր կուսակցությունների ցույցը՝ ընտրական համակարգը փոխելու պահանջով, տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին: «Մենք պիկետ կանենք խորհրդարանի բոլոր երեք մուտքերի մոտ, և «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավորները ստիպված կլինեն անցնել «ամոթի միջանցքով»,- ասել է Ուգուլավան:
Վրաստանի գարնանային նստաշրջանը բացվել է այսօր: