f

Անկախ

Ֆիրդուսի թաղամասում իրականացվող աշխատանքներն ապօրինի՞ են․ չկա նախարարության թույլտվությունը


«Ֆիրդուսի թաղամասում արդեն սկսվել են հողային և ապամոնտաժման աշխատանքները։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ Նարեկ Սարգսյանին է հանձնարարվել նախագծի իրականացումը․․․»,-այս մասին այսօր հայտարարություն-ահազանգ տարածեց Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն։

Հիշեցնենք, որ 2018 թ․ մարտի 22-ի ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: 

Կառավարությունն իր որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ Երևանի կենտրոնից «կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով և համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտևորման նախագծի` տարածքները կհանդիսանան որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով և փողոցներով, ինչպես նաև առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում»։

Սա, իհարկե, ոգևորիչ է հնչում, բայց երևանցին «գերակա շահ» անվան տակ տասնամյակներ շարունակ պատմամշակութային հուշարձան-շենքերի ու միջավայրի ոչնչացումը տեսնելու մեծ փորձառություն ունի։ Եվ չնայած իշխանափոխությունից հետո պետական ամենաբարձր մակարդակով հնչած խոստումներին, թե այլևս Երևանում որևէ արժեքավոր շենք չի քանդվելու, հին գործելաոճը շարունակվում է նոր տեմպով։

Եվ ահա, Ֆիրդուսի թաղամասում սկսված կառուցապատման աշխատանքների հետևանքով օրեր առաջ քանդվել է 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի՝ սև տուֆե սրբատաշ քարից կառուցված արժեքավոր մի շենք։ 

Մինչդեռ, պարզվում է, 2019 թ․ մայիսի 2-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովում դրվել է քննարկման այդ շենքին և հարակից մեկ այլ շենքի նորահայտ պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալու և պետական ցուցակում ներառելու հարցը։

Անկախ-ի հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանն ասաց, որ հարցը դրվել է նիստի, բայց բավարար ձայներ չի հավաքվել, այսինքն տվյալ շենքերը մասնագետների կողմից չեն արժևորվել, դրանց որևէ կարգավիճակ չի տրվել, հետևաբար շենքի քանդումն անօրինական չէ։

Թուխիկյանը նաև հիշեցրեց, որ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման գործընթացը սկսվել է դեռևս 2014 թվականին։ Այսինքն, նոր իշխանություններին պետք չէ մեղադրել որևէ հարցում։

Մեզ հետ զրույցում Թուխիկյանին հակադարձեց ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը՝ նշելով, որ Թուխիկյանն այս բնագավառում կոմպետենտ չէ և չի կարող մասնագիտական կարծիք հայտնել։

Նա ասաց, որ նիստը, որտեղ քննարկվել է երկու շենքերի արժևորման հարցը, վարել է անձամբ ինքը և շատ լավ հիշում է, թե ինչ որոշում է կայացվել։

«Մենք քվերակության դրեցինք Հանրապետության 6 և 11 հասցեներում գտնվող բնակելի տներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու առաջարկությունը և ձայների մեծամասնությամբ որոշեցինք, որ շենքերն իսկապես արժեքավոր են, սակայն փաստաթղթերի թերի լինելու պատճառով պետք է առաջարկը վերադարձնել լրացուցիչ մասնագիտական ուսումնասիրության, որից հետո նորից բերել հանձնաժողով։ Այսինքն, մենք ոչ թե մերժել ենք, այլ հարցը ժամանակավորապես հետաձգվել է փաստաթղթերի թերի լինելու պատճառով»։

Այնուհետև գործակալության կողմից «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է, որպեսզի, հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման և առկա պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցների հետագա պահպանությունն ապահովելու խնդիրը, ուսումնասիրվեն դրանք, կազմվեն պետական հաշվառման փաստաթղթերը և նշված տարածքի հատակագիծը (այդ կառույցների նշմամբ): Սակայն, ինչպես նշում է Աբրոյանը, իրենց հանձնարարականն այդպես էլ չի կատարվել։

Աբրոյանը նաև հայտնում է, որ ԿԳՄՍ նախարարությունը վարչապետի կողմից ստացել է հանձնարակական ուսումնասիրել Երևան քաղաքի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի էսքիզային սխեման և դիրքորոշում ներկայացնել Քաղաքաշինության կոմիտե։

2020 թ․ փետրվարի 25-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ստորագրությամբ բավականին կոշտ նամակ է հասցեագրվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլյանին, որտեղ նշված է․

1. Ներկայացված սխեմայով նախատեսվում է կառուցապատումն իրականացնել կամայական ընտրված փողոցային ցանցի շուրջ`հաշվի չառնելով պատմականորեն ձևավորվածը, որտեղ առկա են պետական հաշվառման վերցված կառույցներ

2. Հաշվի չի առնված գոյություն ունեցող հուշարձանի՝ Հանրապետության 46 հասցեում գտնվող բնակելի տան առկայությունը, ինչպես նաև տարածքի պարագծով գոյություն ունեցող հուշարձաններին հարող հատվածներին անհրաժեշտ համապատասխան մոտեցումը:

3. Պատմական քաղաքներում անթույլատրելի է կամայական ծավալներով և դիրքով կառույցների տեղադրումը, դրանք պետք է իրականացվեն ճարտարապետական վերլուծության հիման վրա՝զարգացնելով գոյություն ունեցող պատմական միջավայրը:

Հաշվի առնելով վերոգրյալը և Երևան քաղաքի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի՝ քաղաքի կենտրոնում պատմական կարևոր տարածք լինելու հանգամանքը՝ նախարարությունն առաջարկել է տվյալ տարածքի կառուցապատման համար հայտարարել նախագծման մրցույթ, որի առաջադրանքը համաձայնեցված կլինի նախարարության հետ:

«Փաստորեն, նախարարության բացասական դիրքորոշումը հաշվի առնված չէ»,-ասում է Աբրոյանը՝ հավելելով նաև, որ տվյալ տարածքը հաշվառված է պետական պահպանական գոտիների համակարգում, ինչը նշանակում է, որ դրանք ենթակա չեն քանդման մինչև դրանց կարգավիճակ տալը կամ մերժելը։ Հետևաբար տվյալ տարածքում որևէ աշխատանք կատարելուց առաջ պետք է լիներ նախարարության թույլտվությունը, ինչը չկա»։

Ամփոփելով խնդիրը՝ Աբրոյանն ասում է, որ ցավոք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա քաղաքաշինության ոլորտում վիճակն անմխիթար է։

«Չեմ ուզում դառնա քաղաքական շահարկման թեմա, բայց հիմա ամեն ինչ տգիտության չափորոշիչներով է արվում։ Այժմ մեր գործակալությունը նույնպես վերակազմակերպման փուլում է, և ես կարող եմ ասել, որ մեղմ ասած, բնագավառն ուղղակի քայքայում են։ Սակայն այս մասին կխոսեմ մոտ ապագայում»։

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն, որն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, իշխանություններից պահանջում է․

1․ Հանրությանը հանգամանորեն ներկայացնել, թե ինչ ճակատագրի են արժանանալու Ֆիրդուսի թաղամասի ժառանգության շերտերը՝ ներառյալ պահպանված աղյուսե կառույցները։
2․ Հանրությանը ներկայացնել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման՝ այս պահին քննարկվող նախագիծը, համաձայն որի կատարվում են իրացման աշխատանքներն ու վաճառվում են լոտերը, նախագծի հեղինակներին, դրանց ղեկավարին և այս նախագծի վերաբերյալ ամբողջ առկա տեղեկատվությունը։ Իսկ եթե ընդհանուր թաղամասի հստակ նախագիծ դեռ գոյություն չունի և կառուցապատումը նախատեսվում է իրականացնել տարերային սկզբունքով, ապա հանրայնորեն ճանաչել այդ փաստը։
3․ Հանրային և մասնագիտական լայն շրջանակների քննարկմանը դնել Երևան քաղաքի տարածական պլանավորման նախագծերը և ձեռնպահ մնալ կառուցապատման ծրագրերի հետագա իրականացումից, մինչ քաղաքի զարգացման շուրջ հանրային համաձայնության հասնելը։

մշակույթ Հին Երևան Արմեն Աբրոյան ԿԳՄՍ նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

Ի՞նչ եք կարծում, պարոն Փաշինյան՝ կարո՞ղ է ամեն դեպքում Ալիևի հետ շարունակեք «երկխոսել»
Բրազիլիայում COVID-19- ի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 1,9 միլիոնը
Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ
AP-ը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի մասին
Արգիշտի Կիվիրյան. Սովետական գեներալի որդին կարող է փակել Ադրբեջանից Արեւմուտք էներգակիրների ճանապարհը
«Գենացվալե»․ բիզնես, որ մարտահրավեր է նետել կորոնավիրուսին
Հակառակորդի խոցված ԱԹՍ-ների թիվը մոտենում է 10-ի. Արծրուն Հովհաննիսյան
Էս էշի տղուն ասեք՝ տղերքը «խաղաղության համար» չեն զոհվել, հանուն հայրենիքի են զոհվել
Մեր խմդիրը ներքին քարոզն է, քարոզ, որը չպիտի տեղ ունենա «պետական ինքնասպանության» ՉՁԳՏՈՂ հասարակության մեջ։
Էրդողանը Բաքվին խոստացել է Անկարայի աջակցությունը
Վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին
Իսկ առհասարակ, Հայաստանում տեղեկատվական անվտանգության հայեցակարգ ունե՞նք
Համազգային միավորման մասին
Սթիվեն Սեգալը և Դիսնեյի թոռնուհին խնդրել են  բարձրացնել  իրենց   հարկերը
Հատուկ բռնապետական ադրբեջանի տկարամիտ իշխանության համար.
Ինչու ապրիլյանի ժամանակ ադրբեջանական դեզինֆորմացիա տարածողները՝ «հայրենասերի» դիմակ հագած, բոլորովին այլ` վտանգավոր խաղ սկսեցին
Ճանաչված բլոգեր Ալեքսանդր Լապշինը հիացած է հայ զինվորականների փայլուն աշխատանքով
30 մլն դոլարանոց իսրայելական «Հերմես» անօդաչուն խոցվել է 1970-80-ականներին արտադրած զենիթահրթիռային համակարգով
Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը կոտրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները
Հայկական հաքերային թիմերից մեկը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը  գերազանցել է 900 հազարը
Հայաստանի պետական շահերի դեմ նպատակաուղղված սադրանք
Քեթի Փերին՝ նախագահի պաշտոնում Քանյե Ուեսթի թեկնածության առաջադրման մասին
Գիտնականները թվարկել են կորոնավիրուսային վարակի ախտանշանները
Նախագահ Սարգսյանը հանդիպել է սննդի վերամշակման ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
Ավելին
Ավելին