Իզուր չէ, որ Գյումրին կրում է Հայաստանի մշակութային մայրաքաղաքի պատվավոր տիտղոսը: Գյումրին հայի համար աշխատասիրության, տաղանդի ու ոգու քաղաք է, արհեստի ու արվեստի քաղաք է: Եվ չնայած սոցիալ-տնտեսական ծանր տարիներին, գյումրեցի երիտասարդ ստեղծագործողները շարունակում են արարել՝ զարմացնելով Գյումրի այցելող հյուրերին։
Երիտասարդ գեղանկարչուհի Մելինե Մաթևոսյանը ցանկանում է նկարել յուրաքանչյուր ակնթարթ,ապրեցնել խոր բովանդակությամբ: Քանզի իր մեջ ակնթարթորեն փայլատակող միտքը անտեսանելի բնությունն է,իսկ բնությունը ակնթարթ և տեսանելի միտք. «Բնությունն իր մեջ թաքցնում է անթիվ ակնթարթներ:Ամեն ակնթարթի մեջ այնքան ժամանակ և կյանք կա,որ բնությունը ստիպում է ինձ հավատալ հավերժության մասին»:
Մելինե Մաթևոսյանը ծնվել է Գյումրի քաղաքում: Սովորել է Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժնում: Մասնակցել է թե անհատական, թե խմբակային բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանի տարբեր մարզերում, Հայաստանից դուրս՝ այլ երկրներում: 2020թ. հիմնել է «Մելա» արվեստի ստուդիան, որտեղ ուսուցանում է գեղանկարչություն : Բացի նկարելուց Մելինեն նաև գրում է բանաստեղծություններ, տպագրվել է մի քանի գրքերում, պատրաստում է զարդեր և զբաղվում մանրանկարչությամբ:
Երիտասարդ գեղանկարչուհու համար ներշնչանքի աղբյուր են ծաղիկները. «Ծաղիկներն ինձ համար կատարյալ են ամեն ինչում: Փորձեցի մի անգամ պարզել,թե ինչու՜ եմ այդքան շատ սիրում ծաղիկներ:Ծաղկի մեջ ես տեսնում եմ Աստվածային կատարելության արդյունքը:Այն գեղեցիկ է ու անթերի:Ծաղիկների ամեն մի թերթիկները տեղադրված են ամեն մի ճշտությամբ ու խնամքով,երբ նայում ես սիրտդ լցվում է քնքշանքով և ուզում ես շոյել նրանց նուրբ թերթիկները:Ես այդպես էլ կանեի,բայց չեմ անում,վախենում եմ վնասել:Մնում է միայն նայել,հիանալ և իհարկե նկարե՜լ,նկարել... Կուզենայի,որ մարդիկ փորձեն նմանվել նրանց:Արդյունքում մենք կլինենք ավելի մեղմ,քնքուշ,գեղեցիկ,հաճելի և որ ամենակարևորն է՝ կատարյալ: Սիրում եմ Ձեզ ծաղիկներ,դոք իմ ներշնչանքն եք…»
«Անկախ»-ի զրուցակիցն է երիտասարդ գեղանկարչուհի Մելինե Մաթևոսյանը:
-Մելինե, ինչպե՞ս որոշեցիք նկարիչ դառնալ, ովքե՞ր էին քաջալերողները։ Հետհայաց անդրադարձով ներկայացրեք Ձեր ճանապարհը դեպի արվեստ:
-Արվեստի զարգացումը իմ մոտ սկսվեց դեռ մանուկ հասակից, երկու տարեկան էի, երբ առաջին անգամ նկարեցի: Մայրիկս միշտ պատմում է, թե ինչպես եմ տարեկան հասակում նրանից թուղթ և մատիտ ուզել և վերցնելով մատիտը անմիջապես թղթի վրա նկարել եմ խաչ, ու դա եղել է իմ առաջին ստեղծագործությունը, որը շարունակվեց առ այսօր: Ամեն օր մի նոր նկար էի նվիրում ընտանիքիս անդամներին, ու նրանք ինձ միշտ ոգևորում էին՝ ասելով, որ ինձ մոտ շատ լավ է ստացվում նկարելը:Երբ աշխատանքներս հավանում էին, ուրախանում էի և ավելի շատ երազում նկարչուհի դառնալու մասին: Շարունակելով ստեղծագործելը ՝ ծնողներիս խորհրդով ընդունվեցի Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ: Դա արվեստին մոտ լինելու,մեծ գիտելիքներ ձեռք բերելու մեծ հնարավորություն էր:
-Քանի՞ տարի եք ստեղծագործում և ին՞չ հաջողություններ եք ունեցել։
-Ստեղծագործում եմ բավականին երկար ժամանակ և ունեցել եմ շատ հաջողություններ,մասնակցել եմ բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսների, տպագրվել եմ տասից ավելի գրքերում,մասնակցել եմ մի շարք միջազգային ծրագիրների Հայաստանում, Նիդեռլանդներում, Վրաստանում: Ներկայացրել եմ Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին և ստացել բազմաթիվ մրցանակներ, պատվոգրեր, շնորհակալագրեր, հավաստագրեր և դիպլոմներ…
-Կարծրատիպ կա, որ հայկական նկարչությունը տաք նկարչություն է, գերիշխողը տաք գույներն են:Կարմիր գույնը քո կտավներում ևս շատ է, կարծես նկարում եք «Մինասի գույներով»: Ունե՞ք նախընտրած նկարիչներ, որոնց երանգին ու պատկերին նախապատվություն եք տալիս:
-Հայկական նկարչությունը իսկապես տաք նկարչություն է,պատճառը մեկն է` Հայաստանը շատ ջերմ երկիր է, թե իր բնակիչներով, թե բնությունով: Եվ ինչպես կարող էր այդքանից հետո գերիշխողը տաք գույները չլիներ. Հայաստանը կարմիրների, դեղինների և կանաչ գույների երկիր է:Այդ իսկ պատճառով իմ բնանկարներն էլ տաք գույներով են ստացվում` Մինասի գույներով: Սիրում եմ Մինաս Ավետիսյանի գույները,նրա նկարներից այնքան բան կա սովորելու:
-21-րդ դարը նոր մտածողություն է բերել իր հետ բոլոր ասպարեզներում, այդ թվում նաև նկարչության մեջ. ինչպե՞ս եք վերաբերվում մեր դարի մատուցած ազատությանը: Կարող է արդյո՞ք արվեստի էությունը փոխվել ժամանակի ընթացքում:
Ամեն դար նոր մտածողություն է բերում իր հետ, նրա մատուցած ազատությամբ արվեստի էությունը կարող է ենթարկվել փոփոխության,պահպանելով հիմքը` զարգանալ,ավելի կատարելագործվել, քանզի լավագույն նորը՝ կատարելագործված հինն է:Նկարիչը պետք է իր մտքերը, հույզերը, զգացմունքները արտահայտի ազատ:Ազատությունը նկարիչին տալիս է անկաշկանդ,անկեղծ արտահայտվելու հնարավորություն և ես ուրախ եմ,որ 21-րդ դարը մեզ ընձեռնել է հնարավորություն ազատ ստեղծագործելու:
-Ո՞ր նկարիչների արվեստն է ուղղորդել Ձեզ: ՈՒ՞մ աշխատանքներն են ձեզ ոգեշնչում։
-Նախընտրում եմ իմպրեսիոնիստներին: Երևի պատճառն այն է, որ ես էլ նրանց նման սիրում եմ ստեղծագործել բնության գրկում, վրձնահարվածներ տալ կտավին, այնպես որ գույների միացումը տեղի ունենա դիտողի աչքի առաջ: Ուսումնասիրելով նրանց ստեղծագործությունները ավելի ու ավելի եմ սիրել ինձ շրջապատող բնությունը: Նախ և առաջ սիրել եմ բնության հոգին,որը իմ մեջ նոր շունչ է արթնացնում: Երբ լինում եմ տխուր,բնության գրկում նկարելով բարձրանում է տրամադրությունս,ինձ զգում եմ հեքիաթային ու ասես ամեն ինչ իմ պատկերացումով լինի: Իմ բնանկարներով ցանկացել եմ օգնել մարդկանց, որպեսզի պատկերացում ունենան գեղեցիկ բնության մասին: Նախընտրում եմ Կլոդ Մոնե, Էդուարդ Մանե, Օգյուստ Ռենուառ, Էդգար Դեգա: Ոգեշնչում են ինձ նաև Վան Գոգի ստեղծագործությունները:
- Որպես սկսնակ արվեստագետ որքանո՞վ եք Ձեզ գնահատված զգում, շատ է խոսվում, որ հանրությունը հեռացել է արվեստից և իրական արվեստն այլևս պատշաճ չի գնահատվում:
-Որպես սկսնակ արվեստագետ ես ինձ գնահատված եմ զգում, կարելի է ասել կատարվել է երազանքներիցս մեկը,իմ արվեստը սիրված է և գնահատված: Նկարում եմ,հասել եմ շատ հաջողությունների, շարունակում եմ սովորել և զարգացնել իմ այդքան սիրելի արվեստը: Հանրությունը միշտ էլ մոտ է եղել արվեստին: Իսկ հիմա ավելի հաճույքով, սիրով և հետաքրքրությամբ են մարդիկ մասնակցում ցուցահանդեսների, ցուցասրահները միշտ լի են արվեստասեր մարդկանցով, այդ ամենն արդեն իսկ խոսում է հանրության կողմից արվեստի բարձր գնահատման մասին:
–Մելինե ջան Գյումրիում ունեք արվեստի կենտրոն, որտեղ երեխաներին, ինչու չէ՝ մեծահասակներին ուսուցանում եք գեղանկարչություն: Ի՞նչ կպատմեք ձեզ մոտ գործող «Մելա» արվեստի ստուդիայի խմբակների ու նրանց գործունեության մասին:
«Մելա» արվեստի ստուդիայում սովորել կարող են բոլոր արվեստասեր մարդիկ` երիտասարդներ, մեծահասակներ և երեխաներ՝ երեք տարեկանից սկսած: Ուսուցանում ենք գծանկարչություն, գունանկարչություն, կոմպոզիցիա և էտյուդ: Ամեն օր աշակերտները զարմացնում են մեզ իրենց աշխատանքներով: Մեծ սիրով են հաճախում բոլորը: Հատկապես երեխաների մեջ մենք փորձում ենք արթնացնել սերը արվեստի, բնության և գույների հանդեպ, որպեսզի կարողանան գնահատել գեղեցիկը` աշխարհը ընկալելով պայծառ և լուսավոր:
-Տեղյակ եմ, որ Գյումրիում «Դասական ուրբաթ» նախագիծը մեկնարկեց Ձեր «Ակնթարթներ» խորագիրը կրող ցուցահանդեսով: Իսկ որքա՞ն հաճախ եք հանդես գալիս անհատական ցուցահանդեսներով ու դրանք ինչպիսի՞ բնույթ են կրում։
Անհատական ցուցահանդեսներով հանդես գալիս եմ, սակայն ոչ հաճախ: Պետք է պատրաստված լինել հանրության առաջ ներկայանալիս, անհրաժեշտ է նոր ասելիք, որպեսզի չհիասթափեցնես դիտողին,որպեսզի ցուցադրվելուց դիտողը կանգ առնի քո ստեղծագործության դիմաց՝ նկարդ հավանելու կամ չհավանելու դեպքում,բայց երբեք անտարբեր չանցնի:
-Քո աշխատանքներում կարծես միաձուլել ես տարբեր գեղարվեստական ուղղություններ, սինթեզել նկարազարդ և արտահայտիչ աբստրակցիայի տարրերը տպավորության տեխնիկայով և բովանդակությամբ: Եթե մասնագիտորեն բնորոշենք՝ ի՞նչ ուղղություն, ի՞նչ ոճ եք ներկայացնում:
Ներկայացնում եմ իմպրեսիոնիզմը: Կան նկարներ, որ իմպրեսիոնիստական ոճին միաձուլում եմ ֆիգուրատիվ և էքսպրեսիվ աբստրակցիայի տարրեր,և գրեթե ամեն տեղ իմ ստեղծագործությունների մեջ, օրինակ` ծառերը, նրանց ճյուղերը,երկինքը վերածում եմ վրձնահարվարծների,կետերի և գծերի՝ տեղ-տեղ կորցնելով և պահելով նրանցից որոշ մասնիկներ:
-Այսօր շատ ստեղծագործողներ իրենց ապագան, իրենց հաջողության բանալին տեսնում են Երևանում: Մելինե, որտե՞ղ եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը՝ Գյումրիու՞մ, թե Երևանում:
Գյումրին իմ ծննդավայրն է,այստեղ եմ ապրել,սովորել: Օրեցօր ծաղկող իմ սիրելի քաղաքը՝ միախառնված իր հին գեղեցկությամբ, ինձ միշտ ոգեշնչել է: Իմ ապագան, հետագա գործունեությունը ևս տեսնում եմ միայն իմ սիրելի քաղաքում՝ Գյումրիում:
-Ամեն նկարիչ յուրովի է իրեն մեկնաբանում, որպես նկարիչ՝ ինչպե՞ս կբնորոշեիք Ձեզ:
Ես մարդ եմ, ով ընդամենը սիրում է ստեղծագործել , սիրում է արվեստը, բնությունը և գույները…
Հարցազրույցը՝ Թամարա Թորոսյանի