Աշխարհում անցած շաբաթվա վերջում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել 7 միլիոնից, մահացածների թիվը՝ 403 հազարից: Վարակակիրների թվով առաջվա պես առաջատարը ԱՄՆ-ն է՝ 1 միլիոն 937 հազար, սակայն մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի քանակով 12-րդն է, իսկ առաջին տեղում Կատարն է:
Հունիսի 1-ից տարբեր երկրների կառավարությունները մեղմացրին այն սահմանափակումները, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի համավարակի հետևանքով:
Անկարգությունները Միացյալ Նահանգներում
Երկուշաբթի ԱՄՆ ավելի քան 40 քաղաքներում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված ցույցերի պատճառով պարետային ժամ սահմանվեց:
Առնվազն 11 մարդ է զոհվեց բռնկված բողոքի ցույցերի եւ անկարգությունների ընթացքում։ Շաբաթվա կեսին արդեն մոտ 4 հազար 400 մարդ էր ձերբակալվել: Նրանց հիմնականում մեղադրանք է առաջադրվել թալանի, պարետային ժամի խախտման և ճանապարհները փակելու համար:
Այսուհանդերձ բողոքի ցույցերը չէին դադարում ռասիզմի և ոստիկանների դաժանությունների դեմ: ԱՄՆ-ի 29 նահանգներում 18 հազար զինվորականներ էին գործում ոստիկանների հետ: Պենտագոնը հայտնեց, որ մոտ 1600 զինվոր է ուղարկվել Վաշինգտոնի շրջան:
Երեքշաբթի Նյու Յորքում դաժան բախումներ եղան ոստիկանների և ցուցարարների միջև: Ցուցարարները Հինգերորդ ավենյուում կոտրում էին ցուցափեղկերը և թալանում էին խանութները: ԶԼՄ-ները հայտնեցին երկու սպանված ցուցարարների մասին Չիկագոյում: Վաշինգտոնում մարդիկ, անտեսելով պարետային ժամը, գնացին Սպիտակ տան մոտ: Լոս Անջելեսում կրկին թալանեցին խանութները: Թրամփը կոչ արեց ազգային գվարդիան մտցնել Նյու Յորք:
Ցույցերի ալիքը տարածվեց Եվրոպայում
Չորքշաբթի Le Figaro-ն գրեց Փարիզում կայացած ցույցերի մասին ռասիզմի դեմ, որոնց մասնակցել է մոտ 15 հազար մարդ:
Փարիզի դատարաններից մեկի շենքի մոտ հանրահավաք տեղի ունեցավ 24-ամյա սևամորթ ֆրանսիացի Ադամ Տրաորի հիշատակին, որը զոհվել է ձերբակալվելուց հետո 2016 թ.: Որոշ ցուցարարների և ոստիկանության միջև, որը արցունքաբեր գազ էր օգտագործում, բախումներ տեղի ունեցան:
Անցած հանգստյան օրերին մանավանդ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետևանքով սկսված բողոքի ցույցերի ալիքը ոստիկանության բռնությունների դեմ կլանեց եվրոպական երկրների մեծ մասը:
Ցույցերը՝ Black Lives Matter («Սևամորթների կյանքերը նշանակություն ունեն») կարգախոսով, հաճախ վերածվում էին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների:
Լոնդոնում ցույցերը հիմնականում խաղաղ բնույթ ունեին, սակայն շաբաթ երեկոյան վարչապետի նստավայրի մոտ՝ Դաունինգ սթրիթում, բախումներ սկսվեցին, որոնց հետևանքով 14 ոստիկան տուժեց: Բրյուսելում ցույցերը տեղի էին ունենում քաղաքի կենտրոնում՝ Արդարադատության պալատի մոտ, իսկ անկարգությունները սկսվեցին Մատոնժ շրջանում, ուր ապրում են հիմնականում Աֆրիկայից գաղթածները: Բորբոքված ամբոխն ուղղվել է Բրյուսելի օղակաձև զբոսայգի և սկսել է ջարդել խանութների ցուցափեղկերը: Ոստիկանությունը ստիպված է եղել ջրցաններ կիրառել և ձերբակալել 150 մարդու:
Բեռլինում շաբաթ օրը բողոքի ցույցին մասնակցել է 15 հազար մարդ: Այստեղ բախումները սկսվել են երկաթուղային կայարանի մոտ, երբ ոստիկանների վրա քարեր ու շշեր են նետվել: Մոտ 100 մարդ է ձերբակալվել, տուժել է ոստիկանության 28 աշխատակից: