Թուրքիայի տարածքում միակ հայկական գյուղը համարվող Հաթայ նահանգի Վագըֆլըում երկրի առաջին հայկական թանգարանն է բացվել. այն կոչվում է «Մուսա լեռ», գրում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Վաքըֆլը գյուղի Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրամի նախագահ Ջեմ Չափարը «Դողան» լրատվական գործակալությանը պատմել է, որ կնոջ՝ լրագրող Լորա Չափարի հետ միասին երկար ժամանակ աշխատել են թանգարանի ստեղծման ուղղությամբ, և երախտագիտություն է հայտնել Հաթայի նահանգապետ Ռահմի Դողանին նախագծին աջակցելու համար։
Չափարը նշել է, որ թանգարանում ներկայացված է ոչ միայն հայկական մշակույթի, այլ նաև Անատոլիայի բոլոր ժողովուրդների մշակութային ներկապնակը։
Թանգարանի ձևավորման համար օգտագործվել են գյուղի բնակիչների տրամադրած իրերը․ ցուցադրված են ավանդական տարազներ, պատմական իրեր, զարդեր, էկրաններին կարելի է տեսնել մուսալեռցիների ավանդույթների մասին պատմող հոլովակներ։
«Աշխատանքներն արդեն ավարտվել էինք, սակայն համաճարակի պատճառով թանգարանի բացումը չկարողացանք իրականացնել։ Իրավիճակի կարգավորման հետ մեկտեղ, թանգարանն էլ արդեն բաց է այցելուների համար։ Առաջիկայում պաշտոնական բացում էլ կանենք», - ասել է Ջեմ Չափարը։
Չափարը թանգարանը համեմատել է ֆիլմի հետ, որտեղ ներկայացվում է տարածաշրջանի ժողովուրդների մշակույթը, կենցաղն ու լեզուն:
Հայկական «Մուսա լեռան» թանգարանում ցուցադրված են ազգային տարազներ, պատմական իրեր, զարդեր, ինչպես նաև մուսալեռցիների հայտնի հարիսայի մեծ կաթսաները։
Շուրջ 130 հայ բնակիչ ունեցող Վաքըֆլըն գտնվում է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում՝ Մուսա լեռան լանջերին։
35 ընտանիքով մոտ 135 հոգիանոց հայկական գյուղը՝ Թուրքիայում, դեռ կանգուն է: Վագըֆլըն Մուսա լեռան՝ մինչև այսօր ապրող մնացած միակ հայկական գյուղն է՝ հայկական ավանդույթներով, գրեթե հայախոս բնակիչներով:
Նշենք, որ Վաքըֆլըն մեկն է Մուսա լեռան ստորոտի այն 7 հայկական գյուղերից, որոնց 3000 բնակիչները 1915թ. գարնանը, 40-օրյա ինքնապաշտպանական մարտերից հետո, ստիպված եղան լքել հայրենի բնօրրանն ու ֆրանսիական ռազմանավերով մեկնել Պորտ Սայիդ (Եգիպտոս): Հայկական փոքրիկ այս գյուղն ունի քիչ թվով բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում են ցիտրուսեղենի մշակմամբ: